Մատչելի հղումներ

Ի՞նչ սպասել Բայդենի տարեկան ելույթից


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Ջո Բայդենը հինգշաբթի հանդես կգա իր ավանդական, տարեկան ելույթով։ Այն կարող է վերաբերել տնտեսությանը, մարդու իրավունքներին, ներգաղթին, նաև՝ Ուկրաինային և Գազային: Ըստ դիտորդների, 81-ամյա նախագահը, անշուշտ, կօգտագործի առիթը՝ ցույց տալու, որ ֆիզիկապես և հոգեպես պատրաստ է նախագահության երկրորդ ժամկետին

Հատկապես նախընտրական տարում ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձը հնարավորություն է Ջո Բայդենի համար շուրջ մեկ ժամ ուշադրության կենտրոնում պահել իր նախընտրական ծրագիրը՝ ամերիկացիներին ներկայացնելով իր մոտեցումները նրանց հետաքրքրող հարցերի՝ տնտեսության, ներգաղթի, մարդու վերարտադրողական իրավունքի, Ուկրաինայի և Իսրայելի վերաբերյալ, նաև ներկայացնելով հնարավոր այլընտրանքային զարգացումները նախագահական ընտրություններում իր պարտության դեպքում:

«Ամերիկյան հանրությունը շարունակում է մտահոգված լինել Բայդենի տարիքով, և դա, կարծում եմ, հիմնական մարտահրավերն է, որը նա պետք է հաղթահարի իր վերընտրման համար պայքարում»,- ասում է «Ipsos»-ի փոխնախագահ Քրիս Ջեքսոնը:

Սպիտակ տունը փոխանցել է «Ամերիկայի ձայնին», թե ԱՄՆ նախագահը կենտրոնանալու է մի շարք հարցերի ուղղությամբ:

«Նա ծրագրում է օգտագործել ամերիկյան ժողովրդի, Կոնգրեսի և, անկեղծ ասած, աշխարհի հետ խոսելու հնարավորությունը և [խոսել] այն ամենի մասին, որը նա իրագործել է [նախորդած] երեքուկես տարիների ընթացքում՝ որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ սկսած տնտեսությունից մինչև կրթություն, առողջապահություն, զբաղվածության ոլորտ։ Իսկ միջազգային ասպարեզում նրա ակտիվությունը միտված է վերականգնել ամերիկյան առաջնորդությունն աշխարհում»,- ասում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:

Դիտորդները կարևորում են նաև, թե Բայդենի ուղերձի ընթացքում դահլիճն ինչպես կարձագանքի:

«Նրա նախին ելույթների դիտարկումը ցույց է տալիս, որ հանրապետականները հաճախ կոպիտ են արձագանքում նրան՝ իր ելույթի ժամանակ»,- նշում է Տեխասի համալսարանի պատմաբան Ջերեմի Սուրին:

Արտաքին քաղաքականության գծով վերլուծաբաններն ակնկալում են, որ Բայդենը հատուկ կանգ կառնի Գազայի հակամարտության վրա։ Նշվում է, որ ելույթին հրավիրված են «Համասի» կողմից պատանդառված ամերիկացիների հարազատները։

«Նախորդ ուղերձը մի փոքր ավելի ուղղված էր դեպի ներքին խնդիրներ: Իհարկե, արտաքին քաղաքականության մեջ առկա է ներքին բաղադրիչը՝ հատկապես Մերձավոր Արևելքի հակամարտության հետ կապված, բայց [ներքին հարցերը], անկասկած, կլինեն նախագահ Բայդենի ուշադրության կենտրոնում, քանի որ այն մտահոգում է մարդկանց»,- կարծիք է հայտնում Վուդրո Վիլսոնի կենտրոնի Մերձավոր Արևելքի ծրագրի ղեկավար Մերիսա Խուրմանը:

Սոցհարցումների համաձայն, ընտրողները սպասում են նաև նախկին նախագահ Դոնալդ Թրամփի խոսքին:

«Բայդենի գլխավոր նպատակն է ցույց տալ, որ ընտրություններում կարող է հաղթել Թրամփին։ Այն, իրոք, հիմնական խնդիրն է, որին նա պետք է անդրադառնա, նույնիսկ ավելին, քան որևէ այլ խնդրի՝ աշխատանքի, տնտեսության, ներգաղթի կամ այլ հարցի վերաբերյալ»,- ասում է Քրիս Ջեքսոնը:

Ինչևէ, հինգշաբթի երեկոյան Բայդենը հնարավորություն ունի ի ցույց դնել այդ ամենը։

XS
SM
MD
LG