Մատչելի հղումներ

Ամերիկացի սենատորները Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծ են ներկայացրել


ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Ռոբերտ Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Ռոբերտ Մենենդես

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մենենդեսի գլխավորությամբ երկկուսակցական օրինագիծ է ներկայացվել Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու ու «Ադրբեջանի ագրեսիայի դեմ հայերին աջակցելու համար»

Սեպտեմբերի 21-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, սենատորներ Բիլ Քեսսիդիի, Քրիս Վան Հոլենի, Ալեքս Փադիլայի, Շելդոն Ուայթհաուսի և Գարի Փիթերսի հետ միասին ներկայացրել է երկկուսակցական «Ի աջակցություն հայերին ադրբեջանական ագրեսիայի դեմ» (Supporting Armenians Against Azerbaijani Aggression Act) վերնագրով օրինագիծ։ Օրենսդրական այս նախաձեռնության վերաբերյալ հաղորդագրությունը նշում է, որ օրնագիծն առաջ է քաշվել «ի պատասխան Ադրբեջանի կառավարության գործողությունների: Այն նախատեսում է մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հայությանը, կանխել անվտանգության օգնության տրամադրումը Ադրբեջանի կառավարությանը, ինչպես նաև կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայերի նկատմամբ կատարված ենթադրյալ վայրագությունների համար։

Մասնավորապես, օրինագիծն առաջարկում է հետ կանչել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևի չեղարկման լիազորությունը, որը սահմանափակում է Ադրբեջանի կառավարությանը օգնություն ցուցաբերելու հնարավորությունը: Օրենքի նախագիծը նաև թույլատրում է արտաքին ռազմական ֆինանսավորման տրամադրել Հայաստանին, նախատեսում է մշակել ռազմավարություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել «Ալիևի ռեժիմի դեմ հայերի նկատմամբ նրա գործողությունների համար»:

«Նախագահ Ալիևը բազմիցս ցույց է տվել, որ ոչ մի բանի առջև կանգ չի առնելու Լեռնային Ղարաբաղից հայությանն արմատախիլ անելու և իր հարևաններին սպառնալու ճանապարհին», - ասել է սենատոր Մենենդեսը: «Այս հրատապ երկկուսակցական օրենսդրական նախաձեռնությունը ամրապնդում է մեր հավաքական աջակցությունը հայերին և հստակ ուղերձ է հղում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որ Միացյալ Նահանգները ձեռքերը ծալած չի նստի, այն ժամանակ, երբ Ալիևի ռեժիմը իրականացնում է սովի և ռազմական գործողությունների իր դաժան արշավները»:

XS
SM
MD
LG