Մատչելի հղումներ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ՄըքՔարթիին հեռացրեց խոսնակի պաշտոնից


Քևին Մաքքարթին լրագրողների հետ խոսում է պաշտոնանկ արվելուց ժամեր անց
Քևին Մաքքարթին լրագրողների հետ խոսում է պաշտոնանկ արվելուց ժամեր անց

ԱՄՆ պատմության ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը հեռացվել է պաշտոնից։ Բախվելով հարազատ կուսակցականների ընդդիմությանը՝ Քևին ՄըքՔարթին չկարողացավ պահել խոսնակի աթոռը՝ տանուլ տալով քվեարկությունը ձայների 216-210 հարաբերակցությամբ:

Աննախադեպ իրադարձություն ամերիկյան քաղաքականությունում․ ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակն առաջին անգամ հեռացվեց պաշտոնից:

Հանրապետական կոնգրեսական Մեթ Գեյցը հրապարակավ կոչ արեց քվեարկել ՄըքՔարթիի պաշտոնանկության օգտին, երբ վերջինս անցած շաբաթ չկարողացավ հասնել կառավարության գործունեությունը ֆինանսավորող այնպիսի օրինագծի ընդունմանը, որը հաշվի կառնի պահպանողականների առաջարկած կրճատումները պետծախսերի հատվածում:

«Կարծում եմ, 33 տրիլիոն դոլար պարտքը քաոս է: Կարծում եմ, 2,2 տրիլիոն դոլար տարեկան դեֆիցիտին առերեսվելը քաոս է: Կարծում եմ, պետական ծախսերի մեկ-միասնական օրինագիծ չընդունելը քաոս է»,- հայտարարել է կոնգրեսական Գեյցը։

Լրագրողների հետ զրույցում ՄըքՔարթին բացառել է Ներկայացուցիչների տան խոսնակի աթոռի համար վերստին առաջադրվելը:

«Կարող եմ շարունակել պայքարը։ Գուցե՝ այլ կերպ: Այլևս չեմ առաջադրվի խոսնակի պաշտոնում»,- ասել է նա։

Ներկայացուցիչների տանը հանրապետականների ու դեմոկրատների միջև ձայների փոքր տարբերությունը նշանակում էր, որ հանրապետական Գեյցին անհրաժեշտ էր կուկսակիցների ընդամենը ութ ձայն, նաև՝ բոլոր դեմոկրատների ձայները՝ ՄըքՔարթիին հեռացնելու համար։ Վերջինս, ինչպես հայտնի է, հարազատ կուսակցության ներսում բախվում էր աստիճանաբար սրացող քննադատությանը, երբ այս տարվա սկզբին նախագահ Ջո Բայդենի հետ համաձայնվեց պետական պարտքի առաստաղի շուրջ:

«Մեզնից շատերը բազմիցս խնդրել էին խոսնակին՝ օգտագործել պետպարտքի առաստաղի շուրջ քննարկումները՝ հասնելու պետական ծախսերի կրճատմանն ու բարեփոխումների իրականացմանը: Փոխարենը, նա բանակցել է պետպարտքի առաստաղի անսահման բարձրացման շուրջ»,- ասել է հանրապետական կոնգրեսական Բոբ Գուդը։


Չնայած հանրապետականների մեծամասնությունը քվեարկեց ՄըքՔարթիին պաշտոնին թողնելու օգտին ...

«Երկար և լավ մտածեք, նախքան մեզ քաոսի մեջ գցելը, որովհետև այդ ուղղությամբ ենք շարժվելու, եթե թողնենք խոսնակի աթոռը»,- ասել է հանրապետական կոնգրեսական Թոմ Քոլը։

Ներկայացուցիչների տան դեմոկրատների ձայներն էին, որ վճռական դարձան ՄըքՔարթիին հեռացնելու գործում:

«Վստահելի մարդ չէ։ Կարծում եմ, կարող եք համոզվել դրանում՝ հայացք նետելով նրա գործունեությանը հարազատ կուսակացությունում, եթե նաև դատեք, թե ինչպես նա վերաբերվեց մեզ և ամերիկացի ժողովրդին»,- ընդգծել է դեմոկրատ կոնգրեսական Էննի Քուսթերը։

Հիրավի աննախադեպ այս ցնցումները ԱՄՆ Ներկայացուցիչների տանը այն պահին են, երբ տակավին հաստատված չէ ԱՄՆ արդեն ընթացիկ ֆինանսական տարվա պետբյուջեն, նաև՝ Ուկրաինային հատկացվող ամերիկյան oգնությունը։

«Ներկայացուցիչների տան ողջ ղեկավարությունը կողմ է Ուկրաինային ցուցաբերվող աջակցության շարունակմանը: Կիևին ցուցաբերվող օժանդակության շարունակման օգտին է հանդես գալիս նաև Ներկայացուցիչների տան հանրապետականների ճնշող մեծամասնությունը: Դեմ է փոքրամասնությունը, բայց նրանք կուսակացության մեծամասնությունը չեն և ղեկավարության մաս չեն»,- ասել է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։

Հաջորդ շաբաթ ամերիկացի օրենսդիրներն ընտրելու են Ներկայացուցիչների տան նոր խոսնակին։

XS
SM
MD
LG