Վերջինս պաշտոնանկ արվեց անցած շաբաթ: Ամերիկյան օրենսդիր մարմնում նման իրավիճակը բացասաբար է անդրադառնում Ուկրաինայի հասցեագրված ամերիկյան օժանդակության տրամադրման գործընթացին։
Երեքշաբթի մեկնարկել է ԱՄՆ Ներկայացուցիչների տան նոր խոսնակի ընտրությունը, և որքան ձգձգվում է գործընթացը, այնքան հետաձգվում է Ուկրաինայի համար նախատեված ամերիկյան օժանդակության փաթեթի քննարկումը:
«Ձախողելու նպատակ չունենք: Ուստի, պատրաստվում ենք շարունակել աշխատանքը Կոնգրեսի հետ՝ հասկանալու, թե արդյոք կարող ենք լրացուցիչ ֆինանսավորում ստանալ»,- ասում է Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քըրբին:
Ներկայացուցիչների տան խոսնակ Քևին ՄըքՔարթիի՝ անցած շաբաթ տեղի ունեցած պաշտոնանկությունից առաջ էլ Կոնգրեսի ստորին պալատի հանրապետական մեծամասնությունը համաձայնության չէր եկել Սպիտակ տան հետ՝ Կիևին համար նախատեսված 24 միլիարդ դոլար կազմող աջակցության նոր փաթեթի շուրջ:
«Ուկրաինական ռազմուժը անցել է հարձակման՝ ձգտելով ազատագրել զավթած տարածքները: Դա նշանակում է զենք-զինամթերքի ինտենսիվ օգտագործում։ [Նման պայմաններում՝ սպառազինության] մատակարարման կասեցումը ակնհայտորեն հանգեցնելու է հարձակման դանդաղմանը, նույնիսկ՝ դադարի»,- նշում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի վերլուծաբան Քոլին Քլիերին:
Ամռան ընթացքում Ներկայացուցիչների տան հանրապետականների շրջանում միայն ամրապնդվեցին Ուկրաինային օգնելու դեմ հանդես եկող տրամադրությունները: Որևէ թեկնածու չի կարող հավակնել Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի պաշտոնին՝ առանց անդրադառնալու այդ հարցին:
Հանրապետական կոնգրեսական Ջիմ Ջորդանը, ով հավակնում է խոսնակի աթոռին, հայտարարել է, թե Կիևին աջակցելն ամենևին էլ առաջնահերթություն չէ, «Ամերիկացիների մտքում ամենահրատապ խնդիրը Ուկրաինան չէ, այլ՝ իրավիճակը [մեր] սահմանին, հանցագործությունը փողոցներում»։
Ամերիկյան վերլուծական կենտրոններից մեկի՝ Գլոբալ հարցերի Չիկագոյի խորհրդի կողմից այս ամիս անցկացված հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 60%-ը աջակցում է Ուկրաինային ամերիկյան օժանդակության տրամադրմանը:
«[Կիևին աջակցելը] թանկ է։ Մեր երկիրն ունի իր խնդիրները: Բազմաթիվ մարդիկ կցանկանային տեսնել, թե ինչպես են գումարները հոսում տարբեր ուղղություններով: Տեսնում եմ, թե ինչպես է Միացյալ Նահանգներն, իրոք, օգնություն ցուցաբերում մարդկանց բազմաթիվ երկրներում, երբ նրանք ունեն դրա կարիքը։ Դա շատ կարևոր է»,- ասում է ԱՄՆ քաղաքացի Սինդի Ֆոլմանը։
Ըստ հաղորդագրության, Սպիտակ տունը դիտարկում է Ուկրաինային և Իսրայելին օգնության տրամադրումը մեկտեղելու հնարավորությունը:
Ներկայացուցիչների տան խոսնակի աթոռի համար պայքարում դեռ բազմաթիվ օրենսդիրների աջակցությունը վայելող ՄըքՔարթին հայտարարել, թե ամերիկյան օժանդակությունը նախևառաջ պետք է հասնի Իսրայել․ «Կարծում եք՝ ինչ-որ խաղ է։ Ես կարծում եմ, որ Իսրայելը հարձակման է ենթարկվել, և եթե խոսնակ լինեի, օրակարգում անմիջապես կներառեի Իսրայելին հավելյալ օգնություն ցուցաբերելու հարցը»:
Կոնգրեսի ստորին պալատի նախագահի թեկնածու Սթիվ Սկալիզը, ով նախկինում կողմ էր Ուկրաինային ցուցաբերվող աջակցությանը, նշել է, թե օրենսդիրները պետք է արագ շարժվեն՝ Ներկայացուցիչների տան նոր խոսնակի ընտրության գործում․ «Պետք է հունի մեջ ընկնենք։ Մեզ շրջապատում է վտանգավոր աշխարհը»:
Սպասվում է, որ նոր խոսնակի համար քվեարկությունը կկայանա առաջիկա օրերին։ Ըստ կարգի, որևէ օրինագիծ չի կարող քվեարկվել, քանի դեռ ԱՄՆ Ներկայացուցիչների տան ղեկավարի աթոռը դատարկ է։