Ուկրաինացի մասնագետներին ամիսների աշխատանք է սպասում՝ ռուսական բանակի՝ մարտի 22-ին հասցված մեծաքանակ հարվածներից հետո երկրի էներգետիկ համակարգը կարգի բերելու համար։
Կիևի ներկայացմամբ միայն այդ օրը ուկրաինական քաղաքացիական նշանակության ենթկառուցվածքների ուղղությամբ ռուսները արձակել են 151 հրթիռ և անօդաչու:
«Ukrenergo» ընկերության գլխավոր տնօրեն Վոլոդիմիր Կուդրիցկին ասում է․ «Ռուսաստանը հարվածել է մոտ տասը մարզի՝ վնասելով էներգետիկ համակարգի տասնյակ օբյեկտներ՝ էլեկտրակայաններ, ենթակայաններ։ Պատերազմի սկզբից ի վեր այն ամենածավալուն հարձակուն էր [Ուկրաինայի էներգետիկ համակարգի դեմ]»։
Ուկրաինացի պաշտոնյաների ներկայացմամբ, ամենից ծանր վիճակը երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում է՝ առաջնագծին մոտ Խարկովում, ուր էլեկտրաէներգիայի երկարատև անջատումներ են:
«Հարձակումից անմիջապես հետո էլեկտրաէներգիան անջատվեց և 24 ժամ անց նոր միացավ: Հետո նորից անջատեցին։ Սակայն խնդիրը դա չէ․ մարդիկ են մահանում հարձակումների պատճառով: Ենթակառուցվածքները կարելի է վերականգնել»,- ասում է Խարկովի բնակիչ Յուրի Պանֆերովը:
Ենթակառուցվածքների վերակառուցումը, ըստ մասնագետների, երկար ու բարդ է լինելու: Ուկրաինայի ամենամեծ հիդրոէլեկտրակայանը դադարել է գործել, քանի որ ռուսական առնվազն յոթ հրթիռներ խոցել են այն՝ մարտի 22-ի հարձակման ժամանակ:
«Տարիներ կպահանջվեն օբյեկտի կայաններից մեկի վերականգնման համար։ Փլուզվել են առաստաղն ու պատերը։ Վնասված մետաղական և բետոնե կոնստրուկցիաները թույլ չեն տալիս մուտք գործել ստորին հարկում գտնվող շարժիչների սենյակ: Էլեկտրական սարքերը 90%-ով ոչնչացված են»,- ասում է «Ukrhydroenergo»-ի գլխավոր տնօրեն Իհոր Սիրոտան:
Ռուսական վերջին գրոհների հետևանքով «Ukrhydroenergo»-ի վնասը գնահատվում է ավելի քան 108 միլիոն դոլար։ Գործադիր տնօրենի խոսքով, իրավիճակը կարող էր ավելի վատ լինել, եթե նախապես չամրապնդեին էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությունը:
«Ունենք պաշտպանության առնվազն երկու մակարդակ։ Առաջինը` ավազի պարկերից պատրաստված պատնեշներն են: Երկրորդ մակարդակը՝ հատուկ ապաստարաններն են, որոնք պաշտպանում են անօդաչուների ուղղակի հարվածներից»,- նշում է Վոլոդիմիր Կուդրիցկին:
Սակայն նման պաշտպանությունը բավարար չէ: Կուդրիցկին և ուկրաինացի ռազմական վերլուծաբաններ ասում են, որ ՀՕՊ լրացուցիչ համակարգեր են պետք:
«Պետք է պաշտպանենք առնվազն ամենամեծ քաղաքները: Յուրաքանչյուրի համար պետք է ՀՕՊ երկու համակարգ»,- ասում է ռազմական վերլուծաբան Օլեքսանդր Մուսիենկոն:
Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները կրկնում են՝ խիստ անհրաժեշտություն է ընդլայնել Կիևին ցուցաբերվող արևմտյան ռազմական օգնությունը, հատկապես՝ ՀՕՊ համակարգերի տրամադրումը:
«Ռուսական ահաբեկչությունը հնարավոր է դառնում, քանի որ չունենք ժամանակակից հակաօդային պաշտպանության բավականաչափ համակարգեր, քանի որ մեր գործընկերները չունեն դրանք տրամադրելու քաղաքական կամք: Նրանք բոլորն էլ գիտեն, թե ինչ է հարկավոր»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Ուկրաինացիների կարծիքով, Արևմուտքից ցուցաբերվող աջակցության ծավալները նվազել են:
Ուկրաինայի համար նախատեսված և մոտ 60 միլիարդ դոլար պարունակող օգնության փաթեթն, ինչպես հայտնի է, ընդունվել է ԱՄՆ Սենատում՝ դեռ փետրվարին, սակայն փաստաթղթի վավերացումը առաջ չի գնում ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում՝ Ներկայացուցիչների տանը:
Փաթեթի ապագան անորոշ է, իսկ ԱՄՆ հանրային կարծիքի ուսումնասիրությունը վկայում է, որ նախընտևրական այս շրջանում ամերկացիներն ավելի շատ կենտրոնացած են երկրի ներքին հարցերի վրա: