«Associated Press»-ին տված բացառիկ հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ «Համաս»-Իսրայել հակամարտությունը կարող է ոչ միայն շեղել միջազգային հանրության ուշադրությունը Ուկրաինայից, այլ Կիևին զրկել` իր համար նախատեսված ռեսուրսներից, որոնց շնորհիվ ուկրաինական բանակը հակազդում է ռուսական ներխուժմանը:
«Ուշադրությունը հավասարազոր է օգնության: Ուշադրության բացակայությունը կնշանակի օգնության բացակայություն»,- ասել է Զելենսկին։ «Մենք պայքարում ենք ուշադրության ամեն մի փոքր դրսևորման համար»:
«Associated Press»-ի վերջին հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների գրեթե կեսի կարծիքով, Ուկրաինային հատկացվող ամերիկյան օգնությունն արդեն իսկ չափազանց շատ է։
Նույն կարծիքին են հանրապետական որոշ օրենսդիրներ։
Ուկրաինայի նախագահն ընդգծել է` հասկանում է, որ ամերիկացիները բախվում են դժվարին ընտրության, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային, սակայն Կիևին չաջակցելու հետևանքները կարող են ծանր լինել` մանրամասնելով, թե առանց Վաշինգտոնի աջակցության` «Ռուսաստանը, հավանաբար, կներխուժի ՆԱՏՕ-ի երկրներ, իսկ հետո ամերիկացի երեխաները ստիպված կլինեն պատերազմել [Ռուսաստանի դեմ]»:
Այս ֆոնին` Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ուրբաթ տեղեկացրել է, որ ռուսաստանյան ռազմա-արդյունաբերական համալիրը ձգտում է հետ չմնալ Ուկրաինայից` անօդաչու, կամ հեռակառավարվող հարվածային միջոցների արտադրության գործում։
Ռուսաստանը վերջերս հայտարարել էր հեռակառավարվող գրոհային նավակների փորձարկման մասին և հույս հայտնել, որ հաջորդ տարի կսկսի դրանց մեծաքանակ արտադրությունը:
Իր հերթին` Ուկրաինան մեղադրել է Ռուսաստանին նախորդ մի քանի ամիսներին գերիների փոխանակման գործընթացը խափանելու մեջ։
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շարունակվող պատերազմի առաջին ամիսներից Կիևն ու Մոսկվան իրականացրել են գերիների բազմաթիվ փոխանակումներ, սակայն այս տարի դրանց հաճախականությունը նվազել է, իսկ օգոստոսից փոխանակումներ չեն եղել:
«Փոխանակումներ չեն կատարվում, քանի որ Ռուսաստանը դա չի ցանկանում», - հինգշաբթի հայտարարել է Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լյուբինեցը։
«Ուկրաինայի բոլոր նախաձեռնությունները, ցանկությունները և գործողությունները՝ կապված են մեր պաշտպաններին գերությունից ազատելու հետ, ինչը Ռուսաստանը դժկամությամբ է ընդունում», - հավելել է Լյուբինեցը «Telegram»-յան ալիքում` շարունակելով, թե Ուկրաինայում պահվող ռուս ռազմագերիները ցանկանում են վերադառնալ տուն, սակայն «ռուսական կողմից ոչ ոք չի ցանկանում նրանց հետ վերցնել»:
Հինգշաբթի երեկոյան Զելենսկին կոչ է արել արագացնել ամրությունների կառուցումը Արևելյան Ուկրաինայի ռազմաճակատային շրջաններում, որոնք գտնվում են ռուսական բանակի ճնշման ներքո:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հինգշաբթի հայտարարել է, որ ԱՄՆ-ն աշխատում Ուկրաինայի հետ՝ նախապատրաստվելու այս ձմռանը սպասվող ռուսական հարձակմանը:
Վաշինգտոնը կանխատեսմամբ, գալիք ցուրտ ամիսներին ռուսական ուժերը փորձելու եկ գրոհել Ուկրաինայի կարևոր էներգետիկ ենթակառուցվածքները, ուստի Միացյալ Նահանգները սարքավորումներ է մատակարարում, որոնք պետք է օգնեն հնարավոր էներգետիկ ճգնաժամի դեպքում։
Հինգշաբթի ռուսական կողմը հրթիռային հարվածներ է հասցրել Դոնեցկի շրջանին: Վիրավորվել է 10 մարդ, այդ թվում՝ չորս երեխա, ևս հինգը մնացել են փլատակների տակ` հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։
Պոկրովսկում, ըստ Կլիմենկոյի, վիրավորվել է վեց ամսական երեխա, ինչպես նաև` 13 և 16 տարեկան տղաներ։
Օգտագործվել են «Associated Press»-ի, «Agence France-Presse»-ի և «Reuters»-ի նյութերը։