ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացվելիք չորրորդ մեղադրանքին ընդառաջ՝ անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել Ջորջիա նահանգում:
Սպասվում է, որ Ֆուլթոնի շրջանային դատախազ Ֆանի Ուիլիսն այս շաբաթ դատարանին կներկայացնի գործը։ Մեղադրող կողմը պետք է ապացուցի՝ արդյո՞ք Թրամփը ճնշում է գործադրել պետական պաշտոնյաների նկատմամբ՝ փոխելու 2020 թվականի նախագահական ընտրությունների նահանգային արդյունքները։
Ջորջիայում սկիզբ առնող դատաքննությունը Թրամփն անվանել է «վհուկների որս»։
Հնարավոր է դատարանի առջև որպես վկա կանգնի նահագանի պետքարտուղար Գաբրիել Սթերլինգը, ով մասնակցել է 2020 թվականի նախագահական ընտրությունների Ջորջիայում իրականացված վերահաշվարկին։
«Երեք անգամ հաշվել ենք քվեաթերթիկները։ Նա կորցրել էր իշխանությունը, բայց շարունակում էր հակառակը պնդել։ Նման քայլը լարվածություն ու քաոս էր ստեղծում»,-ասել է Սթերլինգը։
Պաշտոնյան չի բացառում, որ Թրամփի հրապարակային խիստ քննադատությունը դատախազ Ուիլիսի հասցեին կարող է ի վերջո հանգեցնել բռնությունների:
Եթե նախկին նախագահին մեղադրանք առաջադրվի նաև Ջորջիայում, ընտրողները պետք է ուշադիր լինեն 2024 թվականին ԱՄՆ նախագահ դառնալու Թրամփի հայտի առնչությամբ՝ ասել է Միացյալ Նահագների նախագահի հանրապետական մեկ այլ թեկնածու Քրիս Քրիստին «ABC»-ի եթերում:
«Հանրապետական ընտրողները պետք է իրենց հարց տան` իրո՞ք նա այն մարդն է, որը մեղադրվում է չորս տարբեր գործերով»,- ասել է նա։
Նախագահ Ջո Բայդենը ևս հետաքննության ներքո է՝ պետական փաստաթղթերի հետ ոչ պատշաճ գործ ունենալու համար:
Մյուս կողմից, անցած շաբաթ նշանակվեց հատուկ դատախազ՝ հետաքննելու նախագահի որդուն՝ Հանթեր Բայդենին առնչվող մեղադրանքները՝ նրա արտասահմանյան բիզնես- գործարքների մասով։
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջեյմի Ռասկինը «ABC»-ի եթերում ասել է. «Կարծես բոլորին պարզ է, որ այս տղան թմրամոլ է եղել և շատ անօրինական ու սխալ բաներ է արել: Բայց մենք ասում ենք՝ թող արդարադատության համակարգն իր գործն անի»։
Դատախազների խոսքով, Հանթեր Բայդենին առնչվող գործը կարող է նոր զարգացում ապրել, այն բանից հետո երբ հարկերից խուսափելու և ապօրինի զենք պահելու մեղադրանքներով Բայդեն-կրտսերին մեղավոր ճանաչելու՝ մեղադրող կողմի հետ գործարքը ձախողվեց։