ԱՄՆ Կոնգրեսում հինգշաբթի առավոտյան հրապարակվեց երկու կուսակցությունների բանակցությունների արդյունքում կազմված 1․1 տրիլիոն դոլար պարունակող այս՝ 2024 ֆինանսական տարվա պետբյուջեի նախագիծը:
Օրենսդիրներն այժմ ունեն երկու օրից պակաս ժամանակ՝ կանխելու Միացյալ Նահանգների պետական մարմինների գործունեության մասնակի կասեցումը՝ այսպես կոչված, շաթդաունը:
Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների տունը օրինագծի վերաբերյալ կքվեարկի այս ուրբաթ՝ ժամանակ տալով դեմոկրատական մեծամասնություն ունեցող Սենատին ընդունել վեց օրինագծերից բաղկացած փաթեթը, որը պետք է ծածկի անցած տարվա հոկտեմբերի 1-ից սկսված 2024 ֆինանսական տարվա 1,66 տրիլիոն դոլարանոց պետբյուջեի մոտ երկու երրորդը:
«Այս վերջին վեց օրինագծերը երկկուսակցական, երկպալատ փոխզիջման արդյունք են, որոնք [թույլ կտան] ներդրումներ կատարել ի նպաստ ամերիկացիների, կկառուցեն ավելի ուժեղ տնտեսություն, կօգնեն պահպանել մեր համայնքները և կամրապնդեն մեր ազգային անվտանգությունն ու համաշխարհային առաջնորդությունը»,- ասված է Սենատում երկու գլխավոր բանակցողների՝ դեմոկրատ Փեթի Մյուրեյի ու հանրապետական Սյուզան Քոլինզի համատեղ հայտարարությունում:
Սենատի դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը հույս է հայտնել, որ Կոնգրեսը կկարողանա կանխել կառավարության աշխատանքի կասեցումը։
Այնուամենայնիվ, ամերիկյան կառավարության գործունեության կարճատև կասեցում չի կարելի բացառել, որը վրա կհասնի պետբյուջեի ընդունման համար նախատեսված վերջնաժամկետից՝ ուրբաթ օրվա ավարտից անմիջապես հետո՝ կեսգիշերին, եթե Շումերը չկարողանա համաձայնության գալ Սենատի հանրապետականների հետ՝ օրինագծի ընդունման հարցում:
Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Մայք Ջոնսոնը փաթեթն անվանել է հանրապետականների հաղթանակ, քանզի նախատեսվում է ավելացնել ԱՄՆ պաշտպանությանն ու սահմանների անվտանգությանն ուղղվող ծախսերը և դադարեցնել Գազայի հատվածում՝ պաղեստինցիներին մարդասիրական օգնություն տրամադրող ՄԱԿ-ի գործակալության ֆինանսավորումը:
«Այս օրինագիծը մեր ազգային պաշտպանությունն ամրապնդելու հիմնական պարտավորությունն է»,- ասված է Ջոնսոնի հայտարարությունում:
Իրենց հերթին՝ դեմոկրատները նշում են, որ արգելափակել են հանրապետականների առաջարկած բյուջետային որոշ կրճատումներ, ինչպես նաև գումար են առանձնացրել նախատեսված երեխաների խնամքի, փոքր բիզնեսին աջակցելու և ֆենտանիլի տարածման դեմ պայքարի համար:
Ինչևէ, հինգշաբթի հրապարակված փաթեթի պարունակությունը դեմոկրատների ու հանրապետականների փոխհամաձայնությունն է, որը կայացվել է Ջոնսոնի ու Շումերի միջև և որը նախագահ Ջո Բայդենը խոստացել է ստորագրել։
Հայտնի է, որ Ներկայացուցիչների տանը հանրապետկանների մեծամասնությունը տպավորիչ չէ՝ 219 հանրապետականներ, և 213 դեմոկրոտներ, ու պետբյուջեի նախագիծն անցկացնելու համար՝ Մայք Ջոնսոնը ստիպված կլինի ապավինել նաև դեմոկրատների ձայներին:
Սպասվում է, որ Ներկայացուցիչների տան որոշ հանրապետականներ դեմ կքվեարկեն նախագծին, քանզի պահանջում են ավելի կրճատել պետական ծախսերը:
Երկրի անվտանգության ապահովման ու պաշտպանության համար պատասխանատու նախարարությունների գործունեության ֆինանսավորումից զատ, օրիանագիծը գումնար է հատկացնելու նաև այնպիսի գերատեսչությունների, ինչպիսիք են պետքարտուղարությունը և հարկային ծառայությունը: