Մատչելի հղումներ

Լեռնային Ղարաբաղից տեղահանվածները աշխատանք են փնտրում


Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներ
Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներ

Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների առջև կանգնած սուր խնդիրներից է աշխատանքի հարցը։ Հատկապես գյուղաբնակ շրջաններից գաղթածների համար, որոնք տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացել էին ծաղկուն տնտեսություններ հիմնել, անգործ նստելը, իրենց բառերով ասած, մահվան պես բան է։

Չորս անչափահաս երեխաների հայր Կարեն Պետրոսյանը ձեռքերն է տարածում՝ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի հայրենի՝ Մաճկալաշեն գյուղը թողնելուց հետո, ի վերջո կարողացել են Ապարանի շրջանում համեմատաբար էժան վարձով մի տուն գտնել։ Ճի՛շտ է, վերանորոգման խիստ կարիք կա, տան ներսում բաղնիք չկա, բայց, ասում է, դա չէ գլխավոր խնդիրը․ յոթ հոգանոց ընտանիքի հայրը աշխատանք է փնտրում։

«Դե, մտածում էի առաջին հերթին, որ մի հատ տուն ըլնի, որ էրեխեքս՝ տուն ըլնի մնան։ Հետո, ընթացքում պտի աշխատենք, բա էրեխեքը պտի պահվի»,- ասում է Կարեն Պետրոսյանը։

44-ամյա Պետրոսյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղում հող էր մշակում, այգու և անասունների տեր էր։ Գյուղում քչերից էր, որ բեռնատար ու տրակտոր ուներ, բայց հիմա՝ Հայաստանի կառավարության աջակցությունն է պետք, որպեսզի կարողանա ոտքի կանգնել։

«Դե, ինձ թվում ա կառավարությունը պետք ա մի հատ բան մտածի, որ մարդիկ տեղահանված են․․․։ Օրինակ, ես չգիտեմ որտեղ կարելի ա աշխատել էս պահին, որ իմանաս ոնց ա ծախսդ ըլնելու, ինչ պտի ծախսես, տունդ ոնց պահես»,- նշում է Կարեն Պետրոսյանը։

Հայաստանի վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, որոնք, սակայն, վերաբերում են 2021 թվականին, երկրում գործազուրկների պաշտոնական թիվը 199 հազար է, և եթե գումարենք Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100 հազար մարդկանց մոտ մեկ երրորդը (դուրս ենք թողնում անչափահասներին և ծերերին), ապա, կարելի է ասել, կառավարության համար խնդիրները շատանում են։

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը վստահեցրեց, թե Հայաստան տեղափոխվածների աշխատանքի հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է։ Յուրաքանչյուր տեղահանվածին միանվագ 100 հազար դրամ, առաջիկա առնվազն կես տարում, դարձյալ, յուրաքանչյուրին ամսական 50 հազար դրամ փոխանցելուց բացի, գործադիրն աշխատում է երկարաժամկետ ինտեգրացիոն ծրագրերի ուղղությամբ, ուր կարևոր տեղ է հատկացված այդ մարդկանց զբաղվածությանը։

«Չգիտեմ որտեղ կարելի ա աշխատել էս պահին, որ տունդ պահես»․ ԼՂ-ից տեղահանված
please wait

No media source currently available

0:00 0:05:15 0:00

«Եթե նկատել եք, արդեն պետական տարբեր մարմիններ սկսել են էդ պահանջարկը գնահատել՝ աշխատանքի պահանջարկը և առաջարկը, որովհետև Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին թափուր աշխատատեղերի բավականին ծավալուն պատկեր ունենք։ Կարծում ենք, որ, իրականում, էն աշխատուժը, որը տեղափոխվել է, իր տեղը գտնելու է։ Ժամանակի հարց է»,- ասում է Դավիթ Խաչատրյանը։

«Մանթաշյանց» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի խոսքով, հայաստանյան գործարար հանրությունը անմասն չէ խնդրի լուծումից, և Լեռնային Ղարաբաղից եկած բազմաթիվ մարդկանց աշխատանք առաջարկելուց զատ, իրենք փորձում են աջակցել Հայաստան տեղափոխված հատկապես փոքր ու միջին գործարարներին, որպեսզի նրանք շարունակեն իրենց գործն այստեղ։

«Մեկը ասում է՝ ես իմ հաստոցները բերել եմ՝ տարածք է պետք արտադրության համար։ Օրինակ, դուռ-պատուհան արտադրող ընկերություն էր, հաստոցները ամբողջությամբ հասցրել է բերել, թիմն էլ ամբողջությամբ այստեղ է՝ 20-30 հոգի։ Ասեց՝ մեզ տարածք լինի ու նաև պատվեր լինի։ Ե՛վ պատվերների առումով տեղում մի քանի պայմանավորվածություն ձեռք բերեցինք, և՛ տարածքի առումով՝ նախնական, որ պետք ա գնան-նայեն, էդ տարածքը տրամադրեն»,- նշում է Վահրամ Միրաքյանը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի ներկայացմամբ, Հայաստան տեղափոխվածները հատկապես միջնաժամկետ հեռանկարում կարող են նշանակալի ավանդ ունենալ երկրի տնտեսական աճի գործում, քանզի խոսքը հարյուր հազար մարդու մասին է, բայց այստեղ նախևառաջ հարկավոր է կառավարության հետևողական մոտեցումը, որպեսզի այդ մարդիկ մնան Հայաստանում՝ ինտեգրվեն հայաստանյան տնտեսությանը։

«Ես ուզում եմ հատուկ նշել որ Արցախի աշխատաշուկան բավականին տարբերվում է Հայաստանի աշխատաշուկայից։ Դիցուք, մինչև այս բռնի տեղահանումը Արցախում մոտ 67 հազար աշխատատեղ կար (մինչև շրջափակումը նաև)։ Այդ 67 հազարից 47 հազարը պետական հատվածի աշխատատեղեր էին։ Ընդամենը 20 հազարն է, որ մասնավոր հատվածը ապահովել է։ Եվ արցախահայության՝ Հայաստան տեղափոխված մեծամասնությունը, ըստ էության նախկին պետական աշխատողներ են։ Նրանց ինտեգրելը պետական համակարգ, նրանց ինտեգրելը մասնավոր համակարգ տարբեր խնդիրներ է առաջացնելու»,- ասում է Սուրեն Պարսյանը։

Պարսյանն ուշադրություն հրավիրեց՝ օրինակներն արդեն բազմաթիվ են, երբ Լեռնային Ղարաբաղից եկածները բնակություն են հաստատել Հայաստանի այն վայրերում, որտեղից նախորդ երեսուն տարիներին մարդիկ հեռացել են։

XS
SM
MD
LG