Մատչելի հղումներ

Ջո Բայդենը առանձին բանակցություններ է վարել Բենիամին Նեթանյահուի և Մահմուդ Աբասի հետ


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ, ասված է Իսրայելի և Պաղեստինի ղեկավարների գրասենյակների հայտարարություններում։

Նեթանյահուն Բայդենին ասել է, որ Իսրայելին անհրաժեշտ է «միասնություն և վճռականություն»՝ Գազայի «Համասի» առաջնորդների դեմ ռազմական նպատակներին հասնելու համար, հայտնել են վարչապետի գրասենյակում: Իսրայելի առաջնորդը նաեւ շնորհակալություն է հայտնել ամերիկացի նախագահին աջակցության համար։

Աբբասի խոսնակը հայտնել է, որ Պաղեստինի առաջնորդը Բայդենին ասել է, որ չի ընդունի Գազայի հատվածից պաղեստինցիների տեղահանումը, մինչ Իսրայելը վրեժխնդիր է լինում «Համասից»՝ իր տարածքի վրա հարձակման համար:

Պենտագոնի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել իր իսրայելցի գործընկեր Յոավ Գալանտի հետ՝ «Համասի» ահաբեկչությանն ի պատասխան հետագա խորհրդակցությունների շրջանակում։ Օսթինն ընդգծել է Իսրայելի անվտանգությանը Միացյալ Նահանգների «անսասան հանձնառությունը»։ Զրույցի ընթացքում քննարկվել է նաև պատերազմի օրենքները հարգելու կարևորությունը, ներառյալ քաղաքացիական անձանց պաշտպանության պարտավորությունները, ինչպես նաև Գազայի հատվածում աճող հումանիտար ճգնաժամին անդրադառնալը: Քննարկվել է նաև «Համասի» զինյալների՝ քաղաքացիական անձանց պատանդ պահելու խնդիրը։

Նաև շաբաթ օրը պետքարտուղարությունը պաշտոնապես հաստատեց Իսրայելի վրա «Համասի» զինյալների դաժան հարձակման ժամանակ ԱՄՆ 29 քաղաքացիների մահը։ Ինչպես ասվում է պետքարտուղարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, «այս պահին մենք չենք մեկնաբանում ԱՄՆ քաղաքացիների մահվան հանգամանքները կամ զոհերի ինքնությունը»։

Ավելի վաղ ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զրուցել է Իսրայելում անհետ կորած 14 ամերիկացի քաղաքացիների հարազատների հետ և խոստացել, որ կանի հնարավոր ամեն ինչ այդ մարդկանց տուն բերելու համար։

XS
SM
MD
LG