Հանրապետական կոնգրեսական Սթիվ Սքալիզը հինգշաբթի ուշ երեկոյան հայտարարեց, թե հրաժարվում է Ներկայացուցիչների տան խոսնակի պաշտոնը զբաղեցնելու մտադրությունից:
«Մեր համաժողովը դեռ պետք է հավաքվի։ Այն չկա: Դեռ կան մարդիկ, ովքեր ունեն իրենց օրակարգը»,- ասել է Սքալիզը:
Չնայած չորեքշաբթի՝ ներկուսակցական ընտրության ժամանակ Սքալիզի օգտին քվեարկեցին անհրաժեշտ թվով հանրապետականներ, որպեսզի նա առաջադրվի խոսնակի պաշտոնի համար, սակայն, ի վերջո, Սքալիզը չկարողացավ հարազատ կուսակցությունում ապահովել անհրաժեշտ 217 ձայնը։ Ենթադրվում է, որ բոլոր դեմոկրատները դեմ են քվեարկելու Ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակի որևէ թեկնածուին։
Նախկին խոսնակ Քևին ՄըքՔարթին, ով անցած շաբաթ թողեց խոսնակի աթոռը, չի բացառում, որ կարող է վերընտրվել: Բազմաթիվ հանրապետականների խոսքով, Սքալիզը ոչնչով չի տարբերվում ՄըքՔարթիից և չի բանակցելու պետական ծախսերի կրճատման՝ իրենց նախընտրած տարբերակի շուրջ։
Հանրապետական կուսակցության խոսնակի մյուս թեկնածուն՝ պահպանողական Ջիմ Ջորդանը, կոչ է արել դադարեցնել փոխադարձ մեղադրանքները, և իր աջակցությունն է հայտնել Սքալիզին․ «Հուսով եմ, որ կարող ենք համախմբվել խոսնակի [թեկնածուի] շուրջ, կատարել մեր գործը և աջակցել մեր ամենաթանկ ու մտերիմ ընկերներին՝ Իսրայել պետությանը»:
Սպասվում է, որ Ներկայացուցիչների տան բոլոր 212 դեմոկրատները կքվեարկեն իրենց առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսի օգտին։ Վերջինս կոչ է արել վերջ տալ Ներկայացուցիչների տան նման վիճակին․ «Այս կարևոր պահին անհրաժեշտ է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կանգնի Իսրայելի կողքին: Ներկայացուցիչների տան հանրապետականների անկարողությունը՝ միավորել, և սա այն դեպքում, երբ նրանք իրենց կանոններով ընտրել են խոսնակի թեկնածու, վկայում է քաոսի, անգործունակության և ծայրահեղականության մասին»:
Ջորջ Վաշինգտոնի համալսարանից Քեյսի Բուրգաթի կարծիքով, եթե իրավիճակը շարունակի մնալ փակուղային, ելքը կարող է լինել որոշակի համագործակցությունը երկու կուսակցությունների միջև․ «[Ներկայացուցիչների տան] փոքրամասնության առաջնորդ Ջեֆրիսը վերջերս առաջ քաշեց հետևյալ գաղափարը՝ ասելով. «Եթե բավարար թվով չափավոր կոնգրեսականներ ցանկանում են գործել, հատկապես այն աղետների ֆոնին, որոնք տեղի են ունենում ողջ աշխարհում, պետք է քայլ կատարենք: Եթե Հանրապետական կուսակցությունում առկա են բավականաչափ պատասխանատու, չափավոր կոնգրեսականներ, ապա պատրաստ եմ աշխատել նրանցից ոմանց հետ»»:
Հանրապետականները նաև դիտարկում են ժամանակավոր խոսնակ նշանակելու տարբերակը՝ կանգ առնելով կոնգրեսական Պատրիկ ՄըքՀենրիի վրա՝ Ներկայացուցիչների տան ղեկավարի ընտրության հարցը տեղափոխելով մինչև նոյեմբեր, երբ կավարտվի կառավարության ժամանակավոր ֆինանսավորումը: