Ուկրաինական կողմի ներկայացմամբ, կիրակի ռուսական հրթիռակոծությունից հետո Խերսոնում զոհվել է առնվազն մեկ, վիրավորվել յոթ հոգի։ Օրեր առաջ Դոնեցկի մարզին հասցված ռուսական հրթիռային հարվածի հետևանքով զոհվել էր մեկ հոգի, վիրավորվել էին տասը։
Մոտենում է Ուկրաինա ռուսական ներխուժման երրորդ տարին, և Ուկրաինայի կառավարությունը շարունակում է ճնշումը դաշնակիցների ուղղությամբ՝ ֆինանսական և ռազմա-տեխնիկական աջակցություն ստանալու համար, սակայն ԱՄՆ կողմից ցուցաբերվող օժանդակությունը շուտով կարող է դադարել:
Կոնգրեսը դեռ չի քվեարկել ԱՄՆ տարեկան պետբյուջեի օգտին, և բարձրաստիճան զինվորականների փոխանցմամբ, նման իրավիճակը ուղղակի հարվածում է երկրի անվտանգությունը:
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մասնավորապես, հայտարարել է. «Սա լավագույնն է, որ Կոնգրեսը կարող է անել մեր ազգային պաշտպանությունն ամրապնդելու համար: Գիտեք, նման իրավիճակները բացառված են մեր մրցակիցների մոտ, ուստի սա բացասաբար է անդրադառնում մեր անվտանգության, մրցունակության վրա: [Կոնգրեսին] կոչ եմ անում ընդունել կառավարության առաջարկած հրատապ լրացուցիչ բյուջեի նախագիծը՝ օգնելու ֆինանսավորել ազգային անվտանգությանը վերաբերող կարիքները, կանգնել վտանգի տակ գտնվող մեր գործընկերների կողքին և ներդրումներ կատարել մեր ռազմա-արդյունաբերության մեջ»։
ԱՄՆ տարեկան պետբյուջեի չհաստատելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Ուկրաինայի և Իսրայելի համար նախատեսված ամերիկյան աջակցության համար։
Օրերս իր հարցազրույցներից մեկում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, թե չպետք է թույլ տալ աշխարհին մոռանալ, որ իր երկիրը, նաև Իսրայելը պայքարում են գոյատևման համար։
Այս ամենի ֆոնին՝ կլիմային վերաբերող ՄԱԿ-ի համաժողովին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ընդգծել է՝ ալյանսի անդամ-երկրների հստակ ուղերձն է, որ Կիևին ցուցաբերվող աջակցությունը շարունակվելու է․ «Ուկրաինացիների
համար ողբերգություն կլինի, եթե [Ռուսաստանի] նախագահ [Վլադիմիր] Պուտինը հաղթի։ Բայց դա վտանգավոր կլինի նաև մեզ համար, քանի որ նա և մյուս ավտորիտար առաջնորդները կմտածեն՝ երբ ռազմական ուժ են կիրառում, երբ ներխուժում են այլ երկիր, երբ խախտում են միջազգային իրավունքը, ստանում են իրենց ուզածը»։
Վերադառնանք Ուկրաինա, և այստեղ՝ Զապորոժիեյի մարզում ոստիկանները բնակիչներին են բաժանում Նիդեռլանդների կողմից նվիրաբերված փոքրիկ վառարաններ՝ հինականում տարեցներին, որոնք հրաժարվել է հեռանալ՝ չնայած էլեկտրականության, գազի և խմելու ջրի բացակայությանը։ Այդ մարդկանց համար վառարանները կարող են փրկօղակ լինել՝ ձմռան ամիսներին կերակուր պատրաստելու և տաքանլու համար։