ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը, ուր Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է ԱՄՆ-ի և Բայդենի վարչակազմի «զորեղ աջակցությունը Հայաստանի ձգտմանը՝ դեպի արժանապատիվ և կայուն տարածաշրջանային խաղաղության, որը կպահպանի Ձեր ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը»:
ԱՄՆ նախագահի նամակում, մասնավորապես, նշված է.
«Հարգելի պարոն Վարչապետ,
Ձեզ և Հայաստանի ժողովրդին հղում եմ իմ լավագույն մաղթանքներն Անկախության տոնի առթիվ։ Այս տարի, երբ նշում ենք այս վեհ առիթը, նաև սգում ենք վերջերս Լեռնային Ղարաբաղում տեղ գտած էթնիկ հայերի մահը։ Խնդրել եմ Սամանթա Փաուերին՝ իմ վարկաչազմի կարևորագույն անդամներից մեկին, անձամբ Ձեզ փոխանցել Միացյալ Նահանգների և իմ վարչակազմի զորեղ աջակցությունը՝ Հայաստանի ձգտմանը դեպի արժանապատիվ և կայուն տարածաշրջանային խաղաղություն, որը կպահպանի ձեր ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդավարությունը։
Հայաստանը ցույց է տվել իր հանձնառությունն այդ նպատակին՝ ներգրավվելով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում, ինչպես նաև իրականացնելով կարևոր տնտեսական բարեփոխումներ, բարելավելով կառավարության հաշվետվողականությունը և ամրապնդելով ժողովրդավարական ինստիտուտները: Վստահեցնում եմ ձեզ, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ երկրում ժողովրդավարության ամրապնդման և ձեր հարևանությամբ կայունություն հաստատելու ջանքերում։
Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Ձեր կառավարության հետ` արձագանքելու վերջին բռնությունների հետևանքով ի հայտ եկած մարդասիրական կարիքներին, որոնք տիկին Փաուերը մանրամասն կքննարկի Ձեզ հետ։ Նաև կշարունակենք ամրապնդել մեր համագործակցությունն էներգետիկ դիվերսիֆիկացման, դիմակայունության և անվտանգության հարցերում, ինչպես ցույց են տվել մեր վերջին զորավարժությունները:
Հայաստանի հարուստ պատմությունն ամենուրեք ոգեշնչել է ազգերին և մարդկանց՝ ձգտելու ազատության և արդարության: Իսկ ամերիկահայ համայնքը շարունակում է ուժի աղբյուր մնալ իմ սեփական երկրում: Հույս ունեմ առաջիկա տարում շարունակել էլ ավելի խորացնել և ամրապնդել մեր պետությունների և ժողովուրդների միջև կապերը»։