Բայդենը վերստին դատապարտել է Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության խախտումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նյու Յորքում ՄԱԿ-ի 78-րդ Գլխավոր ասամբլեայի ժամանակ

Երեքշաբթի ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Բայդենը դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ այն անվանելով ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական դրույթների խախտում, որոնք արգելում են այլ պետությունների տարածքներին ուժով տիրանալը:

«Ռուսաստանը կարծում է, թե աշխարհը կհոգնի և թույլ կտա դաժանություններ իրականացնել Ուկրաինայում՝ առանց հետևանքների: Սակայն հարց եմ տալիս ձեզ՝ եթե անտեսենք ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքներից՝ զսպելու ագրեսորին, կարո՞ղ է [ՄԱԿ-ի] անդամ որևէ երկիր վստահ լինել, որ պաշտպանված է: Եթե թույլ տանք, որ Ուկրաինան ոչնչացվի, արդյոք ապահովվա՞ծ է որևէ պետության անկախությունը: Պատասխանն է՝ ո՛չ։ Պետք է հենց այսօր դիմակայենք այս ագրեսիան՝ ապագայում այլ հնարավոր ագրեսորներին կանգնեցնելու համար»,- ընդգծել է Բայդենը։

«Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգները՝ ողջ աշխարհում մեր դաշնակիցների և գործընկերների հետ կշարունակի լինել Ուկրաինայի խիզախ ժողովրդի կողքին, քանի որ նրանք պաշտպանում են իրենց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու ազատությունը»,- հավելել է Բայդենը։

Նախատեսվում է, որ առնվազն 145 երկրներից ղեկավարներ ներկա են գտնվելու այս շաբաթ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա համաժողովին: Ուշագրավ է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից միայն ԱՄՆ-ն է ներկայացված երկրի ղեկավարի մակարդակով․ Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը, Չինաստանը և Ռուսաստանը առաջին դեմքերի փոխարեն գործուղել են բարձրաստիճան պաշտոնյաների: