46-ամյա Միքայել Բալասնայանը պատմում է՝ օրեր են տևել, մինչև ութ հոգանոց ընտանիքով Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղից հասել են Հրազդան, և բարեկամների տանը հանգրվանելուց հետո՝ կարողացել են քաղաքի ծայրամասում գտնվող բազմաբնակարան շենքի վերջին հարկում գտնել խարխուլ երկու սենյականոցը։
«Ուզում ենք մի փոքր կարգի բերենք, որ կարողանանք էլի մեջը ապրենք։ Քիչ չենք՝ ութ շունչ ենք։ Բաղնիք, զուգարանը, բանը չկա․․․։ Ուզում ենք մի հատ կարգի բերենք, մի փոքր ռեմոնտ անենք, մտենք մեջը ապրենք։ Ուրիշ ճար չկա։ Տենց պտի անենք»,- ասում է Միքայել Բալասանյանը։
Գյուղում մեծ տնտեսություն ունեին, լավ տուն։ Ասաց՝ 2020 թվականի պատերազմից հետո նոր էին վերանորոգել, բայց հասցրեցին ընդամենը մեկ օր ապրել։ Հետո՝ սկսվեց նոր պատերազմը, և բռնեցին գաղթի ճամփան՝ թողնելով ամեն ինչ։
«Հա, վեկալել ենք, որ էրկու ընտանիքով ապրենք էլի։ Հիմա էդքան չենք կարա, որ էրկու տուն առնենք, որ ամեն մեկիս մի հատ տուն լինի։ Մեկն էլ ա հերիք, ոչինչ։ Թող մի քիչ յոլա կեթանք, մինչև տենանք ինչ ենք անում էլի։ Մինչև մի գործ ա-մործ ա ճարենք։ Սկսենք էլի։ Արդեն սկսենք ապրելը։ Ոնց ջոկում եմ՝ ստեղ ենք մնալու, ստեղից մեզ՝ ուրիշ տեղ չուենք գնալու»,- նշում է Բալասանյանը։
Դժվարացավ ասել՝ երբ կկարողանան ավարտել բնակարանի վերանորոգումը։ Գումարի հարց է։
«Հա, էդ հարյուր հազարը [կառավարությունը] միանվագ տալիս ա։ Հետո՝ վեց ամիս հիսուն հազար տալիս ա, որ վարձ, կոմունալ տանք։ Դե, էդ գումարով, ես ո՞նց կարամ էսքանը ռեմոնտ անեմ։ Անջաղ կոմունալը տամ։ Եթե գործդ էլ չլնի, պարզ ա, որ ոչ մի բան չես կարա ստեղ անես»,- ասում է Բալասանյանը։
15-ամյա Մարատը մտածում է հորն օգնելու մասին։ Ասաց՝ սիրած սպորտաձևով՝ սամբոյով, զբաղվել այլևս չի կարող, քանի որ ընտանիքի համար բարդ է շաբաթը մի քանի անգամ իրեն հասցնել Երևան․ Հրազդանում համապատասխան դպրոց չկա։
Ցանկանում է վարսավիր դառնալ։
«[Ուզում եմ] վարսավիրական սովորել։ Իրեք ամիս։ Հա, [հետո կկարողանամ ստեղ գործ գտնել]»,- նշում է Մարատ Բալասանյանը։
Ընտանիքի հոգսը թեթևացնելու մասին է մտածում նաև Մարատի քույրը՝ Մարիամը։ Լեռնային Ղարաբաղում ուսանող էր՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում։ Համալսարանն այժմ Երևանում է, սակայն խնդիրը միայն ամեն օր մայրաքաղաք հասնելը չէ․ տարեկան ուսման վարձը 240 հազար դրամ է։
«Դեռ պետք ա մի տարի էլ ուսման վարձ տամ, բայց դեռ աշխատանք-բան չունենք ստեղ։ Դրա համար՝ դեռ խնդիր ա էլի։ Եթե մեզ ասեն, որ, օրինակ, ուսումը կլինի անվճար արցախցիների համար, ես մեծ սիրով կշարունակեմ»,- ասում է Մարիամ Բալասանյանը։
Հայաստանի կառավարության տվյալներով, հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղից տեղահանվել ու հաշված օրերի ընթացքում Հայասատան է հասել մոտ 100 600 մարդ։ Նրանց շուրջ մեկ երրորդը հանգրվանել է Երևանում։ Հաջորդը՝ Կոտայքի մարզն է, ուր բնակություն են հաստատել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 22 հազար հայեր, որոնց մեծ մասը Հրազդան քաղաքում են։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը փոխանցեց, որ կառավարության ջանքերով մոտ 50 հազար հոգի ժամանակավոր կացարան են գտել՝ հյուրանոցներում, մեծ ու փոքր հյուրատներում, հիմնականում մարզերում գտնվող տարաբնույթ կեցվայարերում և այլն։ Գաղթածների մյուս մասը նախընտրել է բնակություն հաստատել հարազատների մոտ։
«Այս պահին մենք արդեն իսկ հատկացրել ենք մարզպետարաններին 960 միլիոն դրամ՝ առաջին անհրաժեշտության կարքիները լուծելու համար»,- նշում է Վաչե Տերտերյանը։
Ի հավելումն՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված յուրաքանչյուր անձի կառավարությունը հատկացրել է միանվագ 100 հազար դրամ։ Նաև՝ յուրաքանչյուր ոք կստանա ամսական ևս 50 հազար դրամ՝ բնակվարձի ու կոմունալ վճարների համար։ Այս ծրագրի ժամկետը առնվազն կես տարի է, սակայն, ինչպես վստահեցրեց, Տերտերյանը, միանշանակ է, որ ժամեկտի ավարտից հետո կառավարությունը շարունակելու է իր աջակցության ծրագիրը։
Ինչ վերաբերում է տեղահանվածների տան հարցի լուծմանը, փոխնախարարը տեղեկացրեց՝ ներկայում կառավարությունում քննարկում են մի քանի տարբերակ։
«Սկսած նրանից, որ հիմա մենք ունենք շատ առաջարկություններ բնակարաշինության [վերաբերյալ]։ Մենք ունենք գործիքներ՝ օժանդակության, հիպոթեքային վարկերի։ Շատ ու շատ սխեմաներ կան։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ հիմա շատ ակտիվ էդ հարցերը քննարկվում են»,- ասում է Վաչե Տերտերյանը։
Պարզ մարդիկ նույնպես ձգտում են օգնել։ Սոնա Ղևոնդյանը Տավուշի մարզի Տավուշ գյուղից է, ներկայում ապրում ու աշխատում է Երևանում։ Պատմեց, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված արդեն յոթ ընտանիք են տեղավորել իրենց գյուղում․ տներն անվճար են հատկացվում՝ պայմանով, որ ընտանիքները ապրեն ու արարեն համայնքում։
«Մենք էլ ենք ուզում, որ մեր գյուղում բնակություն հաստատեն այն մարդիկ, ովքեր ավելի շատ երկրի տնտեսության են ուզում նպաստել և զարգացնեն»,- նշում է Սոնա Ղևոնդյանը։
Սոնայի խոսքով, իրենց նախաձեռնության մասին տեղեկությունն աստիճանաբար տարածվում է, և նոր ընտանիքներ են պատրաստվում տեղափոխվել Տավուշ գյուղ և հարակից համայնքներ։