ԱՄՆ պետքարտուղարության փոխանցմամբ՝ այսօր սեպտեմբերի 21-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության օրվա առիթով, ուր ԱՄՆ-ի անունից իր բարեմաղթանքներն է փոխանցել Հայաստանի ժողովրդին։ Պետքարտուղար Բլինքենի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանն ընտրեց ազատության ու ինքնիշխանության ճանապարհը, երբ 1991 թվականին հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։ Այդ ժամանակվանից ի վեր մենք ականատեսն ենք ձեր հանձնառությանը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսության և արդարության զարգացմանն ու ամրապնդմանը՝ հանուն բոլոր հայերի։ Այս արժեքներն արտացոլում են մեր սեփական արժեքները, և մենք հպարտ ենք այս ոլորտներում համագործակցել Հայաստանի հետ։ Մենք շարունակելու ենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանն ու անվտանգությանը։ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, և շարունակում ենք հանձնառու լինել՝ ապահովելու տևական ու արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, որտեղ հարգված են բոլորի իրավունքները»,- ասված է Բլինքենի ուղերձում։
ԱՄՆ-ը պետքարտուղարը պատրաստակամություն է հայտնել շարունակել աշխատել երկկողմ հարաբերությունների ու տնտեսական կապերի զարգացման ուղղությամբ՝ հայ ժողովրդին մաղթելով բարգավաճ և խաղաղ տարի։