«Ես Հայաստանում եմ, քանի որ նախագահ Բայդենը ինձ խնդրել է, որ ես գամ Հայաստան: Սա նախապես պլանավորված այցելություն չէր: Այս այցը տեղի ունեցավ, քանի որ նախագահ Բայդենը խնդրեց, որ գամ և իր անունից ուղերձ փոխանցեմ վարչապետին առ այն, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը»,-այսօր ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանում այցով գտնվող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը:
Նա վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը՝ շեշտելով, որ այս սկզբունքներն անխախտելի են:
«Մենք կրկին շատ հստակ նշում ենք, ինչպես դա արվել է նաև ՄԱԿ-ում, որ աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը: Չեմ կարող ասել, թե ինչպիսին կարող են լինել դրա հետ կապված խախտումների հետևանքները, սակայն մենք միասին ցանկանում ենք շեշտել, որ դրանք անխախտելի սկզբունքներ են»,-ասել է Փաուերը:
Իր խոսքում, Փաուերը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը շարունակելու է աշխատել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության հետ ամենաբարձր մակարդակում՝ խաղաղությանը հետամուտ լինելու համար։
Նա տեղեկացրեց, որ ԱՄՆ միջազգային զարգացման գորակալությունը սեպտեմբերի 26-ին կհայտարարի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար լրացուցիչ հումանիտար աջակցություն տրամադրելու մասին, այդ թվում՝ դրամական:
«Մենք ապահովելու ենք առաջին անհրաժեշտության պարագաներ, վերմակներ, հիգիենայի պարագաներ՝ օգնելու մարդկանց, որոնք թողել, հեռացել են իրենց տներից, ԼՂ-ից և այժմ օգնության կարիք ունեն: Մենք պատրաստ ենք սննդամթերք, նաև դրամական աջակցություն, իրավական օգնություն, կացարան ապահովել այն անձանց, որոնք դրա անհրաժեշտությունն ունեն»,-ասաց Փաուերը:
Սամանթա Փաուերը նշել է նաև, որ ԱՄՆ սերտորեն աշխատում է Հայաստանի իշխանությունների հետ, այն համայնքերի հետ, որոնք իրենց դռները բացել են այդ բռնությունից հեռացող մարդկանց առաջ: Նա շեշտեց՝ ԼՂ բնակիչներն արժանի են, որ բռնությանը վերջ տրվի, որ կարողանան ապրել ապահով, կարողանան իրենց հայեցողությամբ ազատ տեղաշարժվել:
Անդրադառնալով դիտարկմանը, որ պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմը հայտարարել էր, որ ԼՂ-ում ուժի կիրառումն անընդունելի է, սակայն Ադրբեջանը դիմել է լայնածավալ ռազմական ագրեսիայի՝ Սամանթա Փաուերն ընդգծում է՝ չնայած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և իր տեղակալ Յուրի Քիմի հայտարարություններին, որ Լեռնային Ղարաբաղում զինված ուժի կիրառումն անընդունելի է՝ այդ ուժը կիրառվել է, և այժմ ԱՄՆ-ը դիտարկում է, թե ինչպես կարող է պատշաճ արձագանքել դրան:
«Նույն բանն ասվել է պետքարտուղար Բլինքենի կողմից: Բայց այդ ուժը կիրառվել է: Եվ մենք դիտարկում ենք, թե ինչը կարող է լինել պատշաճ արձագանք դրան: Ինչպես պետքարտուղարի տեղակալ Յուրի Քիմը նշեց՝ մենք վերանայում ենք մեր անվտանգային աջակցությունը, բայց ես որևէ եզրահանգում չեմ ուզում ներկայացնել այս պահին ԱՄՆ արտաքին քաղաքականության և արձագանքի վերաբերյալ»,-նշել է նա:
ԱՄՆ միջազգային զարգացման գորակալության ղեկավարը պարզաբանեց՝ դիտարկում են վերջին իրադարձություններին արձագանքելու ընդհանուր շրջանակը: «Եվ ամենակարևորը՝ մենք ուզում ենք, որ հրադադարը պահպանվի, որ մարդիկ կարողանան դուրս գալ ԼՂ-ից, եթե դա իրենց ընտրությունն է, և իրենց իրավունքները, արժանապատվությունն ապահովված լինեն»,-ասաց Փաուրեը:
Նա չմանրամասնեց, թե ԱՄՆ-ն ինչ գործիքակազմ կարող է կիրառել այս պարագայում՝ վստահեցնելով, սակայն, որ իրենց տրամադրության տակ առկա է բավականաչափ մեծ գործիքակազմ: «Վաշինգտոնում շատ բարձր մակարդակում քննարկումներ են ընթանում, թե որոնք կլինեն համարժեք գործողությունները»,-ասել է նա ասուլիսի ընթացքում: