Մատչելի հղումներ

Ուկրաինային օգնելն ու Իսրայելին աջակցելն ԱՄՆ ազգային անվտանգության խնդիրն է


Փորձագետներն անդրադարձել են հարցին, թե Մերձավոր Արևելքում սրված իրավիճակի պայմաններում՝ ինչ ազդեցություն կունենան ԱՄՆ Ներկայացուցիչների տանն ընթացող զարգացումներն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության վրա։

ԱՄՆ Կոնգրեսի հավանությանը արժանաված օրինագիծը, ըստ որի հոկտեմբերի 1-ից սկսված նոր ֆինանսական տարում ամերիկյան կառավարությունը կարող է շարունակել իր աշխատանքը՝ ստանալով անհրաժեշտ, ճի՛շտ է՝ ժամանակավոր ֆինանսավորումը Կոնգրեսից, խնդիրներ է ստեղծել ԱՄՆ ազգային անվտանգության համար, քանզի, ինչպես հայտնի է, ժամանակավոր այդ պետբյուջեում Կիևին հատկացված գումար չկա։

Ամերիկացի օրենսդիրների հաստատած փաստաթղթից դուրս է մնացել Ուկրաինային 24 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու փաթեթը, ինչը Սպիտակ տան պահանջն էր։

Բազմաթիվ կոնգրեսականներ դեմ էին այդ օժանդակությանը։ ԱՄՆ դաշնային կառավարության գործունեության կասեցումից խուսափելու համար՝ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 30-ի ուշ երեկոյան, ստորագրեց պետբյուջեի մասին օրենքը, որը թույլ է տալիս մինչև նոյեմբերի կեսերը ժամանակավորապես ֆինանսավորել գործադիրին։

Իրավիճակն միայն բարդացավ, երբ Կալիֆորնիայից ընտրված հանրապետական կոնգրեսական Քևին ՄըքՔարթին հրաժարական տվեց Ներկայացուցիչների տան խոսնակի պաշտոնից՝ չստանալով կուսակիցների բավարար թվով ձայները:

Կոնգրեսում տեղի ունեցող զարգացումներն ավելի են բարդացրել մոտ ապագայում Ուկրաինային օգնության ցուցաբերումը, քանզի Ներկայացուցիչների տանը որևէ որոշում չի կարող կայացվել, քանի դեռ դատարկ է խոսնակի աթոռը:

Իսրայելի նկատմամբ «Համասի» գրոհայինների հարձակումը իրավիճակի վրա միայն բացասաբար ազդեց։ Միաժամանակ, մեծացել է ճնշումը հանրապետականների նկատմամբ՝ Ներկայացուցիչների տան նոր խոսնակ ընտրելու հարցում, ինչը պետք է օգնի արագացնել հրեական պետությանն օգնության տրամադրումը: «Համասի» զինյալների բարբարոսական գործողությունները՝ Իսրայելին ռազմական աջակցություն ցուցաբերելու հացը տեղափոխել են նաև բարոյական դաշտ։

Այս ամենի ֆոնին բազմաթիվ ամերիկացի քաղաքական գործիչներ շարունակում են պնդել Ուկրաինայի ցուցաբերվող աջակցության շարունակման վրա՝ միաժամանակ օգնություն տրամադրելով Իսրայելին՝ ընդգծելով, որ այդ չանելը լրջորեն կհարվածի Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը:

Ներկայացուցիչների տան խոսնակի շուրջ հնրապետականների ներկուսակցական առաջին քվեարկությունն ավարտվեց անցած չորեքշաբթի՝ կոնգրեսական Սթիվ Սքալիզի հաղթանակով, ով այս պաշտոնում համարվում էր ՄըքՔարթիի իրավահաջորդը։ Սակայն հինգշաբթի Սքալիզը հանեց իր թեկնածությունը, երբ պարզ դարձավ, որ նրան չի հաջողվում համախմբել հանրապետականներին ու Ներկայացուցիչների տան քվեարկության ժամանակ ստանալ անհրաժեշտ թվով ձայներ։

Արդյունքում՝ պահպանողական հանրապետական կոնգրեսական Ջիմ Ջորդանը, ով խոսնակի աթոռի համար պայքարում «երկրորդն» էր, դարձավ հիմնական թեկնածու: Խոսնակ ընտրվելու համար պետք է ստանա 217 ձայն։

Ռուսաստանի նախագահը չի թաքցնում, որ ուրախ է Կոնգրեսում նման զարգացումներից․ ավելի վաղ հայտարարել էր, որ եթե արևմտյան աջակցությունն Ուկրաինային դադարեցվի, Ռուսաստանը կարող է հաղթել պատերազմը մեկ շաբաթից։

Ամերիկյան հեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկը՝ Ատլանտյան խորհրդը փորձագետների խումբ է հրավիրել՝ քննարկելու Ուկրաինային աջակցության դադարեցման հետևանքները ԱՄՆ ազգային անվտանգության վրա, և ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները առաջիկա շաբաթներին:

«Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» ներկայացուցիչ Էլիզաբեթ Հոֆմանը վստահություն է հայտնել․ «Ով էլ, որ հայտնվի խոսնակի աթոռին՝ Ջիմ Ջորդանը կամ մեկ ուրիշը, հանրապետականների չափավոր թևը թույլ չի տա, որ Ուկրաինային ցուցաբերվող օգնության հարցը կախված մնա օդում»:

Բրուքինգս հաստատության անդամ Ջոնաթան Կացը լավատեսություն է հայտնել․ «Ուկրաինային ցուցաբերվող օգնությունն ուղղվում է նաև այս պատերազմին հատկացված ամերիկյան պաշարները համալրելու համար։ Այնպես որ, Կիևին օգնության հնարավոր արգելափակումը կազդի ոչ միայն Ուկրաինայի, այլև ԱՄՆ ազգային անվտանգության վրա: Այս ամենին ուշադիր հետևում և եզրակացություններ են անում Պուտինը, «Համասը», Իրանը, Հյուսիսային Կորեան և Չինաստանը։ Նույն խնդիրն է՝ Ուկրաինայի ենթակառուցվածքների վերականգնման ֆինանսավորման հարցում։ Եթե հետևողականություն չցուցաբերվի, Ուկրաինայում արդեն իսկ արված ներդրումները հօդս կցնդեն»։

Կալիֆորնիայում գտնվող Փեփերդայնի հանրային քաղաքականության դպրոցի միջազգային հարաբերությունների և քաղաքականության պրոֆեսոր Կիրոն Սքիները հիշեցրել է․ «միջազգային կարգը վտանգված է ոչ միայն Ուկրաինայի պատճառով, ոչ միայն Մերձավոր Արևելքում նոր պատերազմի պատճառով, նաև ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմի շնորհիվ, որը, ինչպես պարզվեց, դեռևս գլխավոր սպառնալիքն է աշխարհի համար»։

ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների ու դեմոկրատների միջև փոխզիջման ի՞նչ հնարավորություններ կան՝ Իսրայելի նկատմամբ «Համասի» հարձակման ֆոնին

ՄըքՔեյնի ինստիտուտի ավագ գիտաշխատող և ԱՄՆ նախկին կոնգրեսական Թոմ Մալինովսկին խոսել է «որոշ հնարավոր սցենարների մասին, որոնք կարող են տեղի ունենալ առաջիկա մի քանի շաբաթներին»․ «Ներկայացուցիչների տանը տիրող այս քաոսային իրավիճակում՝ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ակտիվորեն աշխատում է Սենատի երկկուսակցական խմբի հետ՝ կազմելու մեծ օրինագիծ, որը կօգնի Ուկրաինային և հնարավոր է Իսրայելին։ Այն կարող է որոշակի օգնություն տրամադրել Թայվանին և նույնիսկ ուժեղացնել ԱՄՆ հնարավորությունները Մեքսիկայի հետ սահմանին՝ ապահովելու երկրի պաշտպանությունը, ինչի վրա այժմ կենտրոնացած են շատ հանրապետականներ»:

Մալինովսկին վստահ է, որ այս օրինագիծը «հեշտությամբ կընդունվի Սենատում, իսկ Ներկայացուցիչների տան հանրապետականները, ովքեր այսօր չեն ցանկանում քվեարկել Ուկրաինայի օգտին, որոշ ճշգրտումներից հետո, «ձայն կտան նման փաստաթղթին»․ «Այսօր ավելի կարևոր է, որ ապագա խոսնակը համախմբի հանրապետականներին, քանի որ վերը նշված օրինագծի քվեարկության ժամանակ հանրապետականները կարող են պառակտվել»։

«Հավանական տարբերակներից մեկն է, որ ոչ մի հանրապետական խոսնակ չի կարողանա հավաքել 217 ձայն։ Այս դեպքում նրանք ստիպված կլինեն դիմել դեմոկրատներին։ Հասկանալի է, որ դեմոկրատները կասեն՝ «եթե մեր օգնությունն եք ուզում, Իսրայելի վերաբերյալ քվեարկությունից զատ, պետք է հավանության արժանացնեք Ուկրաինային վերաբերող ամեն ինչ»: Կարծում եմ, այստեղ կարելի է հասնել հաջողության, քանի որ հենց հիմա բառացիորեն որոշվում է ողջ ազատ աշխարհի ճակատագիրը, և սա արդեն մեր ներքաղաքական խնդիրը չէ»,- ընդգծել է նախկին կոնգրեսականը։

Ջոնաթան Կացը կարծիքով, «խնդիրն այն է, որ Բայդենի վարչակազմը պետք է Կոնգրեսի հետ քննարկի այն հարցը, թե ինչպես և երբ Ուկրաինան պետք է հաղթի պատերազմում»․ «Չափազանց դժվար է պլանավորել՝ հաշվի առնելով, որ նման հակամարտությունները որքան երկար են տևում։ Նախագահը խոսել է «Համասի» կատարած չարիքի մասին։ Անհրաժեշտ է, որ նա խոսի Պուտինի կատարած չարիքի մասին»:

«Միջազգային հարաբերություններում առաջատար լինելու համար՝ պետք է կրկին ուժեղանանք տանը, պետք է հաղթահարենք մեր ներկայիս պառակտությունները»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարության նախկին բարձրաստիճան պաշտոնյան Սքիները։

Ըստ փորձագետի, ներկայիս աշխարհում «բոլորը մրցում են». «Հարավը, Ռուսաստանը, Չինաստանը նաև մարտահրավեր են նետում միմյանց, և ԱՄՆ-ն այդ ամենի կենտրոնում է»։

«Հետևաբար, ստիպված ենք պահպանել այն աշխարհակարգը, որը Միացյալ Նահանգները և Արևմուտքը հաստատել են ավելի քան 70 տարի առաջ։ Սա խաղաղություն պահպանելու միակ ճանապարհն է»,- ընդգծել է Սքիները։

XS
SM
MD
LG