Մատչելի հղումներ

Իսրայելի նախագահն ունի մտավախություն, որ այստեղ սկսվում է քաղաքացիական պատերազմ


Ուրբաթ օրը շարունակվում էին փոխադարձ հրթիռակոծումներն Իսրայելում ու պաղեստինյան տարածքներում: Իսրայելի զինված ուժերը թիրախի տակ էին առել պաղեստինցի զինյալների այն թունելները, որոնք վերջիններս կիրառում են ընդդեմ իսրայելյան քաղաքների հրթիռներ արձակելու համար: Մինչեւ արեւածագն իրականացված այս գրոհի արդյունքում տասներեք պաղեստինցի է սպանվել, որոնց թվում են մի կին ու նրա երեք երեխաները:

Իսրայելն այս գրոհների համար կիրառել է 160 ռազմաօդանավ, ինչպես նաեւ հրասայլեր ու հրետանի: Գործողությունն իրականացրել են Գազայի գոտու սահմանին:

Իրենց հերթին պաղեստինցներն են շարունակում Իսրայելի քաղաքների դեմ իրականացվող հրթիռակոծումները:

Եգիպտոսն այս պահին ղեկավարում է հրադադար հաստատելու միջազգային ջանքերը, սակայն կողմերը դեռեւս հեռու են բանակցելուց:

Հիշեցնենք, որ փոխադարձ ռազմական գործողությունները սկսվեցին երկուշաբթի օրը, երբ Գազան կառավարող Համաս խմբավորումը հրթիռներ արձակեց ընդդեմ Երուսաղեմի ու Թել Ավիվի, որպես պատասխան Ալ-Աքսայի մզկիթի մոտ պաղեստինցիների դեմ Իսրայելի ոստիկանության կողմից իրականացված գործողությունների ու սկսված բախումների: Հիշեցնենք, որ Ալ Աքսան Երուսաղեմում մահմեդականների երրորդ ամենակարեւոր սրբավայրն է:

Գազայի գոտում երկուշաբթի օրվանից ի վեր ավելի քան 122 մարդ է զոհվել, որոնց թվում են 31 երեխաներ ու 20 կանայք: Իսրայելն ունի ութ զոհ, որոնցից վեցը քաղաքացիներ են: Զոհվածներից երկուսը երեխաներ են:

ՄԱԿ-ից ստացված հաղորդագրությունների համաձայն, Գազայի գոտում լիովին կամ մասնակի փլուզվել է մոտ 200 տուն ու շինություն:

Թշնամական այս գործողությունները սրել են լարվածությունը նաեւ Իսրայելի ներսում, որտեղ բնակչության 21 տոկոսն արաբներ են: Անցած գիշերվա ընթացքում հրեաների ու արաբների միջեւ խառը համայնքներում գրանցվել են բախումներ:

Երկրի նախագահը զգուշացնում է, որ այստեղ կարող է սկսվել քաղաքացիական պատերազմ:

XS
SM
MD
LG