Մատչելի հղումներ

Ուկրաինային ցուցաբերվող ամերիկյան օգնությունը վտանգի տակ է, քանզի առջևում դարձյալ անորոշություն է ԱՄՆ կառավարության ֆինանսավորման հարցում 


Ուկրաինա
Ուկրաինա

Սպիտակ տան ներկայացուցիչները չորեքշաբթի զգուշացրել են ամերիկացի օրենսդիրներին, որ Ուկրաինայի համար նախատեսված 61,4 միլիարդ դոլարի նոր աջակցության փաթեթի մերժումը կարող է ընդամենը մեկ շաբաթում ուկրաինական ռազմաճակատում այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ռուսական ուժերը ի վիճակի լինեն ճեղքել այն:

Թեև Ուկրաինայի համար նախատեսված ԱՄՆ օժանդակությունը մոտ է սպառման, ամերիկացի օրենսդիրը ամենևին էլ հակված չեն ընդառաջ գնալ նախագահ Ջո Բայդենի առաջարկին՝ լրացուցիչ 106 միլիարդ դոլար հատկացնել ԱՄՆ ազգային անվտանգության կարիքների բավարարմանը, որոնց մեջ առանցքայինը Կիևին հատկացվող օգնությունն է։

«[Կիևին ցուցաբերվող աջակցությունը] չի վերաբերում միայն Ուկրաինային, և նսեմացնելով Ռուսաստանի ռազմական հնարավորությունները՝ մենք սահմանափակում ենք նաև նրանց հնարավորությունները, ում հետ Ռուսաստանը աշխատում է՝ Իրանը, «Համասը» և «Հեզբոլլահը»»,- ասում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը:

Օրենսդիրների միջև բանակցությունները կենտրոնացել են Ուկրաինային ու Իսրայելին տրամադրվող օգնության, ինչպես նաև ԱՄՆ սահմանների անվտանգության ապահովման ֆինանսավորման շուրջ, և կարող են տևել մինչև այս նոյեմբերի 17-ը, երբ կավարտվի ԱՄՆ կառավարության ժամանակավոր ֆինանսավորման վեցշաբաթյա ժամկետը: Դեմոկրատներն ու որոշ հանրապետականներ պնդում են, որ բոլոր այդ հարցերի շուրջ որոշումները պետք է ընդունվեն միաժամանակ:

«Պետք է շարունակենք ներդրումները Ամերիկայի ռազմա-արդյունաբերական համալիրի ընդլայնման ուղղությամբ՝ նորերով փոխարինելու այն կարողությունները, որ Ուկրաինան օգտագործում է, և ավելացնելու [այն սպառազինության արտադրությունը], որի կարիքն ունեն Իսրայելը, Թայվանը ու Հնդկական-Խաղաղօվկիանոսյան [տարածաշրջանի] մեր դաշնակիցներն ու գործընկերները»,- ասում է Սենատի փոքրամասնության ղեկավար, հանրապետական Միչ ՄըքՔոնելը:

Սակայն Կոնգրեսի որոշ հանրապետականներ մտահոգված են՝ ԱՄՆ-ն դրամ է ծախսում այն փակուղային իրավիճակի համար, որն առաջացել է ռուս-ուկրիանական պատեևազմում, մինչդեռ այդ գումարը կարող էր ծախսվել երկրի ներսում։

«Մենք այդ փողը պարտք ենք վերցնում, և այն որևէ արդյունք չի տալիս: Այն վերցնում ենք մի տեղից, ուր այն կարող էր արդյունավետ կերպով ծախսվել, մինչդեռ ուղղում ենք պատերազմին»,- նշում է հանրապետական սենատոր Ռենդ Փոլը:

Բայդենի վարչակազմը չորեքշաբթի նախազգուշացրեց օրենսդիրներին՝ Կրեմլի դեմ Ուկրիանայի պայքարը չֆինանսավորելը շատ արագ կարող է բացասական հետևանքների հանգեցնել։

Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը հիշեցնում է Պուտինի խոսքերը․ «Եթե մենք՝ [ամերիկացիները] հեռանանք, Ուկրաինան մեկ շաբաթից կպարտվի»։

Այս ամենին գումարվում է լրացուցիչ գործոնը՝ մոտեցող ցուրտ ձմեռը, և Կիևին ցուցաբերվող աջակցության համար պատասխանատու ամերիկացի պաշտոնյաները զգուշացնում են՝ այլևս չկան մնացորդային միջոցներ՝ Ուկրաինայի կարիքները հոգալու համար։

«Եթե Կոնգրեսը չհաստատի լրացուցիչ ֆինանսավորումը, Ուկրաինայում մեր գործընկեր-կազմակերպությունները պետք է կա՛մ կրճատեն մարդասիրական օգնություն ստացող մարդկանց թիվը՝ մինչև 75%-ով, կա՛մ ամբողջությամբ կասեցնեն

մարդասիրական ծրագրերը»,- ասում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Էրին ՄըքՔին:

Սենատի դեմոկրատներն արձագանքել են որոշ հանրապետականների հնչեցրած մտահոգություններին, թե եվրոպական երկրները խուսափում են կրել Ուկրաինային ցուցաբերվող աջակցության բեռը:

«Գոյություն ունի 50 երկրներից բաղկացած համաշխարհային կոալիցիա, որը տրամադրել է ավելի քան 90 միլիարդ դոլարի աջակցություն՝ Ուկրաինայի մարդասիրական և ռազմական կարիքների համար, թեև մենք ամենից մեծ աջակցությունը ցուցաբերած երկիրն ենք»,- նշում է դեմոկրատ սենատոր Քրիս Քունսը:

Բայդենի գլխավորած վարչակազմի պաշտոնյաները չեն թաքցրել ամերիկացի օրենսդիրներից՝ եվրոպական երկրներն ուշիուշով հետևում են՝ հասկանալու, թե արդյոք Միացյալ Նահանգները հատկացնելու է լրացուցիչ օգնություն Կիևին, և որոշ երկրներ կարող են հրաժարվել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունից, եթե Կոնգրեսը մերժի Սպիտակ տան խնդրանքը:

XS
SM
MD
LG