Իսրայելում հուղարկավորում են «Համասի» զինյալների հարձակման զոհերին:
Խիտ օրակարգով Մերձավոր Արևելք ժամանած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկ օր է անցկացրել Իսրայելում՝ հանդիպելով տեղի բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուին:
Իսրայելն այսօր սգում է հարազատ քաղաքացիների կորուստը։ Բլինքենի խոսքով, ծանր պահին Իսրայելում է ոչ միայն որպես ԱՄՆ դիվանագետ, այլև՝ որպես հրեա, հայր և ամուսին։
«Ուղերձը, որը ես բերել եմ Իսրայելին, հետևյալն է՝ դուք կարող եք բավականաչափ ուժեղ լինել ինքներդ ձեզ պաշտպանելու համար: Բայց, քանի դեռ Ամերիկան գոյություն ունի, դուք երբեք, երբեք ստիպված չեք լինի այդ անել: Միշտ կլինենք ձեր կողքին»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ հավելելով, թե ծրագրում է հանդիպել տարածաշրջանի ղեկավարներին ու նպատակ ունի կանխել բռնության տարածումը, որը երկու կողմերից արդեն իսկ խլել է առնվազն 2 800 մարդու կյանք, և փորձել հասնել մոտ 150 պատանդների ազատ արձակմանը, որոնք տակավին «Համասի» զինյալների ձեռքում են։
«Այստեղից մեկնելու եմ Հորդանան՝ հանդիպելու նորին մեծություն թագավոր Աբդալլահին և Պաղեստինի ինքնավարության նախագահ Աբասին։ Այնուհետև, առաջիկա օրերին մենք կհանդիպենք Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի և Կատարի առաջնորդներին»,- ասել է պետքարտուղարը։
Գազայի հատվածին հասցվող իսրայելական ավիահարվածների ֆոնին՝ Բլինքենը տեղեկացրել է, որ Իսրայելի ղեկավարների հետ քննարկել է Գազայի բնակիչների մարդասիրական կարիքները հոգալու հարցը` շեշտելով, որ առաջիկա օրերին տարածաշրջանի ղեկավարների հետ հանդիպումների ժամանակ ծրագրում է ներկայացնել նաև Գազայից խաղաղ բնակչության անվտանգ հեռանալու հնարավորությունները։
Իսրայելը մեծաքանակ ուժեր՝ տանկեր և այլ ծանր զրահատեխնիկա է կենտրոնացրել Պաղեստինի շուրջ։ Սպասվում է, որ առաջիկայում իսրայելական ռազմուժը կարող է ցամաքային գործողություններ սկսել Գազայում։
Սինդի Սեյն