Մատչելի հղումներ

Մերձավոր Արևելքը լայնածավալ պատերազմի շեմին է


Իսրայել-Պաղեստին հակամարտություն
Իսրայել-Պաղեստին հակամարտություն

Սիրիան հինգշաբթի մեղադրել է Իսրայելին՝ Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները հրթիռակոծելու մեջ։ Հարվածների մասին տեղեկությունն ի հայտ եկավ աճող մտավախության ֆոնին, թե Իսրայելի ու «Համասի» միջև ռազմական գործողությունները կարող են վերաճել տարածաշրջանային պատերազմի:

«Համասի» հարձակման հետևանքով Իսրայելը մոբիլիզացրել է շուրջ 360 հազար պահեստազորայինների, Գազայի շուրջ կենտրոնացվել են հարյուրավոր տանկեր։ Ցամաքային ներխուժումն անխուսափելի է թվում:

Ինչպես հայտնի է, Իրանը «Համասի» գլխավոր աջակիցն է, և մտավախություն կա, որ իսրայելական հարձակումը կարող է վերածվել տարածաշրջանային հակամարտության:

«Եթե Իսրայելը պատրաստվում է ցամաքային ներխուժում իրականացնել Գազա, կարծում եմ, իրական է մտահոգությունը, որ ռազմական գործողություններին կարող են ներգրավվել այլ խմբավորումներ, որոնք ունեն Իրանի աջակցությունը, կիսում են Իրանի նպատակները և թշնամաբար են տրամադրված Իսրայելի նկատմամբ»,- ասում է վերլուծաբան Բարբարա Սլավինը:

Խոսքը նաև «Հեզբոլլահի» մասին է՝ ռազմական կարողությունների տեր մի խմբավորում, որը գտնվում է Լիբանանում և աջակցում է Իրանին: Նախորդ օրերին իսրայելական ռազմուժը պարբերաբար ռմբահարել է «Հեզբոլլահի» դիրքերը:

Սիրիան հինգշաբթի հայտարարել է, որ իսրայելական ուժերը հրթիռակոծել են Դամասկոսի և Հալեպի օդանավակայանները՝ վնասելով թռիչքուղիները: Իսրայելը չի արձագանքել, սակայն նախկինում բազմիցս է մեղադրել Սիրիային, թե այն օգնում է, որպեսզի իրանական սպառազինությունը հասնի տարածաշրջանում գործող արմատական խմբավորումներին:

«Համասի» հարձակումը հանգեցրեց Իսրայելում ազգային համախմբման կառավարության ձևավորմանը, որի կազմի մեջ մտան նաև ընդդիմության ներկայացուցչները։ Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախկին բանագնաց Դենիս Ռոսի խոսքով, նման քայլը կարող է մի կողմ թողնել ներքաղաքական պայքարն Իսրայելում․ «Չեմ բացառում, որ կարող է լինել լայնածավալ պատերազմ, թեև «Հեզբոլլահը» հույսը դնում էր ներիսրայելական պառակտումների վրա, որն այլևս չի կարող լինել։ Այնպես որ, Իսրայելում նման

կառավարության ձևավորումը նույնպես կարող է նվազեցնել պատերազմելու «Հեզբոլլահի» ցանկությունը: Բացի այդ, Իրանը կարող է շահագրգռված լինել «Հեզբոլլահին» առայժմ հետ պահել պատերազմելուց, քանի որ Թեհրանում կարող է չբացառել Իսրայելի կողմից հարձակման ենթարկվելը»:

Իսրայելը կարող է թիրախավորել Իրանի դաշնակիցներին և արբանյակներին՝ Գազայի սահմաններից դուրս:

«Իհարկե, Իսրայելը միշտ կարող է հարվածներ հասցնել այլ վայրերում: Խոսքը ոչ միայն Լիբանանի մասին է, որը կարող է հանգեցնել երրորդ լիբանանյան պատերազմին։ Հնարավոր է, ավելի ընդարձակ տարբեակ։ Խոսքը Իսրայելի ու Իրանի միջև արդեն իսկ ընթացող անուղղակի պատերազմի մասին է, որը կարող է ընդլայնվել և ներառել կիբեռպատերազմ, ծովային բախումներ և այլն»,- նշում է Ժողովրդավարությունների պաշտպանության ֆեդերացիայի ներկայացուցիչ Բեհնամ Բեն Թալեբլուն:

Վերլուծաբան Լինա Խատիբը քիչ հավանական է համարում, որ Իսրայելը կարող է ուղղակի գրոհել Իրանը․ «Նման դեպքում անհրաժեշտ կլինեն ռեսուրսներ, որոնց կարիքն այսօր Իսրայելն ունի, օրինակ՝ հետախուզության գծով, և դա ցույց տվեց [«Համասի» դեմ] այս պատերազմը»:

Նշվածի ֆոնին՝ ԱՄՆ-ն ավիակիր խումբ է ուղարկել տարածաշրջան, իսկ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է Իրանին՝ «զգույշ լինել»:

Հենրի Ռիդգուել, Լոնդոն

XS
SM
MD
LG