Միջազգային հանրությունը արձագանքել է Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակմանը. հայտարարություններ են տարածել նաև Բաքուն և Երևանը

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալները հարձակվել են իսրայելական քաղաքների վրա

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալները հարձակվել են իսրայելական քաղաքների վրա, իսկ Իսրայելը ի պատասխան ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին: Երկու կողմից կան հարյուրավոր զոհեր: Միջազգային հանրության արձագանքը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամայել է «լրացուցիչ աջակցություն» տրամադրել Իսրայելին ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հարձակումից հետո։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Սպիտակ տունը։

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան շաբաթ օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների միջև բարձր մակարդակի բանակցություններն արդեն ընթանում են ռազմական օգնության վերաբերյալ:

Կիրակի առավոտյան Բայդենին և փոխնախագահ Քամալա Հարիսին ազգային անվտանգության պաշտոնյաները զեկուցել են Իսրայելում տիրող իրավիճակի մասին:

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում նա վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները կտրամադրի «լրացուցիչ աջակցություն»։

Բայդենը շաբաթ օրը հայտարարություն էր տարածել, որում խոստացել է «հաստատ և անսասան» աջակցություն ցուցաբերել Իսրայելին ՀԱՄԱՍ-ի զինյալների անակնկալ հարձակումներից հետո, որի արդյունքում իսրայելական կողմն ունի մոտ 700 զոհ:

Շաբաթ օրը ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակեց պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությունը, որում շեշտվում է, որ Վաշինգտոնը միանշանակ դատապարտում է «ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների սարսափելի հարձակումները Իսրայելի դեմ, այդ թվում՝ խաղաղ բնակչության և քաղաքացիական համայնքների դեմ»։ Բլինքենը նշում է, որ ահաբեկչությունը երբեք արդարացում չունի։

«Մենք համերաշխ ենք Իսրայելի կառավարության և ժողովրդի հետ և մեր ցավակցությունն ենք հայտնում այս հարձակումների ժամանակ իսրայելցիների մահվան համար։ Մենք կշարունակենք սերտ կապեր պահպանել իսրայելցի մեր գործընկերների հետ։ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին»,- ասված է պետքարտուղարի հայտարարության մեջ:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաքքոլը հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման.

«Ես խստորեն դատապարտում եմ Իրանի կողմից աջակցվող ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների աննախադեպ հարձակումը Իսրայելի վրա։ Ես ցնցված եմ ՀԱՄԱՍ-ի բռնությունների բարբարոսական պատկերներից, որոնք մենք տեսնում ենք, և ՀԱՄԱՍ-ի կողմից անմեղ իսրայելցի քաղաքացիներին պատանդ վերցնելու մասին հաղորդումներից: Միացյալ Նահանգները սգում է Իսրայելի հետ, ինչպես այսօր սգում է իր սպանված քաղաքացիներին: Այս սարսափելի բռնությունը պետք է վերջ դրվի։ Սա է պատճառը, որ ես վճռականորեն աջակցում եմ Իսրայելին տրամադրվող անվտանգությանն ուղղված ԱՄՆ ակտիվ օգնությանը, քանի որ Իսրայելը պետք է միշտ պատրաստ լինի և կարողանա ցանկացած պահի հակահարված տալ: Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու, իսկ ԱՄՆ-ը մեր բարեկամի ու դաշնակցի կողքին է»:

Ամերիկացի հանրապետական և դեմոկրատ սենատորներ Մարշա Բլեքբերնը, Մարկ Ուորները, Թեդ Քրուզը խստորեն դատապարտել են Իսրայելի վրա հարձակումը։ Սենատոր Քրուզը, մասնավորապես, ընդգծել է, որ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման հետևում կանգնած է Թեհրանը, որը տարածաշրջանում հակաիսրայելական ագրեսիվ քաղաքականություն է վարում։

Ավելի վաղ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել էր, որ ուշադիր հետևում է անվտանգության իրադրությանը՝ կապված Գազայից Իսրայելի հարավային և կենտրոնական շրջանների ուղղությամբ հրթիռակոծությունների հետ, ներառյալ Թել Ավիվը և Երուսաղեմը, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի զինյալների ներթափանցումը:

Հաղորդագրության մեջ նշվում էր, որ ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցները թաքնվում են։ Դեսպանատունը նաև հիշեցրել է, որ ամերիկացի աշխատակիցներին դեռևս արգելված է ճանապարհորդել Գազայի հատված և Գազայի հատվածից 11 կմ հեռավորության վրա գտնվող տարածքներ։

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ասել է, որ Վաշինգտոնի հավատարմությունը Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին մնում է անսասան, և նաև ցավակցություն է հայտնել ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին:

«Առաջիկա օրերին [ԱՄՆ] պաշտպանության նախարարությունը կաշխատի ապահովել, որ Իսրայելն ունենա այն, ինչ իրեն անհրաժեշտ է իրեն պաշտպանելու և խաղաղ բնակիչներին անխտիր բռնությունից և ահաբեկչությունից պաշտպանելու համար», - ասել է Պենտագոնի ղեկավարը:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը հայտարարել է, որ Բրյուսելը մտահոգությամբ է հետևում Իսրայելի իրադարձություններին։ «Մենք միանշանակ դատապարտում ենք ՀԱՄԱՍ-ի հարձակումները»,- գրել է Բորելը Twitter-ում: ԵՄ դիվանագետը համերաշխություն է հայտնել Իսրայելին։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ցավակցություն է հայտնել իսրայելցիների մահվան կապակցությամբ։ «Աշխարհում ոչ մի տեղ ահաբեկչին չպետք է հնարավորություն տրվի, քանի որ ահաբեկչությունը միշտ հանցագործություն է ոչ միայն մեկ երկրի կամ նրա կոնկրետ զոհերի, այլ մարդկության՝ որպես այդպիսին, և մեր ողջ աշխարհի դեմ»,- գրել է Զելենսկին իր տելեգրամյան էջում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ ՌԴ ԱԳՆ-ը զինված հակամարտության կողմերին զսպվածության կոչ են արել։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։

Իր հերթին Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ը կոչ է արել անհապաղ դադարեցնել սրացումն իսրայելցիների և պաղեստինցիների միջև: Երկիրն ուշադիր հետևում է աննախադեպ իրավիճակի զարգացմանը, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդականը շաբաթ օրը շնորհավորել է պաղեստինցի զինյալներին, հաղորդում է ISNA կիսապաշտոնական լրատվական կայքը: «Մենք կաջակցենք պաղեստինցի մարտիկներին մինչև Պաղեստինի և Երուսաղեմի ազատագրումը», - իրանական լրատվամիջոցներում տարածված Յահյա Ռահիմ Սաֆավիի խոսքերն է մեջբերում Reuters-ը:

Քուվեյթը «լուրջ մտահոգություն» է հայտնել Իսրայելի և պաղեստինցիների միջև լարվածության աճի կապակցությամբ՝ մեղադրելով Իսրայելին, իր որակմամբ «բացահայտ հարձակումների» մեջ, նշում է Reuters-ը։

Հայաստանի արտգործնախարարությունը ևս արձագանքել է Մերձավոր Արևելքում իրադրության կտրուկ սրմանը: X սոցիալական հարթակի միջոցով տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Մենք ցնցված ենք պաղեստինցիների և Իսրայելի միջև բռնություններից և խաղաղ բնակչության թիրախավորումից։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին: Մենք միանում ենք բռնությունը դադարեցնելու միջազգային կոչերին»:

Իր հերթին Ադրբեջանի արտգործնախարարությունը ևս հանդես է եկել հայտարարությամբ: ԲԱքվի արտաքին գերատեսչության X հարթակի էջում ասված է.

«Մենք դատապարտում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունները։ Ցավակցություն ենք հայտնում բազմաթիվ խաղաղ բնակիչների ողբերգական զոհերի համար ինչպես Իսրայելում, այնպես էլ Գազայի հատվածում։ Մենք կոչ ենք անում շտապ դեէսկալացնել իրավիճակը»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ի վաղ առավոտյան Իսրայելը հարձակման է ենթարկվել Գազայի հատվածից, որի հետևանքով Իսրայելում զոհվածների թիվը հասել է 700-ի, հաղորդում է AFP-ն: Հայտնի է ավելի քան հարյուր իսրայելցիների գերևարման մասին: Կան հազարավոր վիրավորներ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ՀԱՄԱՍ խմբավորումը։