ԱՄՆ պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմամբ, երեկ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ շեշտելով՝ դա խաթարում է խաղաղության գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը: «Մենք այն կարծիքին ենք, որ Լաչինի միջանցքում պետք է լինի մարդկանց և առևտրի ազատ ու բաց տեղաշարժ», հավելել է պետքարտուղաության ներկայացուցիչը:
«Reuters» գործակալության հաղորդմամբ նախօրեին այս խնդրին անդրադարձել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
«Մենք խորապես մտահոգված ենք Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշման կապակցությամբ։ Գտնում ենք, որ դա օգուտ չի բերում խաղաղ գործընթացին: Այժմ մենք կենտրոնացած ջանքեր ենք գործադրում, որպեսզի կողմերը խոսեն միմյանց հետ՝ փոխհամաձայնեցված լուծումներ գտնելու համար։ Մենք շարունակելու ենք աջակցել խաղաղ գործընթացին՝ փորձելով այն առաջ տանել»,- հայտնել է դեսպանը։
Դեսպան Քվինը լրագրողների հետ զրուցել է Երևանում՝ Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունից հետո Մեծ Եղեռնի հուշահամալիր այցի ժամանակ: Նա կրկին բացառել է ուժի կիրառմամբ խնդրի կարգավորումը:
«Մենք գտնում ենք, որ ցանկացած բռնության կիրառում կամ որևէ սադրիչ գործողություն օգուտ չի բերում խաղաղ գործընթացին: Մենք դա ասել ենք նախկինում բազմիցս: Մենք կշարունակենք առաջ շարժվելու փորձեր անել՝ խաղաղ գործընթացում առաջընթաց գրանցելու համար», - ավելացրել է Քվինը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը կիրակի օրը Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհին տեղադրել է անցակետ՝ մեղադրելով Հայաստանին ճանապարհը զենքի փոխադրման համար օգտագործելու մեջ: Հայաստանը կտրականապես հերքել է Բաքի մեղադրանքնդրը և հայտարարել, որ Լաչինի միջանցքի Հակարի կամրջի վրա անցակետի տեղադրումը 2020 թվականի հրադադարի համաձայնագրի կոպիտ խախտում է: Երևանը կոչ արեց Ռուսաստանին կատարել համաձայնագրով սահմանված իր պարտավորությունները՝ Լաչինի միջանցքի անվտանգությունը ապահովելու ատռումով։ Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագրով այս միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։
ՌԴ ԱԳՆ-ը ի պատասխան այս զարգացումների լուրջ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում, հայ-ադրբեջանական շփման գծում , ինչպես նաև պաշտոնական Բաքվի և Երևանի միջև երկխոսության հարցում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս համատեքստում Մոսկվան ընդգծել է ցանկացած միակողմանի քայլի անընդունելիությունը, որը խախտում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերյան հայտարարության հիմնարար դրույթները, լինի դա Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամակարգված փոփոխություն, թե խաղաղության օրակարգին չհամապատասխանող նպատակներով այն օգտագործում։
Իսկ այդ ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կրկին հանդես եկավ Հայոց Ցեղասպանությունը ճանաչող ուղերձով: Այն, սակայն, քննադատության ենթարկվեց Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի կողմից, քանի որ իր ուղերձում նախագահ Բայդենը, խոսելով Հայոց Ցեղասպանության մասին, որևէ հղում չի արել Լաչինի միջանցքում Ադրբեջանի գործողություններին: Հայ Դատի հանձնախումբը դրանք որակել է «շարունակական ցեղասպանություն իրենց բնիկ տարածքում՝ Արցախում ապրող հայերի դեմ»:
«Նախագահ Բայդենն իր ապրիլքսանչորսյան հայտարարության մեջ պետք է նշեր Արցախի շրջափակման, Ադրբեջանի ագրեսիայի մասին, քանի որ դա 1915-ի պարզ շարունակությունն է։ Փաստը, որ նա չի նշում այդ մասին, անհանգստացնող է մեզ համար»,-ասել է Արամ Համբարյանը.
Հայ Դատի հանձնախումբը իր հայտարաության մեջ Լաչինի միջանցքի խնդրի անտեսումը նախագահի ուղերձում որակել է «շատ ավելին, քան բաց թողնված հնարավորություն», որն, ըստ հանձնախմբի, ազդանշան է Բաքվին, որ Վաշինգտոնը չի պատրաստվում ստիպել Ադրբեջանին վճարել բարձր գին իր գործողությունների համար և առերեսվել լուրջ հետևանքներին:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ի պատասխան Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավորության մասին լրագրողի հարցին, շեշտել է, որ ԱՄՆ-ը որևէ պատժամիջոց չի սահմանել Ադրբեջանի նկատմամբ, իսկ ինքը չի կարող որևէ մեկնաբանությոն տալ, թե ինչ է կարող անել Վաշինգտոնն ապագայում։
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության նյութի հիման վրա