Վաշինգտոնը լրացուցիչ ռազմական օգնություն է տրամադրում Կիևին

Ուկրաինացի զինվորականները պատրաստվում են հաուբիցից կրակել ռուսական դիրքերի ուղղությամբ

Այս տարվա օգնության վերջնական փաթեթը ներառում է մինչև 250 միլիոն դոլար արժողությամբ սպառազինություն և տեխնիկա: Ըստ ամերիկյան Politico պարբերականի՝ ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է երկրի արևելքում վերջինիս զինված ուժերի անցումն ավելի խորը պաշտպանության 

Միացյալ Նահանգները հայտարարեց Ուկրաինային ռազմական օգնության նոր՝ այս տարվա վերջին փաթեթի տրամադրման մասին։

«Մեր օգնությունը չափազանց կարևոր է մեր ուկրաինացի գործընկերներին աջակցելու համար, երբ նրանք պաշտպանում են իրենց երկիրը և ազատությունը ռուսական ագրեսիայից», - չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Փաթեթը ներառում է մինչև 250 մլն դոլար արժողությամբ զենք և զինտեխնիկա։

Խոսքը, մասնավորապես, ՀՕՊ համակարգերի զինամթերքի և այլ բաղադրիչների, բարձր շարժունակությամբ հրետանային հրթիռային համակարգերի համար լրացուցիչ զինամթերքի, 155 մմ և 105 մմ հրետանային արկերի, հակատանկային միջոցների, ինչպես նաև ավելի քան 15 միլիոն փամփուշտների մասին է։

Կոալիցիան, որը ներառում է ավելի քան 50 երկիր, շարունակում է կենսական աջակցություն ցուցաբերել ուկրաինական զորքերին։

«Չափազանց կարևոր է, որ Կոնգրեսը գործի արագ և որքան հնարավոր է շուտ՝ պաշտպանելու մեր ազգային անվտանգության շահերը և օգնի Ուկրաինային պաշտպանել իրեն և ապահովել իր ապագան», - ասվում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հինգշաբթի օրը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Կիևին 250 միլիոն դոլարի ռազմական օգնության ևս մեկ փաթեթ տրամադրելու համար։

«Այս տարվա ընթացքում ԱՄՆ-ը տրամադրել է 34 ռազմական օգնության փաթեթներ՝ ավելի քան 24 միլիարդ դոլարի... Մենք միշտ երախտապարտ կլինենք այս աջակցության համար», - ասել է Զելենսկին հինգշաբթի X հարթակում կատարած իր գրառման մեջ։

Բացի այդ, ըստ Politico-ի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Ուկրաինայի հետ քննարկում է Ուկրաինայի զինված ուժերի անցումը երկրի արևելքում ավելի խորը պաշտպանությանը։

Այս մասին գրել է Politico-ն՝ հղում անելով մի քանի անանուն ամերիկացի ու եվրոպացի պաշտոնյաների։

Ըստ հրապարակման՝ այս փոփոխություններն ուղղված են Կիևի դիրքերի ամրապնդմանը և Մոսկվայի հետ բանակցությունների դեպքում «ուժեղ ձեռքի» ձևավորմանը։

Ինչպես նշում է Politico-ն, Սպիտակ տան հռետորաբանության մեջ պաշտոնական փոփոխություն չի եղել, սակայն ԱՄՆ-ն այժմ Ուկրաինայի իշխանությունների հետ քննարկում է ավելի խորը պաշտպանական դիրքեր գրավելու տարբերակը, որը ներառում է հակաօդային պաշտպանության ուժեղացում և պատնեշներ առաջնագծում, ինչպես նաև Բելառուսի հետ Ուկրաինայի սահմանի երկայնքով հակատանկային արգելապատնեշների և խրամատների տեղակայում: