Չորեքշաբթի նշանակված դատական նիստը, որի ընթացքում նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, պետք է իրեն մեղավոր ճանաչեր հարկերից խուսափելու համար, սպասված ավարտը չի ունեցել։ Ուիլմինգթոնի դաշնային դատարանի դատավորը կասկածի տակ է առել Հանթերի փաստաբանների ու դատախազների միջև ձեռք բերված գործարքի պայմանները, և, ի վերջո, նախագահի որդին հրաժարվել է ընդունել իր մեղքը։
Հանթեր Բայդենը ներկայացել էր Դելավերի դատարան` իրեն մեղավոր ճանաչելու 2017-2018 թվականներին ավելի քան 100 հազար դոլարի հարկային պարտավորություններ չկատարելու համար. այդ տարիներին նա վաստակել է ավելի քան 1,5 միլիոն դոլար:
Մեկ այլ մեղադրանքի համաձայն, նա ընդունել է ապօրինի զենք-զինամթերք պահելու փաստը, քանզի այդ ժամանակ թմրանյութերից կախվածություն է ունեցել։ Դատախազների հետ գործարքը, հավանաբար, թույլ կտար Բայդեն-կրտսերին խուսափել բանտարկությունից:
Ինչևէ, դատավոր Մարիելեն Նորեյկան հրաժարվել է հաստատել գործարքը։
Նա կասկածի տակ է դրել Հանթեր Բայդենի փաստաբանների և դատախազների միջև կայացած համաձայնության որոշ դրույթներ, հատկապես, հետագա հետապնդումներից լիակատար անձեռնմխելիություն ստանալու կետը։
Հանրապետականների պմդմամբ, Բայդեն-կրտսերը հանցակազմ պարունակող գործունեությամբ է զբաղվել ԱՄՆ-ից դուրս, և որ այն առնչություն է ունեցել նաև Ջո Բայդենին, քանզի եկամուտ է բերել նրա ընտանիքին՝ նախքան 2020 թվականին ԱՄՆ նախագահ ընտրվելը:
Դատավարության ընդմիջմանը փաստաբանները դատարանի դահլիճում քննարկել են իրավիճակը մեղադրող կողմի հետ և, ըստ երևույթին, վերանայել գործարքի պայմանները: Թարմացված տարբերակում Հանթեր Բայդենը պետք է իրեն մեղավոր ճանաչեր 2014-ից 2019 թվականներին հարկերից խուսափելու համար, ինչպես նաև կոկաինի օգտագործման և ապօրինի զենք պահելու հատկանիշներով՝ պարզաբանելով, որ գործարքը չի երաշխավորում իր անձեռնմխելիությունը որևէ այլ` հնարավոր քրեական հետապնդումից։
Այնուամենայնիվ, գործարքը չկայացավ, քանզի Հանթեր Բայդենը իրեն մեղավոր չճանաչեց հարկային իրավախախտումների համար։
Դատավորը հայտարարեց դատավարությունը դադարեցնելու մասին՝ նշելով, որ դեռ կարող է հաստատել Հանթեր Բայդենի փաստաբանների և դատախազների միջև համաձայնությունը, երբ հստակեցվեն համաձայնության տեքստի որոշ հարցեր:
Անցած ամիս էր, որ հայտարարվեց Բայդեն-կրտսերի փաստաբանների և դաշնային դատախազի միջև ձեռք բերված նախնական համաձայնության մասին, ըստ որի նախագահի որդին պետք է իրեն մեղավոր ճանաչեր 2017-2018 թվականներին հարկերից խուսափելու համար: Սակայն, ամեն դեպքում, դատավորը պետք է հաստատեր համաձայնությունը։
Շատ դեպքերում ԱՄՆ դատարանները համաձայնում են նմանօրինակ գործարքների, որոնք նախապես բանակցվում են փաստաբանների և դատախազների միջև: Այնուամենայնիվ, գործարքները միշտ չէ, որ հաջողում են, և դատավորներն իրավասու են վերանայել գործարքների պայմանները ու կայացնել սեփական որոշումը:
Գործարքի սկզբնական տարբերակը բանակցել է դատախազ Դեյվիդ Վայսը` Դելավերում: Վայսն առաջադրվել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, ով, ինչպես հայտնի է, 2024 թվականի նախագահական ընտրություններում հանրապետականների առաջատար թեկնածուն է:
Հանրապետական կոնգրեսականներն երեքշաբթի դատավորին (ով, ի դեպ, նույնպես նշանակվել է Թրամփի կողմից) փոխանցեցին մի հայտարարություն, ուր ներկայացված են դաշնային` Ներքին եկամուտների ծառայության (Internal Revenue Service) երկու իրազեկիչների ցուցմունքները Կոնգրեսում։ Այդ մարդկանց պմդմամբ, ԱՄՆ Ներքին եկամուտների ծառայությունը և Արդարադատության նախարարությունը «մեղմ վերաբերմունք» են ցուցաբերել նախագահի որդու դեմ ներկայացված մեղադրանքների հարցում։
Հանթեր Բայդենը չի թաքցնում, որ ոչ վաղ անցյալում խնդիրներ է ունեցել կոկաինի օգտագործման հետ։
Առանց ապացույցներ ներկայացնելու` հանրապետականները նաև մեղադրում են նախագահի որդուն Ուկրաինայում և Չինաստանում մի շարք «մութ» գործարքների մեջ ներգրավված լինելու մեջ, որոնք Բայդեն-կրտսերին հնարավորություն են տվել միլիոնավոր դոլարների կանխիկ գումար ստանալ 2017-2020 թվականներին, երբ Ջո Բայդենը հեռու էր ակտիվ քաղաքականությունից:
Նախագահ Բայդենը սովորաբար չի արձագանքում հանրապետականների կողմից իրեն ուղղված մեղադրանքներին վերաբերող լրագրողների հարցերին։
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի` Ներկայացուցիչների տան հանրապետական մեծամասնությունը կարող է պաշտոնազրկության` իմփիչմենթի գործընթաց սկսել նախագահ Ջո Բայդենի դեմ՝ նրա ու նրա որդու ենթադրյալ ֆինանսական շահերին վերաբերող մեղադրանքների պատճառով։
Ինչպես նշեցինք, Հանթեր Բայդենի դեմ առանձին մեղադրանք է ներկայացվել թմրանյութ օգտագործելու ժամանակ հրազեն պահելու համար։ Բայդեն-կրտսերն, ի դեպ, հրապարակավ խոսել է ալկոհոլիզմին և կոկաինի օգտագործմանը վերջ տալու իր ջանքերի մասին։ Նա համաձայնել է մասնակցել նմանատիպ հանցագործությունների կանխարգելման հատուկ ծրագրին, ինչը նրան թույլ կտա ապագայում հրազեն գնել, եթե կատարի գործարքի բոլոր պայմանները։