Երկու տասնյակ ամերիկացի օրենսդիրներ Կոնգրեսում հանդես են եկել Հայոց ցեղասպանության 109-րդ տարիլիցի միջոցառմանը

Միացյալ Նահանգների Կոնգրես

Միացյալ Նահանգների Կոնգրեսում ապրիլի 17-ին կայացավ Հայոց ցեղասպանության տարիլիցին նվիրված միջոցառում, որի առանցքում էր նաև Լեռնային Ղարաբաղի ու տեղահանված հայության շուրջ ստեղծված իրավիճակը: Ավելի քան երկու տասնյակ ամերիկացի օրենսդիրներ, միջոցառման այլ մասնակիցներ ու ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ իրենց խոսքն ուղղեցին ներկաներին:

Առանցքային թեմաներից էին Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայության իրավունքները, ներառյալ՝ ԼՂ հայության անվտանգ և աժանապատիվ վերադարձի իրավունքը, տեղահանված հայերին մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումն ու ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների խորացումը, մասնավորապես՝ ռազմական ոլորտում:

Ելույթ ունեցած ԱՄՆ կոնգրեսականներ ներկայացնում էին ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունները: Սենատոր Հարի Փիթերսը, ով անցած սեպտեմբերին այցելել էր Հայաստան, Լեռնային Ղարաբաղի հայության տեղահանումը բնութագրեց Ադրբեջանի կողմից իրականացրած «էթնիկ զտոմ»։ Նրա խոսքով, համաշխարհային հանրությունը բավարար ուշադրություն չդարձրեց խնդրին: Փիթերսը, ով առաջնորդող դերակատարություն է ունեցել «Հայաստանի պաշտպանության ակտ» (S.3000) օրենսդրական նախաձեռնությունն ԱՄՆ Սենատում ընդունելու գործում, կոչ արեց հասնել օրինագծի վավերացմանը ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատում՝ Ներկայացուցիչների տանը:

Սենատոր Ռոբերտ Մենենդեսը ևս Լեռնային Ղարաբաղի հայության տեղահանումը որակեց «էթնիկ զտում»՝ շեշտելով 907 բանաձևի իրագործման կարևորությունը՝ Ադրբեջանին սպառազինության մատակարարման արգելքը պահպանելու համար:

Սենատոր Էդ Մարքին էլ իր խոսքում կոչ արեց պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ Հայաստանի նկատմամբ հայտնի պահվածքի համար․ «Ժամանակն է հասկացնել Ադրբեջանի կառավարությանը, որ այն պետք է դադարեցնի բոլոր [տեսակի] ռազմական գործողությունները [Հայաստանի դեմ] և վերադառնա խաղաղության»:

Միջոցառմանը ելույթ ունեցած ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գաս Բիլիրաքիսը, Ադամ Շիֆը ընդգծեցին Հայաստանին ամերիկյան օգնության, այդ թվում՝ ռազմական բնույթի օժանդակության տրամադրման կարևորությունը:

«[Նախագահ Բայդենի] վարչակազմի կողմից միայն խիստ հայտարարություններ անելու ժամանակը վաղուց անցել է։ Դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ։ Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չեն կարող անտեսվել և չեն կարող անպատասխան մնալ»,- հայտարարել է Ադամ Շիֆը:

Իր հերթին, կոնգրեսական Փալոնը կոչ է արել ԱՄՆ կառավարությանը ռազմական օգնություն տրամադել Հայաստանին և ավելացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից տեղահանված հայերին, իսկ կոնգրեսական Բիլիրաքիսը դատապարտել է Թուրքիայի գործողոթյունները տարածաշրջանում:

Ամերիկացի այլ կոնգրեսականներ, որոնց թվում էին Աննա Էշուն, Դինա Թիթուսը, Ջուդի Չուն, Թոմ ՄըքՔլինթոքը, Քրիս Սմիթը, Բրեդ Շերմանը, Սանֆորդ Բիշոփը, Սեթ Մուլթոնը, Ջիմ Կոստան, Ջամաալ Բոամանը, Գեբի Ամոն, Յանգ Քիմը, Ջենիս Սչաովսկին, Թոմ Սուոզին, ևս մասնակցեցին Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը:

Կոնգրեսական Դինա Թիթուսը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հայությանն ուղղված Կոնգրեսի ջանքերին, ընդգծեց Բաքվին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը՝ տեղեկացնելով, որ հաջորդ շաբաթ հանդես է գալու «Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին ակտ» օրենսդրական նախաձեռնությամբ․ «Այն նախատեսում է տարբեր պատժամիջոցների սահմանում ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ուղղորդել կամ իրականացրել են Արցախի էթնիկ զտումները։ Ժամանակն է, որպեսզի ստիպենք նրանց վճարել նման գործողությունների համար»:

Իր հերթին՝ կոնգրեսական Բրեդ Շերմանն ընդգծել է ԼՂ-ից տեղահանված հայերին տրամադրվող օգնության ընդլայնման և Ադրբեջանին հատկացվող աջակցության կրճատման կարևորությունը. «Իրական արդարությունն այն է, երբ այդ մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց պապենական օջախները Արցախում, ուր ապրել են հազար ու ավելի տարիներ։ Բայց քանի դեռ դա տեղի չի ունեցել, Հայաստանին անհրաժեշտ է այն օգնությունը, որը մեզ խոստացել է [Բայդենի] վարչակազմը։ Եթե այս օրինագիծն ներկայացվի, կարծում եմ՝ կանցնի»:

Կոնգրեսական Թոմ ՄըքՔլինթոքն էլ կոչ է արել Թուրքիային վերջ տալ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը․ «Հիշում ենք այն ջարդերը, որ տեղի են ունեցել է Հայոց ցեղասպանության ժամանակ, և դրանց դասերը։ Հորդորոմ ենք թուրքական կառավարությանը [ճանաչել ցեղասպանության փաստը]»:

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի միջոցառման պատվավոր հյուր ու հիմնական բանախոս, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Աստրիդ Փանոսյան Բուվեն իր ելույթում ընդգծեց. «Ֆրանսիան առաջին խոշոր երկիրն էր, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը 23 տարի առաջ, և Ֆրանսիան որոշել է չթողել Հայաստանին միայնակ՝ արդիականացնելով հայկական բանակը և մեծացնելով նրա պաշտպանունակությունը»։