Մատչելի հղումներ

Զելենսկին տեսակապով հանդես կգա ԱՄՆ Սենատի առջև


Ուկրաինայի նախագահ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Զելենսկի

Ուկրաինայի նախագահը սենատորներին դիմելու հրավերը ստացել է Սենատի դեմոկրատական ​​մեծամասնության առաջնորդ Չակ Շումերից։

Երկուշաբթի սենատոր Չակ Շումերը տեղեկացրեց, որ առաջիկայում Կոնգրեսի վերին պալատի առջև տեսակապով հանդես կգա Ուկրաինայի նախագահը։ Սենատում մեծամասնություն կազմող դեմոկրատների առաջնորդի հայտարարությունը հնչեց՝ Բայդենի վարչակազմի հրապարակային մտահոգության ֆոնին, թե այլևս հրատապ անհրաժեշտություն է Կիևին տրամադրել ռազմական և տնտեսական աջակցություն։ Սպիտակ տունը նախազգուշացրել է՝ առանց այդ օգնության Ուկրաինան կարող է անհաջողության մատնվել ռուսական ագրեսիան դիմագրավելու գործում։

Շումերը մանրամասնել է՝ հրավիրել է Զելենսկուն հանդես գալ Սենատում, որպեսզի ամերիկացի օրենսդիրները «նրանից ուղիղ լսեն, թե ինչ վտանգներ գոյություն ունեն»: Սենատորները նաև կունկնդրեն Պենտագոնի, պետքարտուղարության ներկայացուցիչների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների զեկույցներն ազգային անվտանգության հարցերի վերաբերյալ:

Բայդենի վարչակազմը խնդրել է Կոնգրեսից լրացուցիչ մոտ 106 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային, Իսրայելին և այլ կարիքների համար, սակայն ամերիկացի օրենսդիրները դեռ բանակցությունների մեջ են։

Հանրապետականների վերահսկողության ներքո գտնվող Ներկայացուցիչների տանը տակավին թերահավատ են՝ արդյո՞ք նպատակահարմար է Կիևին տրամադրել նման ծավալի աջակցություն։ Անգամ այն հանրապետականները, ովքեր կողմ են Ուկրաինային տրամադրվող օգնությանը, նման աջակցության տրամադրումը կապում են ԱՄՆ հարավային սահմաններն ամրապնդելու հետ, որպեսզի հնարավոր լինի առնվազն նվազեցնել ապօրինի ներգաղթյալների հոսքը Միացյալ Նահանգներ։

«Կոնգրեսը պետք է որոշի՝ արդյո՞ք շարունակելու է աջակցել Ուկրաինայի ազատության համար մղվող պայքարին՝ նախագահ Բայդենի ստեղծած և 50 երկրներից բաղկացած կոալիցիայի շրջանակներում, թե՞ Կոնգրեսն անտեսելու է պատմությունից մեր քաղած դասերը և թույլ կտա Պուտինին հաղթել»,- ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ հույս հայտնելով, որ օրենսդիրները ճիշտ ընտրություն կկատարեն։

ԱՄՆ Կոնգրեսն արդեն 111 միլիարդ դոլար է հատկացրել Ուկրաինային, այդ թվում՝ 67 միլիարդ դոլար ռազմական գնումների, 27 միլիարդ դոլար՝ տնտեսական և քաղաքացիական ու 10 միլիարդ դոլար՝ մարդասիրական օգնության համար:

Օգնության նոր փաթեթը, որը Սպիտակ տունը խնդրում է հաստատել, նախատեսում է հավելյալ 61 միլիարդ դոլարի աջակցություն Ուկրաինային՝ հիմնականում ԱՄՆ-ից զենք գնելու համար, իսկ 14,3 միլիարդ դոլար՝ Իսրայելին, այդ թվում՝ 10,6 միլիարդ դոլար սպառազինության ձեռքբերման նպատակով: Միաժամանակ, մոտ 14 միլիարդ դոլար է հատկացվելու ԱՄՆ սահմանների ամրապնդմանը, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին աջակցությանը և ԱՄՆ ազգային անվտանգությանն առնչվող այլ ուղղություններին։

Երկուշաբթի՝ ավելի վաղ սենատոր Շումերն ընդգծել էր՝ թե՛ Սենատի հանրապետականները և թե՛ դեմոկրատները համաձայնության են եկել Ուկրաինայի, ինչպես նաև Իսրայելի ֆինանսավորման հարցում, սակայն հարցը առկախվել է մի քանի շաբաթով՝ պայմանավորված ԱՄՆ սահմանային անվտանգությանը վերաբերող միջոցառումները վերջնական փաթեթում ներառելու հանրապետականների պահանջով:

XS
SM
MD
LG