Հաղորդագրության մեջ ասված է, որ «Փաուերը սեպտեմբերի 25-ին ժամանել է Երևան՝ վերահաստատելու ԱՄՆ կառավարության գործընկերությունը Հայաստանի ժողովրդի հետ, ընդգծելու Միացյալ Նահանգների հավատարմությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը և տեղեկություն ստանալու Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամից տուժածների մասին: Ադմինիստրատոր Փաուերին ուղեկցում է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Յուրի Քիմը»:
Ըստ հաղորդագրության՝ Սամանթա Փաուերը իր այցը սկսել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությամբ, որտեղ իր հարգանքի տուրքն է մատուցել զոհերի հիշատակին:
«Այնուհետև նա հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու քննարկել Հայաստանի ռեֆորմիստական կառավարության հետ Միացյալ Նահանգների ամուր գործընկերությունը և հայ-ամերիկյան հարաբերությունները խորացնելու ԱՄՆ հանձնառությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: Այն հավելում է, որ ադմինիստրատոր Փաուերը աջակցություն է հայտնել վարչապետ Փաշինյանին` ժողովրդավարական բարեփոխումները առաջ մղելու հարցում, որոնք միտված են Հայաստանի տնտեսական բարգավաճմանը և ճկուն տնտեսության կառուցմանը:
Կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը, և ԱՄՆ-ի աջակցությանն հեռանկարները Լեռնային Ղարաբաղում դեռևս գտնվող էթնիկ հայերին: ԱՄՆ նաև նախատեսում է անդրադառնալ ինչպես Հայաստանում գտնվող հազարավոր տեղահանված էթնիկ հայերի խնդիրներին, այնպես էլ տեղահանման ընթացքում գտնվող անձանց կարիքներին, նշում է գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն՝ այնուհետև Փաուերը մասնակցել է Հայաստանի կառավարության առանցքային նախարարությունների ներկայացուցիչների հետ կլոր սեղանին՝ հայկական կողմի կարիքները Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից հետո գնահատելու և նախարարների հետ երկարաժամկետ համագործակցության հետ կապված հարցեր քննարկելու համար՝ ի աջակցություն Հայաստանի ժողովրդավարությանը և տնտեսությանը:
Ըստ հաղորդագրության՝ օրվա վերջում Սամանթա Փաուերը հանդիպեց միջազգային և ՀԿ-ների հիմնական գործընկերների հետ, որոնք աշխատում են Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը վերացնելու և տեղահանման ճանապարհը բռնած անձանց աճող կարիքները հոգալու ուղղությամբ: