Այս մասին են վկայում «Reuters»/«Ipsos»-ի անցկացրած հարցման արդյունքները։
Նախորդ շաբաթ անցկացված հարցումը վկայում է, որ ամերիկացիների 78%-ը, այդ թվում՝ դեմոկրատներին սատարողների 94%-ը, իսկ հանրապետականներին սատարողների 71%-ը, համաձայն են, որ «ամերիկյան դիվանագետները պետք է ակտիվորեն աշխատեն՝ Գազայից՝ մարտական գործողություններից փախչող խաղաղ բնակիչներին անվտանգ երկիր տեղափոխելը հնարավոր դարձնող ծրագրի ուղղությամբ»: Այսպիսի տարբերակին դեմ է հարցվածների 22%-ը։
Այժմ ավելի շատ ամերիկացիներ են աջակցում հրեական պետությանը, քան 2014 թվականին, երբ «Համասի» գրոհայինների դեմ ձեռնարկած գործողությունների արդյունքում իսրայելական զորքերը մուտք գործեցին Գազայի հատված։ Այն ժամանակ Իսրայելին աջակցում էր ամերիկացիների 22%-ը, պաղեստինցիներին՝ տասմեկ անգամ քիչ՝ 2%-ը։
Նախորդ շաբաթվա հարցման համաձայն, Իսրայելին ավելի շատ սատարում են ԱՄՆ հանրապետական կուսակցության աջակիցները՝ 54%։ Դեմոկրատների ընրազանգվածի դեպքում այդ թիվն ավելի փոքր է՝ 37%։
Անցած տարիներին դեմոկրատների շրջանում տարաձայնությունները շատ էին՝ այսպես կոչված, չափավորների, ովքեր սատարում են Իսրայելին, և առաջադիմական հատվածի միջև, որն ավելի հաճախ է քննադատում Իսրայելին, հատկապես հրեական բնակավայրերի ընդլայնման հարցում:
Հարցվածների մի զգալի մասը այլ դիրքորոշումների կողմնակից է։ Օրինակ, 27%-ի համաձայն, Միացյալ Նահանգները «պետք է լինի չեզոք միջնորդ»։ 21%-ը գտնում է, որ ԱՄՆ-ն, ընդհանրապես, չպետք է դեր ունենա այդ հակամարտությունում:
40 տարեկանից ցածր ամերիկացիների մոտ 40%-ի համոզմամբ, Վաշինգտոնը պետք է չեզոք միջնորդ լինի։ Այս թիվը գրեթե երկու անգամ ավելի է, եթե համեմատում ենք 40 տարեկանից բարձր ամերիկացիների պատասխանների հետ՝ 19%:
Մինչև 40 տարեկան հարցվածներն ավելի քիչ են աջակցում Իսրայելին, քան տարեց ամերիկացիները, ինչը կարող է անհանգստացնող լինել Իսրայելի համար, որը տևական ժամանակ ապավինում է Վաշինգտոնին՝ սպառազինության մատակարարման և դիվանագիտական աջակցության հարցում: Մինչև 40 տարեկանների շրջանում Իսրայելին աջակցություն է հայտնել միայն 20%-ը, 40-ից ավագների մոտ այդ թիվը գրեթե երկուսուկես անգամ մեծ է՝ 53%:
Հետազոտության արդյունքները վկայում են, որ ամերիկացիները ծայրահեղ անհանսգտացած են «Համասի» տիրապետության ներքո գտնվող ավելի քան երկու միլիոն պաղեստինցիների ճակատագրով։
«Իսրայելը պետք է խուսափի քաղաքացիական զոհերից՝ «Համասի» գրոհայիններին պատասխան հարվածներ հասցնելիս» ձևակերպման հետ համաձայն է հարցվածների 81%-ը։
Պաշտոնական Վաշինգտոնը հորդորել է Իսրայելին խուսափել քաղաքացիական զոհերից՝ հավելելով, որ «Համասը» դիտարկում է որպես ահաբեկչական խմբավորում, որն օգտագործում է Գազայի հատվածի բնակիչներին որպես կենդանի վահան:
Իսրայելը պնդում է, թե իր զինված ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը նվազագույնի հասցնելու համար:
Սակայն մինչ, իրականում, զոհերի թիվն աճում է՝ հատկապես հարևան պետությունները չեն շտապում ընդունել Գազայից փախչող մարդկանց:
Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի հայտարարեց, թե Գազայի հարավում գտնվող և Եգիպտոսի կողմից վերահսկվող «Ռաֆահ» սահմանային անցակետը կվերաբացվի, և ԱՄՆ-ն աշխատում է այդ ճանապարհով մարդասիրական օգնություն տեղ հասցնել պաղեստինցիներին:
Էլ ավելի վաղ՝ շաբաթ օրը Վաշինգտոնը կոչ էր արել Գազայում գտնվող և ամերիկյան քաղաքացիություն ունեցող անձանց՝ մոտ 600 հոգու, մոտենալ անցակետին, որպեսզի կարողանան անվտանգ անցնել Եգիպտոս:
Հիշեցնենք, Իսրայելը շրջափակման է ենթարկել Գազայի հատվածը։
Նախորդ շաբաթ իսրայելական ռազմուժը հորդորեց Գազայի ողջ բնակչությանը թողնել շրջանը, թեև հարյուր հազարավոր մարդիկ արդեն իսկ հեռացել էին Գազայի հարավային մաս՝ Եգիպտոսի հետ սահմանակից հատված։
Սոցհարցման մասնակիցների 69%-ի փոխանցմամբ, իրենք ուշադրությամբ հետևում է մարտերի մասին լուրերին: 49%-ի կարծիքով ներկայիս սրացման համար պատասխանատուն «Համասն» է, 9%-ի ընկալմամբ՝ Իսրայելը։
ԱՄՆ ողջ տարածքում անցկացված «Reuters»/«Ipsos»-ի առցանց հարցմանը մասնակցել է 1 003 մարդ: