Մատչելի հղումներ

ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը հանիդպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում է եղել նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը:

«Դուք տեղյակ եք, որ դժբախտաբար այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման գործընթացը շարունակվում է, այն հենց հիմա տեղի է ունենում, և դա շատ ողբերգական փաստ է։ Մենք փորձում էինք միջազգային հանրությանը տեղեկացնել, որ այս էթնիկ զտումը տեղի է ունենալու, բայց, դժբախտաբար, մեզ չհաջողվեց այն կանխել։»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետի մամլո հաղորդագրությունների էջում նշված է, որ Սամանթա Փաուերը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար, ասելով.

«Մենք ժամանել ենք Հայաստան և հուսով եմ կրկին առիթ կունենամ գալու՝ քննարկելու մեր այն քայլերը, որոնք ուղղված են ձեր խորացող ժողովրդավարության ամրապնդմանը, բայց այս այցի ընթացում մենք, իհարկե, կենտրոնացած ենք կոնկրետ ճգնաժամի, Լեռնային Ղարաբաղի մարդկանց մարդասիրական կարիքների, Լեռնային Ղարաբաղից փախուստի դիմած մարդկանց մարդասիրական կարիքների վրա։ Կարծեմ մոտ 5000 մարդ է անցել Հայաստան այսօր, և մենք իսկապես շատ լուրջ ենք վերաբերվում մեր պատասխանատվությանը՝ կենտրոնացնել ռեսուրսները, ինքներս մեզ, որպեսզի աջակցենք տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կեցության վայրեր և այլ աջակցության միջոցներ գտնելու գործում, բայց նաև խթանել, որ այլ երկրները նույնպես անեն նույնը։

Ամերիկայի Միացյալ Նահանգները կշարունակեն աշխատել թե՛ ձեր, թե՛ Ադրբեջանի կառավարության հետ՝ երկրների միջև տևական խաղաղության հասնելու ուղղությամբ, նաև հաշվի առնելով, թե ինչպիսի խորը տնտեսական շահույթ և կայունություն կապահովի այն հայ ժողովրդի համար։ Քայլերը, որ Դուք ձեռնարկել եք իշխանությունների տարանջատման հարցում, կոռուպցիայի դեմ պայքարում, այս ամենը ներդրումներ են Հայաստանի ապագայի մեջ»։

Փաուերը նաև Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից գրված նամակը:

XS
SM
MD
LG