Եվրահանձնաժողովն առաջարկել է լրացուցիչ 53 միլիարդ դոլարի օգնություն տրամադրել Ուկրաինային։ Բրյուսելի նման պատրաստակամությունը հնչում է Ուկրաինայում շարունակվող արյունալի ռազմական գործողությունների, վերահաս ձմռան և ուկրաինական էներգահամակարգի դեմ ռուսական՝ սպասվող գրոհների ֆոնին։
Ուկրաինայի Խարկով քաղաքում հրշեջները փորձում են մարել ռուսական հարվածային անօդաչուի գրոհից առաջացած հրդեհը: Զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան։ Կիևի ներկայացմամբ, հարվածը՝ ռուսական ուժերի զանգվածային գրոհի մասն էր, որը թիրախավորել էր նաև երկրի հարավային ու արևմտյան շրջաններում գտնվող կարևոր ենթակառուցվածքները։ Ուկրաինայում շատերն են հիշում անցած ձմռան պատմությունները, երբ ցրտին ռուսական բանակը թիրախավորում էր էներգահամակարգի օբյեկտները։
Ռուսական անօդաչուների հարվածային ալիքը հաջորդեց ուկրիանական կողմի հաղորդագրությանը և հրապարակած տեսանյութին, թե հակառակորդի ուժերի, զինտեխնիկայի դեմ ինչպես են լայանորեն կիրառվում անօդաչուներ։ «Ամերիկայի ձայնը» չի կարող հավաստել տեսանյութի իսկությունը, կամ թե երբ է արվել այն։ Կիևի ներկայացմամբ, իր անօդաչուների հարվածները եղել են Դոնեցկի շրջանի Ավդիիվկա քաղաքի մոտ:
Պատերազմից առաջ Ավդիիվկայում բնակվում էր մոտ 30 հազար մարդ, այսօր՝ շուրջ 1 500։ Քաղաքի համար մղվող մարտերի ֆոնին՝ տեղի՝ ուկրաինական ոստիկանությունը սկսել է հարակից քաղաքներից տարհանել խաղաղ բնակիչներին։
Ուկրաինական կողմի տարածած տեսանյությում երևում է, թե ինչպես է որդին հորդորում տարեց մորը «հեռանալ», քանի որ «չկա ջուր, հաց, ոչինչ չկա»: Կինը արձագանքում է՝ «ինձ հանգիստ թողեք»։
Կիևը շարունակում է հայցել արևմտյան աջակցությունն ու ժամանակակից սպառազինություն։ Չի թաքցնում՝ իր ծրագրում է անդամակացությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։
Այս ֆոնին էր, որ կայացավ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի այցն Ուկրաինայի մայրաքաղաք՝ հանդիպելու նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։ Վերջինիս հետ համատեղ ասուլիսին Ֆոն դեր Լեյենը հայտարարեց, թե խորհուրդ կտա Եվրամիության անդամ-երկրներին լրացուցիչ 53 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային:
Օրեր առաջ Բեռլինում Եվրամիության արտգործնախարարների հանդիպման օրակարգում էր նաև միության հետագա ընդլայնումը: Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը վստահություն է հայտնել, որ Ուկրաինան
կարող է «անդամակցության [իրավունք] ձեռք բերել» արդեն այս դեկտեմբերին կայանալիք քվեարկությունից հետո՝ հավելելով. «Ցանկանում ենք Ուկրաինան տեսնել Եվրամիության անդամ»:
Վերադառնանք, սակայն, ռազմաճակատ․ ուկրիանացի զինվորականները նշում են, թե նախորդ ամսվա ընթացքում նկատել են ռուսական հրետանու ակտիվության աճ։ Զուգահեռաբար Հարավային Կորեայի հետախուզական ծառայությունը մեղադրել է Փհենյանին՝ Կրեմլին ավելի քան մեկ միլիոն հրետանային արկեր տրամադրելու մեջ։
«Իհարկե, աշխարհում բազմաթիվ մարդիկ հոգնել են [այս պատերազմից]։ Մարդիկ հոգնել են նաև մարտի դաշտում։ Ոմանց հոգնեցրել է իրենց աշխատանքը։ Հոգնել են նաև արտերկրում գտնվող մեր հայրենակիցները, որոնք ցանկանում են տուն վերադառնալ՝ իրենց ամուսինների, զինվորների մոտ։ Կանայք ու երեխաներ։ Հոգնածություն կա եվրոպացի առաջնորդներից ոմանց մոտ։ Այո, իհարկե, որովհետև սա երկարատև պատերազմ է»,- ասում է Ուկրաինայի նախագահ Զելենսկին։
Ուկրաինական բանակի 67-րդ մեխանիզացված բրիգադի զինծառայողների համար, որոնք, օրինակ, 20 ժամ չդադարող հրետակոծության տակ են հայտնվում և հանգստանալը երազանք է թվում, երկարատև պատերազմը լիովին այլ նշանակություն ունի։