Մատչելի հղումներ

«Հավանայի սինդրոմը», հավանաբար, ռուսական ռազմական հետախուզության գործողությունների հետևանք է․ հրապարակում


ԱՄՆ դեսպանատուն Հավանայում (արխիվային լուսանկար)
ԱՄՆ դեսպանատուն Հավանայում (արխիվային լուսանկար)

Ըստ «The Insider»-ի, «Der Spiegel»-ի և «CBS»-ի «60 Minutes»-ի համատեղ հետաքննության, գործ ունենք ռուսական ձայնային զենքի կիրառման հետ։

«Հավանայի սինդրոմի» պատճառը, որից նախորդ տարիներին զգալիորեն տուժել են ամերիացի դիվանագետները, ռուսական ռազմական հետախուզության՝ ГРУ-ի գործունությունն է՝ ասված է երկուշաբթի հրապարակված հեղինակավոր մի քանի լրատվամիջոցների համատեղ հետաքննությունում:

«Հավանայի սինդրոմի» մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2016 թվականին, երբ Կուբայի մայրաքաղաքում՝ Հավանայում ամերիկացի դիվանագետները հայտնեցին, որ անսովոր սիմպտոններ են նկատել, մասնավորապես՝ բարձր հնչյուններ, որոնք նրանք լսում էին գիշերը: Այս պատմությունները ենթադրությունների տեղիք տվեցին, որ ինչ-որ օտար պետություն, կազմակարպություն ամերիկացի դիվանագետների դեմ կիրառել է հատուկ զենք։

Ավելի ուշ՝ Չինաստանում ու եվրոպական երկրներում աշխատող ամերիկացի դիվանագետները սկսեցին հայտնել այլ ախտանիշների մասին, այդ թվում՝ քթից արյունահոսություն, գլխացավ և տեսողության խնդիրներ:

«The Insider»-ի, «Der Spiegel»-ի և «CBS»-ի «60 Minutes»-ի համատեղ հետաքննությունում նշված է, որ դիվանագետների դեմ, թերևս, օգտագործվել է ռուսական ձայնային զենք:

Մոտ մեկ տարի տևած հետաքննության արդյունքում, «ապացույցներ են ի հայտ եկել, որ առողջության հետ կապված անբացատրելի զարգացումները, որոնք նաև հայտնի են որպես «Հավանայի սինդրոմ» անվամբ, կարող են կապված լինել ГРУ-ի 29155 ստորաբաժանման տնօրինման ներքո գտնվող և էներգիա ուղղորդող զենքի կիրառման հետ»:

Հայտնի է, որ ГРУ-ի 29155 ստորաբաժանումը պատասխանատու է Ռուսաստանի սահմաններից դուրս հատուկ գործողությունների համար: Ստորաբաժանմանը մեղադրում են մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ 2018 թվականին Մեծ Բրիտանիայում Սերգեյ Սկրիպալի թունավորման փորձի համար:

2018 թվականին ԱՄՆ-ն փակեց իր ներգաղթի գրասենյակը Հավանայում՝ Կուբայի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության փոփոխության պատճառով և ի պատասխան այն մտավախությունների, որ «Հավանայի սինդրոմը» միկրոալիքային կամ այլ էլեկտրոնային հարձակման հետևանք է։

2022 թվականին ԱՄՆ հետախուզությունը հայտարարեց, թե «Հավանայի սինդրոմի» որոշ դեպքերի պատճառը կարող է լինել «արտաքին աղբյուրից ինտենսիվ կերպով ուղղորդված էներգիան»։

Պարբերականների հետաքննության համաձայն, «Հավանայի սինդրոմի» առաջին դրսևորումները, թերևս, ի հայտ են եկել նախ Գերմանիայում՝ Կուբայի մայրաքաղաքում 2016 թվականին գրանցված դեպքերից մոտ երկու տարի առաջ։

«The New Yorker» պարբերականը 2021 թվականի հուլիսին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից պաշտոնը ստանձնելուց ի վեր՝ Ավստրիայում գործող մոտ երկու տասնյակ ամերիկացի պաշտոնյաներ՝ հետախուզության ներկայացուցիչներ, դիվանագետներ և այլ պաշտոնյաներ հայտնել են «Հավանայի սինդրոմի» նման խնդիրների մասին։

ԱՄՆ իշխանությունները մանրակրկիտ հետազոտության էին ենթարկել տուժածներին։

XS
SM
MD
LG