Մատչելի հղումներ

Իսրայելի նոր վարչակազմի առաջին փորձարկումը


Իսրայելցի աջ-թեւային հազարավոր ազգայնականներ Արեւելյալ Երուսաղեմի միջով երեքշաբթի օրը երթով շարժվեցին դեպի Հին քաղաքի դարպասը, առաջ բերելով լարվածություն պաղեստինցիների հետ, ինչը առաջին մարտահրավերն է երկրի նոր կառավարության համար:

Հիշեցնենք, որ Երուսաղեմի այս հատվածում անցյալ ամիս սկսված հակամարտությունը վերածվեց միջսահմանային հրետակոծությունների Իսրայելի ու Գազայում իշխող Համաս զինյալ խմբավորման միջեւ: Այն շարունակվեց տասնմեկ օր:

Իսրայելի ոստիկանությունը երեքշաբթի օրը շրջափակել էր դեպի Հին քաղաք տանող տարածքները, որպեսզի մինչեւ ցուցարարների ժամանելը, պաղեստինցիները հեռանային այնտեղից:

Հրեա ցուցարարները երթի ժամանակ պարում էին ու երգում ազգայնական երգեր, կրելով կապույտ-սպիտակ գույնի դրոշներ: Նրանք հավաքվեցին Դամասկոսի դարպաս անվանումը կրող հատվածում, որը սովորաբար հանդիսանում է պաղեստինցիների համար հանդիպման վայր:

Իսրայելն արեւելյան Երուսաղեմը գրավել է 1967 թվականի պատերազմի ժամանակ ու ավելի ուշ` այն բռնակցել իրեն: Չնայած այս քայլը չի ճանաչվում միջազգային համայնքի կողմից, Իսրայելը շարունակում է ամբողջ քաղաքը համարել իր մայրաքաղաք:

Պաղեստինցիները արեւելյալ Երուսաղեմը համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաք, երկիր, որն իր մեջ է ընդգրկելու նաեւ Հորդանան գետի արեւմտյան ափը եւ Գազայի գոտին:

Հրեաների կողմից անցկացված երթն ու ցույցը զայրացրել են Համասին, որը հայտարարել է, թե կարող են սկսվել թշնամական նոր գործողություններ: Փորձագետները սա համարում են նոր վարչապետ Նաֆթալի Բենեթի վարչակազմի փորձարկում: Այն կազմված է աջթեւային, կենտրոնամետ, ձախթեւային եւ արաբական կուսակցություններից: Այս իրադարձությունները կարող են ստիպել Իսրայելին արագացնել հակա-հրթիռային Պողպատե գմբեթ անվանումը կրող համակարգի տեղակայումը:

Իսրայելի բանակը չորեքշաբթի օրը սկսեց օդային գրոհների շարք ընդդեմ Գազայի գոտու այն բանից հետո, երբ այստեղից Համասի ուժերը դեպի Իսրայել արձակեցին պայթուցիկներ:

XS
SM
MD
LG