Իր խոսքում, Քըրբին վերահաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշումն ու կոչը ուղղված Ադրբեջանին՝ ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ: Նա նաև հույս է հայտնել, որ զինադադարը կպահպանվի ու հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում չի վատթարանա: Քըրբին ընգծել է. «Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի ռազմական գործողություններով և կոչ ենք արել Ադրբեջանին անմիջապես դադարեցնել այդ ռազմական գործողությունները: Կրկին, ես տեսել եմ որոշ տեղեկություններ, որ ռազմական գործողությունները դադարեցվել են կամ շուտով կդադարեցվեն: Եթե այդ ծրագիրը իրականություն դառնա, դա, անշուշտ, դրական քայլ է: Կցանկանայի նաև շեշտել, որ մենք բազմիցս ընդգծել ենք, որ ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է ու հակասում է տարածաշրջանում խաղաղության համար պայմաններ ստեղծելու ջանքերին»:
Քըրբին հայտնել է, որ ՎԱշինգտոնը կշարունակի մեծ ուշադրությամբ հետևել Լեռնային Ղարաբաղի ներսում հումանիտար իրավիճակին, որը նպաստավոր չի ու «սրվել է Ադրբեջանի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում իրականացրած ռազմական գործողությունների արդյունքում»:
«Մենք կապի մեջ ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ իրավիճակի հրատապ դե-էսկալացիայի հասնելու և ուղիղ երկխոսությանը վերադառնալու համար։ Այսպիսով, մենք բարձրաձայնել ենք այս կապակցությամբ և ակտիվորեն ներգրավված ենք բոլոր կողմերի, ինչպես նաև մեր գործընկերների հետ, ու կշարունակենք դա անել»,- նշել է Քըրբին:
Նա նաև ասել է. «Ի պատասխան այն հարցին, թե որքան լավատես ենք, նշեմ, որ ուզում ենք իսկապես լինել լավատես: Ինչպես ասացի, մենք ցանկանում ենք, որ ռազմական գործողությունները դադարեն և կրակի դադարեցումը պահպանվի, քանի որ դրանից տուժում է տեղի խաղաղ բնակչությունը: Ուստի կշարունակենք ուշադրության կենտրոնում պահել այս խնդիրը»,- ասել է նա:
Չպատասխանելով Լեռնային Ղարաբաղի վերջին զարգացումների շուրջ նախագահ Էրդողանի կողմից Բաքվին աջակցություն հայտնելու մասին հարցին՝ նա նկատեց, որ կարող է խոսել միայն նախագահ Բայդենի և գործող վարչակազմի անունից միայն:
«Ուստի ինչպես ասացի, մենք շատ հստակ մեր մտահոգությունն ենք փոխանցել Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ, և ինչպես նշել եմ, կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Դա է մեր դիրքորոշումը»,- ասել է Ջոհն Քըրբին: