Մատչելի հղումներ

Թրամփի խոսքով՝ 2020 թվականի ընտրախախտումների հետ կապված հետաքննությունը թիրախավորել է իրեն


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահին կասկածում են ենթակաների վրա ճնշում գործադրելու մեջ։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, թե նամակ է ստացել ԱՄՆ արդարադատության նախարարության հատուկ քննիչ Ջեք Սմիթից, ըստ որի Թրամփը Մեծ ժյուրիի հետաքննության ներքո է՝ կապված 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքում իր պարտությունը չեղարկելու փորձերի հետ:

Փաստորեն, գալիք՝ 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության հիմնական թեկնածուն կարող է առերեսվել դաշնային քրեական մեղադրանքի՝ 2020 թվականի ընտրությունների արդյունքում Ջո Բայդենի հաղթանակից հետո, իշխանությունը պահելու փորձերի համար:

Պաշտոնյաների վկայությամբ, իր նախագահության վերջին ամիսներին Թրամփը ճնշում է գործադրել իրենց վրա՝ պնդելով, թե տեղ են գտել համատարած ընտրակեղծիքներ:

Թրամփին կասկածում են ենթակաների վրա ճնշում գործադրելու մեջ
please wait

No media source currently available

0:00 0:01:58 0:00

Հայտնի է, Թրամփի կողմնակիցները 2021 թվականի հունվարի 6-ին հարձակվեցին ԱՄՆ Կապիտոլիումի՝ Կոնգրեսի շենքի վրա՝ փորձելով թույլ չտալ օրենսդիրներին հաստատել նախագահական ընտրություններում Բայդենի հաղթանակը։

Թրամփն իր «Truth Social» սոցցանցում գրել է, թե Սմիթը նամակ է ուղարկել իրեն՝ տեղեկացնելով, որ նախկին նախագահը հունվարի 6-ի գործը քննող Մեծ ժյուրիի հետաքննության ներքո է:

«Reuters»-ին չի հաջողվել կապ հաստատել Թրամփի փաստաբանների հետ: Սմիթի գրասենյակի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություն տալ:

Միչիգանի գլխավոր դատախազ Դանա Նեսելը երեքշաբթի հայտարարեց Թրամփի 16 կողմնակիցների դեմ քրեական մեղադրանքներ առաջադրելու մասին, ովքեր, ըստ մեղադրանքի, կեղծ ընտրացուցակներ են ներկայացրել՝ փորձելով չեղարկել այդ նահանգում 2020 թվականի ընտրություններում Թրամփի կրած պարտությունը։ Ջորջիա նահանգի դատախազը նմանատիպ փորձի հետաքննություն է սկսել իր նահանգում։

Առայժմ, այս իրավական խնդիրները խոչընդոտ չեն, որպեսզի Թրամփը ձգտի հաղթանակ տանել ներկուսակցական ընտրություններում և առաջադրվել որպես հանրապետականների թեկնածու 2024 թվականի նախագահական ընտրություններում։

Նախորդ ամիսների սոցհարցումների համաձայն, նա առաջ է անցել Հանրապետական կուսակցության մյուս թեկնածուներից։ Հանրապետական այլ թեկնածուները հիմնականում իրենց աջակցությունն են հայտնել Թրամփին՝ քրեական գործերի առնչությամբ:

XS
SM
MD
LG