Մատչելի հղումներ

Յուլիա Նավալնայան և Ելենա Զելենսկայան մերժել են ԱՄՆ Կոնգրեսում Բայդենի ելույթին ներկա գտնվելու հրավերը․ լրատվամիջոցներ


Ջո Բայդեն
Ջո Բայդեն

Յուլիա Նավալնայան և Ելենա Զելենսկայան մերժել են ԱՄՆ Կոնգրեսում Բայդենի ելույթին ներկա գտնվելու հրավերը․ լրատվամիջոցներ

Հինգշաբթի Վաշինգտոնում՝ ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների առջև նախագահ Ջո Բայդենը հանդես կգա իր ավանդական, տարեկան ելույթով։

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի այրին՝ Յուլիան, և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, մերժել են Սպիտակ տան հրավերը՝ ներկա գտնվել ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք նախագահ Ջո Բայդենի ելույթին։ Այս մասին հայտնում են «The Washington Post» և «Українська правда» պարբերականները։

Սպասվում է, որ մարտի 7-ին Վաշինգտոնում Բայդենը հանդես կգա իր ամենամյա ելույթով: Նավալնայան և Զելենսկայան, ինչպես գրում է «The Washington Post»-ը, պետք է լինեին ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի հյուրերը, և ըստ ծրագրվածի, նրանց ներկայությունը պետք է խորհրդանշեր պայքարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ։

Ամերիկյան պարբերականի փոխանցմամբ, Նավալնայային ուղղված հրավերը բացասական արձագանք է առաջացրել Կիևում՝ ուկրաինական հասարակությունում Ալեքսեյ Նավալնու նկատմամբ առկա ոչ միանշանակ վերաբերմունքի պատճառով։ Ուկրաինայի նախագահի գրասենյակից «Українська правда»-ին հայտնել են, որ Բայդենի ելույթին ներկա գտնվելու համար Զելենսկայայի աշխատանքային օրակագում տեղ չի գտնվել։

«The Washington Post»-ի ներկայացմամբ, Զելենսկայայի մերժման հիմքում կարող է այլ պատճառ լինել՝ Կիևի ցանկությունը ամերիկյան ներքաղաքական պայքարում չասոցացվել դեմոկրատ Ջո Բայդենի հետ, քանի որ նախորդ շրջանում Ուկրաինան ակտիվ լոբբինգային աշխատանք է տարել ԱՄՆ Հանրապետական կուսակցության պատգամավորների շրջանում՝ Կիևի համար նախատեսված 60 միլիարդ դոլարի օգնության փաթեթը հաստատելու համար։

Նավալնայան նույնպես հրաժարվել է այցից։ Նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը որոշումը բացատրել է նրանով, որ Յուլիան հանգստի կարիք ունի՝ ամուսնու մահից և հաջորդած ուղևորություններից հետո։

XS
SM
MD
LG