ԱՄՆ նախագահի որդին, ամենայն հավանականությամբ, կկանգնի դատարանի առաջ: Հատուկ դատախազ Վայսի հետաքննությունը շարունակվում է։
Նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի փաստաբանները կիրակի ուշ երեկոյան հայտարարել են, որ դատախազները հրաժարվել են «նախապես համաձայնեցված գործարքից՝ [Բայդեն-կրտսերի կողմից] մեղավորության ճանաչման մասին»։
Հատուկ դատախազ Դեյվիդ Վայսն ուրբաթ հայտարարել էր, որ կողմերի միջև բանակցությունները փակուղում են և Հանթեր Բայդենը կարող է կանգնել դատարանի առջև:
Հուլիսին Հանթեր Բայդենին առաջարկած գործարքը՝ հարկերից խուսափելու և հրազեն ապօրինի կրելու մասին ձախողվեց, քանզի դատավորը լրացուցիչ ժամանակ էր պահանջել՝ գործարքն ուսումնասիրելու և հաստատելու համար:
Ի վերջո, կողմերը պայմանավորվեցին, որ գործարքի շրջանակներում Բայդեն-կրտսերը անձեռնմխելիություն կստանա միայն հարկային իրավախախտումներին և թմրամիջոցների ու հրազենի հետ կապված հանցագործություններին վերաբերող մեղադրանքերի մասով:
Կիրակի դատավոր Մարիելեն Նորեյկեյին ուղղված հայտարարությունում Հանթեր Բայդենի փաստաբանները նշել էին, որ նախագահի որդին երկու համաձայնագիր է ստորագրել դատախազության հետ և պատրաստ է պատասխանատվություն կրել իր գործած սխալների համար:
«Թեև պատասխանող կողմի փաստաբանները տակավին պատրաստ են պատասխանել հուլիսի 26-ի նիստում Ձեր բարձրացրած հարցերին, բայց հաշվի առնելով Արդարադատության նախարարության որոշումը՝ հրաժարվել նախկինում համաձայնեցված գործարքից, գտնում ենք, որ այդ հարցերն այլևս տեղին չեն»,- ասված է փաստաբանների հայտարարությունում։
Գործը ստացել է քաղաքական շարունակություն, քանզի Կոնգրեսի հանրապետական անդամները բարձրացրել են Բայդենին իմփիչմենթի ենթարկելու հարցը՝ նրա որդու բիզնես-գործարքների պատճառով և մեղադրել են Արդարադատության նախարարությանը՝ Հանթերի փաստաբանների հետ «շահավետ գործարքի» գնալու համար:
Գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդը հերքել է հանրապետականների մեղադրանքը, թե իրավապահները Բայդեն-կրտսերի նկատմամբ մեղմ են: Գարլանդը ուրբաթ բարձրացրել է Հանթեր Բայդենի գործը 2019 թվականից քննող Դելավեր նահանգի դատախազ Դեյվիդ Վայսի կարգավիճակը՝ նրան դարձնելով հատուկ դատախազ և ընդլայնելով լիազորությունները։ Այդ պաշտոնին Վայսին նշանակել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։