Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է առաջ քաշվել ԱՄՆ Կոնգրեսում 

Նյու Ջերսի նահանգից կոնգրեսական Քրիս Սմիթ

Նյու Ջերսի նահանգից կոնգրեսական Քրիս Սմիթը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում նախօրեին շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը կանխելու մասին» օրինագիծը: Նրան են միացել նաև կոնգրեսականներ Բրեդ Շերմանը, Գաս Բիլիրակիսը, Ֆրենչ Հիլը և Ջիմ Կոստան։

Օրինագծի համահեղինակներն առաջարկում են պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի շրջափակման մեջ, ինչպես նաև կազմակերպել են հարցակում ընդդեմ ԼՂ-ի: Նրանք առաջարկում են չչեղարկել 907 բանաձևը՝ սահմանափակելով ԱՄՆ ուղիղ ռազմական օգնությունն Ադրբեջանին։

Բացի այդ, նախագծի հեղինակները ամերիկյան կառավարությանն առաջարկում են «օտարերկրյա ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին»։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր օրինագիծ նախքան օրենք դառնալն անցնում է հստակ ու երկար ընթացակարգ: Այն պետք է հաստատում ստանա համապատասխան ենթահանձնաժողովներում ու հանձնաժողովներում, այնուհետև դրվի Ներկայացուցիչների պալատի քվերակությանը: Օրենքի ընդունման ընթացակարգի հաջորդ փուլը ԱՄՆ Սենատն է, քանի որ ԱՄՆ Կոնգրեսը բաղկացած է երկու պալատից՝ Ներկայացուցիչների պալատ և Սենատ: Այդ նույն ընթացակարգը Սենատում անցնելուց հետո օրինագիծը դրվում է ամբողջ Սենատի քվերակությանը և ստանալով սենատորների հավանությունը՝ նոր միայն դրվում է ԱՄՆ նախագահի սեղանին՝ ստորագրության և օրենքի ուժ ստանալու համար: