Պահպանողական հանրապետական Մեթ Գեյցը, ում ջանքերի շնոհիվ նախորդ շաբաթ Քևին ՄըքՔարթին թողեց Ներկայացուցիչների տան խոսնակի աթոռը, ողջունել է հանրապետականների որոշումը՝ ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակի պաշտոնում թեկնածու առաջադրելու առնչությամբ: Չորեքշաբթի կայացած դռնփակ հանդիպմանը Կոնգրեսի ստորին պալատի հանրապետականները քվեարկեցին Սթիվ Սքալիզի առաջադրման օգտին:
«Տեսնում ենք, թե որքան վտանգավոր է աշխարհը, և ինչպես կարող է ամեն ինչ շատ արագ փոխվել: Պետք է համոզվենք, որ մեր ուղերձը կհասնի աշխարհին, թե [ԱՄՆ] Ներկայացուցիչների տունը գործում է և զբաղված մարդկանց խնդիրներով»,- ասել է Սքալիզը:
Ներկայացուցիչների տան խոսնակի բացակայության պայմաններում՝ Կոնգրեսի ստորին պալատը իրավասու չէ ընդունել որևէ օրենք, ներառյալ՝ Իսրայելի և Ուկրաինայի համար նախատեսված աջակցության փաթեթները։
«[Մեր] երկիրն ու ամերիկացի ժողովուրդը չեն կարող իրեն թույլ տալ [նման իրավիճակ]: Խոսնակի պաշտոնում պետ է մարդ լինի։ Վտանգավոր ժամանակներում ենք ապրում: Երեք խոշոր գլոբալ հակամարտությունների մեջ ենք, և չենք կարող մեզ թույլ տալ, որ խոսնակ չունենանք»,- նշել է Մայքլ ՄըքՔոլը՝ Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:
Սպասվում է, որ օրենսդիր մարմնում խոսնակի համար քվեարկությունը կկայանա հինգշաբթի, քանզի Սքալիզն աշխատում է իր ընտրության համար անհրաժեշտ 217 ձայն ապահովելու ուղղությամբ։ Հանրապետական պատգամավորների թիվը 221 է, և եթե հարազատ կուսակցության շարքերում չորսից ավելի օրենսդիր գտնվի, ով չքվեարկի Սքալիզի օգտին, նա չի կարողանա ստանձնել խոսնակի պաշտոնը, քանզի ենթադրվում է, որ բոլոր դեմոկրատները դեմ են քվեարկելու, ինչպես սովորաբար լինում է։ Ներկայացուցիչների տան առնվազն մի քանի հանրապետականներ դեռ նշում են, որ չեն քվեարկելու Սքալիզի օգտին:
Նախկին խոսնակ ՄըքՔարթին այս շաբաթվա սկզբին հայտարարեց, թե չի պատրաստվում վերընտրվել․ «Գիտեմ, որ նրանցից շատերը ցանկանում են ինձ առաջադրել։ Նրանց ասացի, խնդրում եմ, ինձ չառաջադրել»:
Ինչևէ, Սքալիզն է հանրապետականների առաջատար թեկնածուն: 58-ամյա գործիչը ժամանակին՝ 2017 թվականին լուրջ հրազենային վնասվածք էր ստացել․ հրաձիգը կրակ էր բացել Կոնգրեսի անդամների ուղղությամբ, ովքեր մարզվում էին բեյսբոլի իրենց ամենամյա խաղին մասնակցելու համար: Ապաքինվելուց հետո շարունակեց աշխատել Ներկայացուցիչների տանը և չթողեց իր գործը անգամ այն բանից հետո, երբ իր մոտ ախտորոշվեց արյան քաղցկեղ: