Մատչելի հղումներ

 
Ադրբեջանի ռազմական գործողությունները հակասում են երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ջանքերին. Բլինքեն

Ադրբեջանի ռազմական գործողությունները հակասում են երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ջանքերին. Բլինքեն


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում հանդիպել է լրագրողների հետ, ուր մի շարք հարցերի հետ մեկտեղ պատասխանել է Լեռնային Ղարաբաղի շուրջ թուրքական Anadolu գործակալության հարցին:

Վերջինիս լրագրողը հետաքրքվեց, թե «արդյոք ԱՄՆ-ը ճանաչում և աջակցում է Ադրբեջանի իրավունքը՝ վերականգնելու սեփական տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ղարաբաղում»:

Ի պատասխան պետքարտուղարն ասել է.

«Այս շաբաթ հնարավորություն ունեցա խոսելու երկու առաջնորդների՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, և երկուսին էլ փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այս անցնող շաբաթվա գործողությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ։ Որպես Միացյալ Նահանգների ընդհանուր մոտեցում՝ մենք ցանկանում ենք ընդգծել, որ ուժի կիրառումն անընդունելի է և այն հակասում է մեր գործադրած ջանքերին: Բայց ավելի կարևոր է, որ երկու երկրներն էլ ներգրավված են տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղություն հաստատելու գործընթացում: Սա մի բան է, որը բխում է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի շահերից: Դրանում երկուսն էլ ներդրումներ են կատարել, այդ թվում՝ նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը։ Եվ սա մի բան է, որին մենք աջակցել ենք Եվրամիության հետ միասին: Այսպիսով, գործողությունները, որոնք մենք տեսանք այս շաբաթ, ուղղակի հակասում են այդ ջանքերին, ինչպես նաև արդար և երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ջանքերին, որի ուղղությամբ մենք աշխատանքներ ենք տանում: Դա տարածաշրջանի երկու երկրների համար հսկայական օգուտ կբերի և դրական փոփոխություն 30 տարվա հակամարտությունից հետո։

Ես նաև խորապես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար իրավիճակով: Մարդասիրական կազմակերպությունների համար կարիքավոր բնակչությանը անարգել մուտք ունենալու հրամայականը նույնպես մեր մտածողության առաջնահերթություններից է, ուստի մենք սերտ կապի մեջ ենք եղել բոլոր կողմերի հետ: Մենք սերտ կապի մեջ ենք եղել նաև Եվրոպական միության հետ՝ փորձելով գործընթացը վերադարձնել դրական հունի մեջ: Վերջին 24 ժամվա ընթացքում լուրեր եղան Բաքվի ու Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպման մասին: Մենք ցանկանում ենք վերադառնալ դեպի երկխոսություն, դիվանագիտություն ու բանակցություններ:

Ինչ վերաբերում է ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը, ապա մենք պաշտպանում ենք այդ սկզբունքները բոլոր շահագրգիռ կողմերի պարագայում»,- հայտնել է պետքարտուղար Բլինքենը:

Նմանատիպ

XS
SM
MD
LG