Մատչելի հղումներ

Իսրայելը ծրագրում է ընդլայնել իր գործողությունները Գազայում


Երեքշաբթի Գազայից հարյուրավոր հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ: Պաղեստինյան «Իսլամական Ջիհադ» խմբավորումը սպառնացել էր պատասխանել իսրայելական գործողությանը, որի պատճառով Գազայում սպանվեցին առնվազն 20 պաղեստինցիներ, այդ թվում՝ խմբավորման երեք բարձրաստիճան անդամներ։

Ըստ Իսրայելի ռազմական գերատեսչության, չորեքշաբթի Գազայից առնվազն 400 հրթիռ և ականանետային արկեր են արձակել Իսրայելի կենտրոնական և հարավային շրջանների ուղղությամբ, սակայն դրանցից մոտ 150-ը ընկել են կա՛մ Գազայի հատվածում, կա՛մ ծովը: Իսրայելական կողմի հաղորդմամբ, մնացած հրթիռներն ու արկերը խոցվել են Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից:

Հրթիռակոծության հետևանքով Թել Ավիվում հարյուր հազարավոր իսրայելցիներ ստիպված են եղան պատսպարվել ապաստարաններում, կարճ ժամանակով դադարեցվել է օդանավակայանի աշխատանքը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թել Ավիվը պատրաստ է ընդլայնել իր ձեռնարկած ռազմական գործողությունները:

Պայթյունավտանգ վիճակ Գազայում. հրթիռակոծությունները շարունակվում են
please wait

No media source currently available

0:00 0:02:10 0:00

«Մենք ճակատամարտ ենք տալիս և պատրաստ ենք ցանկացած սցենարի: Խոսքս ուղղված է մեր թշնամիներին՝ հեռո՛ւ մեզնից»,- հայտարարել է Նեթանյահուն:

Բախումները սկսվեցին երեքշաբթի վաղ առավոտյան, երբ Իսրայելի հրթիռակոծման հետևանքով զոհվեցին «Իսլամական ջիհադի» երեք բարձրաստիճան անդամներ, ինչպես նաև նրանց կանայք և մի քանի երեխաներ: Ըստ անվտանգության գծով իսրայելցի պաշտոնյաների, երեք զինյալները պատասխանատու էին ահաբեկչական հարձակումների համար, որոնց հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ:

Ռազմական ղեկավարության պնդմամբ, իսրայելական գործողությունները զգալի վնաս են հասցնում «Իսլամական ջիհադ» խմբավորմանը և ի ցույց դնում Իսրայելի հետախուզության հնարավորությունները:

«Նրանք հասկանում են, որ մենք շատ լավ ենք տեղեկացված, թե ինչ ու որտեղ են անում, կոնկրետ ում հետ են խոսում և ինչի մասին։ Այդ երկուսը շատ կարևոր տարրեր են, որոնք փոխում են իրավիճակը տեղում»,- նշել է իսրայելական բանակի գնդապետ Իթամար Յաարը:

Նրա խոսքով, վերջին բախումները ավելի լայնածավալ հակամարտության մասն են, որը դեռևս հեռու է ավարտվելուց:

«Այս պայքարը շատ երկար է, որը ներառում է մարդկանց ամբողջ աշխարհում: Որովհետև մենք ունենք թշնամիներ, որոնք փորձում են ազդել այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում այստեղ և փորձում են խրախուսել ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսիք «Իսլամական ջիհադն» է,- պնդել է գնդապետ Յաարը:

Այժմ գլխավոր հարցերից է, թե արդյոք ռազմական բախմանը կմիանա իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը, որը շատ ավելի մեծ է, քան «Իսլամական ջիհադը» և վերահսկում է Գազան: Մամուլի հրապարակումների համաձայն, Եգիպտոսն արդեն նախաձեռնել է բանակցություններ՝ հրադադարի վերականգնման շուրջ։

XS
SM
MD
LG