Մատչելի հղումներ

Իսրայելի հետ ԱՄՆ հարաբերությունները «անխախտ են». Բայդեն 


Նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը երկրորդ անգամ հյուրընկալել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին՝ քննարկելով մի շարք հարցեր, ներառյալ` Իրանի հետ Ռուսաստանի ընդլայնվող հարաբերությունները: Նաև անդրադարձ է եղել հարևանների հետ Իսրայելի դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանը: 

Ինչպես նշեցինք, սա նախագահ Հերցոգի երկրորդ այցն է Վաշինգտոն` այն էլ մեկ տարվա ընթացքում: Մինչդեռ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առայժմ չի եղել Սպիտակ տանը:

Նախագահները վերահաստատեցին` երկու երկրների հարաբերություններն «անխզելի են», ինչպես ասել էր Բայդենը:

«Իսրայելի նկատմամբ Ամերիկայի հանձնառությունը ամուր է: Այն երկաթյա է: Պարտավոր ենք վստահ լինել, որ Իրանը երբեք միջուկային զենք ձեռք չի բերի»,- հայտարարել է նախագահ Ջո Բայդենը:

Իսրայելի հետ ԱՄՆ հարաբերությունները «անխախտ են». Բայդեն
please wait

No media source currently available

0:00 0:02:22 0:00

Հերցոգն անդրադարձել է Բայդենի մտահոգություններին` կապված Իսրայելի դատական համակարգը հիմնանորոգելու Նեթանյահուի ծրագրի հետ, որը զանգվածային բողոքի ալիք է առաջացրել երկրում:

«Թեժ բանավեճ է ընթանում, բայց նաև հարգանք կա իսրայելական ժողովրդավարության նկատմամբ: Թույլ տվեք կրկնել՝ իսրայելական ժողովրդավարությունը առողջ է, ուժեղ ու դիմացկուն»,- հայտարարել է նախագահ Իսահակ Հերցոգը:

«Համերաշխ ենք ցուցարարների հետ, և այն հույս է Իսրայելի համար, որ երկիրը կշարունակի զարգանալ որպես ժողովրդավարություն: Շատ խնդիրներ կան՝ կանանց իրավունքներից մինչև LGBTQIA-ների, այլ կրոնական խմբերի համար իրավահավասարություն, որոնք ձգտում են իրենց իրավունքները պաշտպանել Իսրայելում»,- ասել է Հուդայականության կրոնական գործողությունների կենտրոնի անդամ Ռաբբի Ջոնա Պեսները:

Ավելի պահպանողական հրեական խմբերը համաձայն չեն այս մոտեցման հետ, իսկ ԱՄՆ-ում որոշ հանրապետականներ պահանջում են Բայդենի վարչակազմից զերծ մնալ Իսրայելի ներքին գործերին խառնվելուց։

Ֆլորիդայի հանրապետական նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը, ով հավակնում է երկրին նախագահի պաշտոնին, հայտարարել է. «Բայդենի այս վարչակազմը, կարծում եմ, խայտառակ է եղել։ Այն, թե ինչպես են նրանք վարվում վարչապետ Նեթանյահուի նման ուժեղ դաշնակցի հետ, խայտառակություն է: Տարբեր բաներ են տեղի ունենում Իսրայելում, ինչպես օրինակ այս դատական բարեփոխումը: Բայդենը պետք է հեռու մնա և թույլ տա, որ Իսրայելն ինքն իրեն կառավարի»:

Սպիտակ տունն այս շաբաթ հայտնել է, որ Բայդենն ու Նեթանյահուն կհանդիպեն առաջիկա ամիսներին, սակայն չի նշվում, թե երբ և որտեղ:

Սպիտակ տան կայացած հանդիպումից հետո, նախագահ Հերցոգը ելույթ է ունեցել Կոնգրեսի համատեղ նիստում:

XS
SM
MD
LG