Մատչելի հղումներ

Բլինքենը կոչ է անում պաշտպանել Գազայի և Իսրայելի խաղաղ բնակչությանը


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռիադում Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ հանդիպման ժամանակ։ 14 հոկտեմբերի, 2023 թ.
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռիադում Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ հանդիպման ժամանակ։ 14 հոկտեմբերի, 2023 թ.

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանի հետ Էր-Ռիադում հանդիպման ժամանակ կոչ է արել պաշտպանել խաղաղ բնակիչներին Գազայի հատվածում և Իսրայելում։

Երկու ղեկավարներն էլ ընդգծել են խաղաղ բնակչությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու կարևորությունը, քանի որ Իսրայելը պատրաստվում է ցամաքային գործողության Գազայի հատվածում:

«Քանի որ Իսրայելն օգտագործում է իր ժողովրդին պաշտպանելու իր օրինական իրավունքը և փորձում է ապահովել, որ դա երբեք չկրկնվի, կենսականորեն կարևոր է, որ մենք բոլորս հոգ տանենք խաղաղ բնակիչների մասին: Մենք միասին աշխատում ենք դա իրականություն դարձնել»,- ասել է Բլինքենը:

Պետքարտուղարի մերձավորարևելյան ինտենսիվ դիվանագիտության նպատակն է կանխել Իսրայելի և «Համասի» միջև հակամարտության ընդլայնումը և խոշոր հումանիտար ճգնաժամը:

«Մեզնից ոչ ոք չի ցանկանում տեսնել, որ խաղաղ բնակիչները տառապում են Իսրայելում կամ Գազայում կամ որևէ այլ վայրում», - ասել է Բլինքենը:

Շաբաթ օրը ամերիկացի պաշտոնյան նշել էր, որ ԱՄՆ-ը չի խնդրել Իսրայելին դանդաղեցնել կամ դադարեցնել տարհանման ծրագիրը: Իսրայելի առաջնորդների հետ բանակցություններում Միացյալ Նահանգները շեշտել է խաղաղ բնակիչների անվտանգությունը հաշվի առնելու կարևորությունը, քանի որ իսրայելական ռազմական պահանջները տարհանման վերաբերյալ ուժեղացել են, ասել է նա:

Պաշտոնյան, անանուն մնալու պայմանով, հայտնել է, որ Իսրայելի ղեկավարներն ի գիտություն են ընդունել այդ կոչը:

Բլինքենի հետ ճանապարհորդող ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Associated Press-ին ասել է, որ Եգիպտոսի, Իսրայելի և Քաթարի միջև սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել, որ շաբաթ օրը հինգ ժամվա ընթացքում պաղեստինցի ամերիկացիները և Գազայի հատվածում գտնվող այլ երկքաղաքացիները կկարողանան հատել սահմանը Եգիպտոսի հետ։ Գազայում ապրում է մոտ 500 ամերիկացի, սակայն պաշտոնյաները շեշտում են, որ այդ թիվը ճշգրիտ չէ:

Պաշտոնյայի խոսքով՝ ներկայումս պարզ չէ՝ արդյո՞ք «Համասը» թույլ կտա օտարերկրացիների ավտոշարասյուններին ազատորեն անցնել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետը։

Ընդգծելով Իսրայելի իրավունքն ու պատասխանատվությունը՝ պաշտպանելու իրեն և իր քաղաքացիներին, Բլինքենը կրկնել է այլ երկրներին և խմբերին ուղղված նախազգուշացումն ընդդեմ միջամտության:

«Կենսականորեն կարևոր է, որ մենք միասին աշխատենք, որպեսզի մեր հնարավորությունների սահմաններում այս հակամարտությունը չտարածվի այլ վայրերում, այլ ճակատներում», - պնդել է Բլինքենը:

Արքայազն Ֆեյսալն ասել է, որ Սաուդյան Արաբիան հավատարիմ է խաղաղ բնակչության պաշտպանությանը:

«Սա մտահոգիչ իրավիճակ է»,- նշել է նա։ -Շատ բարդ իրավիճակ է։ Այստեղ հիմնական զոհերը խաղաղ բնակչությունն է՝ երկու կողմերից, ուստի շատ կարևոր է, որ մենք բոլորս դատապարտենք ցանկացած ձևով և ցանկացած պահի խաղաղ բնակչության վրա հարձակումները ցանկացած կողմից»:

Ֆեյսալը խոսել է նաև բռնությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին։

«Մենք պետք է միասին աշխատենք բռնության այս ցիկլից ելք գտնելու համար», - ընդգծեց նա: «Առանց բռնության մշտական վերադարձը կանխելու միասնական ջանքերի, առաջին հերթին կտուժեն խաղաղ բնակիչները, և երկու կողմերի քաղաքացիական անձինք, ի վերջո, կվճարեն դրա գինը»:

Սաուդյան Արաբիան հրատապ նիստ է հրավիրել Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների, որը միավորում է 57 մահմեդական երկիր։ Շաբաթ օրը ԻԿԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ հանդիպումը «կանդրադառնա Գազայում և նրա շրջակայքում սրվող ռազմական իրավիճակին, ինչպես նաև վատթարացող պայմաններին, որոնք վտանգում են խաղաղ բնակիչների կյանքը և տարածաշրջանի ընդհանուր անվտանգությունն ու կայունությունը»: Հանդիպումը տեղի կունենա չորեքշաբթի օրը Ջիդայում։

Աբու Դաբիում հանդիպումից հետո Բլինքենը նախատեսում է վերադառնալ Սաուդյան Արաբիա և կիրակի օրը մեկնել Եգիպտոս։ Նա արդեն այցելել է Իսրայել, Հորդանան, Քաթար և Բահրեյն՝ ցույց տալու ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին՝ միաժամանակ կրկնելով Գազայում մարդասիրական օգնության պահպանման և քաղաքացիական զոհերի կանխարգելման կարևորությունը, այդ թվում՝ Գազայի ներսում անվտանգ գոտիներ ստեղծելու միջոցով:

XS
SM
MD
LG