Իսրայելը երկուշաբթի շարունակել է ավիահարվածները Գազայի հատվածում՝ հայտարարելով, թե մտադիր է զրոյին հավասարեցնել «Համասի» վերահսկողությունն այնտեղ: Զուգահեռաբար՝ շարունակվում են տարբեր երկրների դիվանագիտական ջանքերը՝ Գազա մարդասիրական օգնություն հասցնելու ուղղությամբ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկարաձգել է իր տարածաշրջանային այցը՝ շարունակելով բանակցություններն իսրայելցի պաշտոնյաների հետ, որոնց նախորդել էին Մերձավոր Արևելքի այլ երկրների ղեկավարների հետ նրա հանդիպումները։
«Միացյալ Նահանգները և Իսրայելը պայմանավորվել են մշակել մի ծրագիր, որը հնարավորություն կտա Գազայի խաղաղ բնակիչներին և բացառապես նրանց հասցնել դոնոր երկրների ու միջազգային կազմակերպությունների հատկացրած մարդասիրական օգնությունը։ Բացի այդ, այն նախատեսում է հատուկ տարածքների առանձնացում, ինչը կօգնի զերծ պահել խաղաղ բնակչությանը վտանգից: Չափազանց կարևոր է, որպեսզի օգնությունը հասնի Գազա հնարավորինս շուտ»,- ասել է Բլինքենը:
Your browser doesn’t support HTML5
Այս ամենի ֆոնին՝ Չինաստանը հատուկ բանագնաց է գործուղել տարածաշրջան՝ պատրաստակամություն հայտնելով միջնորդի դեր ստանձնել՝ Իսրայելի և «Համասի» միջև ծագած հակամարտության խաղաղ հանգուցալուծման գործում:
Բլինքենը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Այս ամսվա ավարտին սպասվում է վերջինիս այցը Վաշինգտոն։ Իր հերթին՝ Չինաստանի արտգործնախարարը կիրակի զրուցել է իրանցի գործընկերոջ հետ։
Հիշեցնենք, ԱՄՆ-ն զգուշացրել է Մերձավոր Արևելքում գործող դերակատարներին՝ զերծ մնալ իրավիճակն հօգուտ իրենց շահերի օգտագործելուց։ Վաշինգտոնը նաև կոչ է արել Պեկինին՝ օգտագործել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում՝ կանխելու այլ երկիրների կամ խմբավորումների հնարավոր հարձակումներն Իսրայելի ուղղությամբ, կանխել հակամարտությունն ընդլայնելու փորձերը։
Չինաստանն, ինչպես հայտնի է, ջերմ հարաբերություններ ունի Իրանի հետ: Պեկինը լուրջ դերակատրություն է ունեցել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, որի հաջողության մասին հայտնի դարձավ այս մարտին։
«Չինացիները կարողացան այդ անել՝ երկու կողմերի հետ ունեցած [լավ] հարաբերությունների պատճառով: Պեկինն ունի տնտեսական լուրջ շահեր՝ Իրանի հետ նավթային երկարաժամկետ պայմանագիր, և այդ պատճառով Չինաստանի ռազմածովային ուժերը գործում են տարածաշրջանում՝ ապահովելու նավթի և գազի տեղափոխման անվտանգությունը: Փաստորեն, բոլոր առումներով՝ և՛ դիվանագիտական, և՛ տնտեսական, և՛ ռազմական, Չինաստանի դերն աճում է»,- ասում է Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան Դանիել Կուրցերը :
ԱՄՆ որոշ պաշտոնյաներ, սակայն, թերահավատ են, որ Չինաստանն ունակ է միջնորդի դեր ստանձնել տասնամյակների պատմություն ունեցող իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում։ Օրինակ, Չինաստանը դատապարտել է «գործողությունները խաղաղ բնակչության նկատմամբ», բայց խուսափել է նշել «Համասին»:
««Համասը» դեմ է Իսրայելի նետ հակամարտությունը կարգավորել «երկու պետություն» գաղափարի համաձայն։ Խմբավորումը չի ճանաչում Իսրայել պետությունը, ցանկանում է ոչնչացնել Իսրայել պետությունը և սպանել իսրայելցիներին: Մնում է հասկանալ՝ արդյո՞ք Չինաստանը կարող է դառնալ իրական միջնորդ»,- նշում է Չինաստանում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բըրնսը:
Այսօր Պեկինում՝ Չինաստանի նախաձեռնած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակում հյուրընկալել են 130 երկրների պաշտոնյաների։ Ժամանել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Պեկինն, ինչպես հայտնի է, փորձում է միջնորդի դեր ստանձնել նաև ռուս-ուկրաինական պատերազմում։