Տեղեկությունը հրապարակվել է ԵՄ դիտորդական առաքելության՝ X սոցցանցի պաշտոնական էջում։
Պատվիրակությանն ընդունել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը։ Ըստ գրառման Ռիթերը ասել է. «Մենք նպատակ ունենք նվազեցնելու լարվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հատվածներում»:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ Նախօրեին ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել ամերիկյան կոնգրեսական պատվրակության այցի մասին, ուր մասնավորապես նշել է.
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է սենատոր Գերի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան նահանգ) գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը Հայաստանում։ Ս․թ․ սեպտեմբերի 22-25-ը Հայաստան կատարած այցի ընթացքում սենատոր Փիթերսը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և այլ շահագրգիռ անձանց հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունների ազդեցությունը։ Սենատոր Փիթերսը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում։ Նա նաև կմեկնի Սյունիք՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և քննարկելու անվտանգային ու հումանիտար մարտահրավերները։»