Հայաստանի ղեկավարությունն ինքն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս` թույլ չտալով ռուս խաղաղապահներին պաշտպանել տեղի հայերին, և ընդհանրապես` ռուսական զինվորականներն այնտեղ «դիտորդների» կարգավիճակում են:
Սա հատված է Լատվիայում տեղակայված ռուսալեզու «Meduza» առցանց պարբերականի հրապարակումից, ըստ որի` իրենց տրամադրության ներքո են հայտնվել Պուտինի աշխատակազմի «մեթոդական ցուցումները»` կարգադրությունները, ուղղված ռուսաստանյան լրատվամիջոցներին, թե ինչպես լուսաբանել Լեռնային Ղարաբաղում վերստին բռնկված ռազմական գործողությունները։
Եվ այսպես, Կրեմլի քարոզչամեքենան իր լրագրողներից պահանջում է ռուս զինվորականների անգործության ողջ մեղքը բարդել պաշտոնական Երեւանի վրա:
Ռուսաստանյան լրատվամիջոցներն անմիջապես գործի անցան` ղարաբաղյան հակամարտության լուսաբանումը դարձնելով հիբրիդային պատերազմի հերթական գործիք:
Կրեմլի կարգադրությունները կատարելու գործում հատկապես աչքի է ընկել «Russia Today» լրատվական գործակալության տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը, ով պետական «Россия» հեռուստաալիքի երեկոյան ծրագրում Նիկոլ Փաշինյանի բոլոր ընտրողներին պարզապես «ապուշ» անվանեց։
Սիմոնյանի համոզմամբ, իր հայրենիքը՝ Ռուսաստանը, միայն արժանի է Հայաստանի քաղաքացիների ակնածանքին, ավելին՝ հայերը պետք է խոնարհվեն Ռուսաստանի առջև, իսկ Մոսկվան որևէ պատճառ չունի արդարանալու` ո՛չ Փաշինյանի, ո՛չ էլ նրա ընտրողների առջև. «Ո՞ւմ առջև պետք է արդարանանք։ Նրա անուղեղ ընտրողների՞ առջև։ Արդյո՞ք այդ մարդիկ չգիտեին, երբ գնում էին նրա օգտին քվեարկելու, որ հակառուսական կարգախոսներով իշխանության եկող մարդը դավաճան է: Չգիտեի՞ն, թե՞ չէին ցանկանում գիտենալ: Իսկ չցանկանալ գիտենալը ապուշություն է` ոչ թե բժշկական, այլ՝ ինքնակամ ապուշություն»։
Կրեմլի մեկ այլ քարոզչի` Վլադիմիր Սոլովյովի պնդմամբ, Ռուսաստանի պաշտպանությանը սպասող հայերի ակնկալիքներն ոչ այլ ինչ են, քան Ռուսաստանն Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ներքաշելու փորձ. «Պրահայի որոշումից հետո, որևէ իրավաբանական հիմք չունենք: Փաշինյանն այն ներքին ադրբեջանական խնդիր համարեց, և զուր չէ, որ Ադրբեջանի իշխանությունը հայտարարում է փայլուն իրականացրած հակաահաբեկչական գործողության մասին»։
Հավանաբար, ոգևորվելով իր իսկ խոսքից` Սոլովյովը անգամ սխալ արտաբերեց Հայաստանի վարչապետի անունը` կոչելով Թուրքոլ Փաշինյան:
Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի խոսքով, Ռուսաստանը չէր կարող և չպետք է կանգներ Ադրբեջանի ճանապարհին` Ղարաբաղում. «Նրանք փորձում էին ընդհարում առաջացնել մեր և Ադրբեջանի միջև, որը մեր ռազմավարական գործընկերն է, որը մեզ երբեք չի դավաճանել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարի Ալիեւը մեր առավել վստահելի, կամ Լուկաշենկոյի հետ միասին` երկու առավել վստահելի գործընկերներից է: Ոչ մի անգամ մեզ հուսախաբ չեն արել»։
Ուշագրավ է, որ նույն այդ քննարկման ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից ռուս խաղաղապահների սպանությունը ընդամենը կոչվեց «թյուրիմացություն»։
Փորձելով հետ չմնալ ավագ եղբորից` ռուսաստանյան մյուս լրատվամիջոցները իրենց վարկածներն առաջ քաշում` արդարացնելու Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների անգործությունը։
Կրեմլամետ «Life.Ru»-ի` «Դուդուկն՝ ուկրաինական սալի ուղեկցությամբ» հրապարակումից տեղեկանում ենք, որ Հայաստանի վարչապետի տիկինն Ուկրաինա էր մեկնել` իբր նախապատրաստելու Փաշինյանների ողջ ընտանիքի տեղափոխումն այնտեղ, եթե Հայաստանում իշխանափոխություն տեղի ունենա:
«Իր երկրի շահերը դավաճանած և դրանում Ռուսաստանին մեղադրած Փաշինյանը, հավանաբար, [իր իշխանության] առաջին իսկ օրերից հասկանում էր` իր առաքելությունն երկարատև չի լինելու»,- գրում է «Life.Ru»-ն:
Նույն գծի մեջ է «Известия»-ն. հավատարիմ մնալով Կրեմլի ցուցումներին` օրաթերթը ընդգծում է՝ սեպտեմբերի 19-ի
«իրադարձությունները» պրահյան գործընթացի տրամաբանական շարունակությունն են, որը չեղարկում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը. «Հետեւաբար, անհեթեթ դարձան Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքներ [տրամադրելու] հայկական կողմի պահանջները»։
«Комсомольская правда»-ն պարզապես վստահ է` «Փաշինյանը Ղարաբաղը Բաքվին է տվել որպես զոհաբերություն՝ նոր, արևմտյան ուղով ընթանալու համար»։
Թերթը խորհուրդ է տալիս հայաստանցի ցուցարարներին, որոնք բողոքի են դուրս եկել Երևանում Ռուսաստանի դեսպանատան առջև, տեղափոխվել արևմտյան երկրների դեսպանատների մոտ, քանզի չի կարելի մեղադրել Ռուսաստանին որևէ պատճառով:
Թեմային վերաբերող մեկ այլ հրապարակմամբ թերթը տեղեկացնում է, որ Հայաստանում իբր ձերբակալել են գրեթե բոլոր ռուսամետ ակտիվիստներին, իսկ նրանք, ովքեր դեռ ազատության մեջ են, բողոքի ցույցերի են դուրս գալիս կառավարության շենքի առջև։
««Մենք ռուսական տարածքն ենք, ռուսակա՛ն»,- խոր հոգոց էր հանում նա»,- այսպես է սկսում «Комсомольская правда»-ն իր հարցազրույցը Հայաստանի կառավարության շենքի առջեւ հավաքված ցուցարարներից մեկի հետ: Հաջորդ զրուցակիցը` Էվելինա անունով մի կին, պատմում է, որ նախկինում «Սորոսի հիմնադրամում էր աշխատում` զզվանքով ուսումնասիրելով սատանային ներսից, և, նրա խոսքով, սատանային հետաքրքրում էին միայն սեռական փոքրամասնություններին ուսումնասիրող ու գյուղական վայրերում հակաբեղմնավորիչներ տարածելու նախագծերը»։
Ի տարբերություն Կրեմլի քարոզիչների, արևմտյան լրատվամիջոցները բազմակողմանի ու զուսպ են լուսաբանել Ղարաբաղում շարունակվող մարդասիրական աղետը:
«Ադրբեջանի հաղթանակը մարդասիրական մարտահրավեր դարձավ այստեղ բնակվող տասնյակ հազարավոր հայերի համար»,- գրում է հեղինակավոր «The New York Times»-ը։
Հատկանշական է, որ եթե ռուսաստանյան լրատվամիջոցները հարցազրույցներ են վերցնում Երևանի կենտրոնում բողոքող ցուցարարներից, արևմտյան մամուլը ձայնի իրավունք է տալիս հենց Ղարաբաղում գտնվողներին:
«The New York Times»-ն ու «CNN»-ը ներկայացնելով իրադարձությունների և ռազմական գործողությունների մանրամասները` չեն մոռանում հիշատակել, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է ու տասնամյակներ շարունակ իր պաշտպանությունը կապել է Մոսկվայի հետ: