Մատչելի հղումներ

Դատական առաջին նիստին ընդառաջ՝ Թրամփը չի ընդունում իրեն ներկայացրած մեղադրանքները


Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է երեքշաբթի ներկայանալ դատարան՝ ազգային անվտանգությանն առնչվող գաղտնի փաստաթղթերն անօրինական պահելու գործով:

Դատական նիստը երեքշաբթի 15։00-ին է: Այն տեղի կունենա անվտանգության խիստ պայմաններում՝ Մայամիի կենտրոնում գտնվող դաշնային դատարանի դահլիճում:

ԱՄՆ դաշնային իշխանությունները ուժեղացրել են դատարանի շենքի շուրջ անվտանգության ապահովումը, իսկ Մայամիի քաղաքային իշխանությունների վստահեցնում են՝ պատրաստ են պահպանել օրինականությունը անգամ 50 հազարանոց բողոքի ակցիայի պարագայում:

«Մեր քաղաքում հավատում ենք Սահմանադրությանը և գտնում ենք, որ մարդիկ պետք է իրենց կարծիքն արտահայտելու իրավունք ունենան»,- երկուշաբթի կայացած ասուլիսում հայտարարել է Մայամիի քաղաքապետ Ֆրենսիս Սուարեսը՝ հավելելով․ «Բայց մենք նաև հավատում ենք օրենքին և կարգուկանոնին, և գիտենք ու հույս ունենք, որ վաղն ամեն ինչ խաղաղ կընթանա»:

Երեքշաբթի առավոտյան՝ Թրամփի դատարան ներկայանալուց առաջ բռնությունների մասին հաղորդումներ չեն ստացվել:

Թրամփի ներկայացված մեղադրանքները քրեական օրենսգրքի 37 հոդվածների շրջանակում են, այդ թվում՝ ազգային անվտանգությանն առնչվող գաղտնի փաստաթղթերի «դիտավորությամբ պահպանում», որը խախտում է լրտեսության մասին օրենքը: Յուրաքանչյուր կետ ենթադրում է առավելագույնը տաս տարվա ազատազրկում:

Մեղադրական եզրակացության մեջ որպես հանցակից նշված է Թրամփի օգնական Ուոլթ Նաուտանը, ում մեղադրանք է առաջադրվել վեց կետով:

Թրամփն ԱՄՆ առաջին նախկին նախագահն է, որին մեղադրանք է առաջադրվել դաշնային մակարդակում։ Երկու ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, որ նրա դեմ մեղադրանք է ներկայացվում։

Ապրիլին՝ Մանհեթենի երդվյալ ատենակալների դատարանը նրան մեղադրանք էր առաջադրել 34 հոդվածների հիման վրա, ըստ որի՝ նա կեղծել է հաշվապահական գրառումները՝ 2016 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ կինոաստղերից մեկին վճարած գումարը կոծկելու համար:

Երեքշաբթի կայանալիք նիստում դատավորը Թրամփին կներկայացնի իր իրավունքները և կընթերցի նրա դեմ առաջ քաշված մեղադրանքները։

Թրամփը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Հաշվի առնելով Թրամփի գործի աննախադեպ բնույթը՝ նախնական դատական նիստը հետաձգվեց հինգ օրով:

Գործը հանձնարարվել է դատավոր Էյլին Քենոնին, ով, ի դեպ, նշանակվել է Թրամփի կողմից: Այս գործի շրջանակում դատավորի մի շարք վճիռներ արդեն իսկ քննադատության են ենթարկվել ավելի բարձր դատական ատյանների կողմից:

Քենոնը կարճ ժամանակով արգելել էր դաշնային քննիչներին ուսումնասիրել անցած տարվա օգոստոսին Թրամփի «Մար-ա-Լագո» հանգստավայրից առգրավված փաստաթղթերը և նշանակել հատուկ մասնագետի՝ դրանք վերանայելու համար: Սակայն ավելի ուշ վերաքննիչ դատարանը չեղարկեց այդ որոշումը՝ նշելով, որ Քենոնը իրավասու չէ նման որոշումներ կայացնել:

Թրամփի դեմ մեղադրանքներ ներկայացվեցին հետաքննության արդյունքում, երբ, ըստ հաղորդագրությունների, նախկին նախագահը մերժել էր Ազգային արխիվի բազմակի դիմումները՝ փաստաթղթերը վերադարձնելու մասին, որոնք նա իր հետ էր տարել Սպիտակ տնից և պահում էր «Մար-ա-Լագոյում»:

Թրամփի դեմ դաշնային մակարդակով ներկայացված մեղադրանքը բաղկացած է 31 կետից՝ երկրի պաշտպանության մասին գաղտնի տեղեկատվությունը «դիտավորյալ պահպանելու» համար:

Այդ փաստաթղթերից 21-ը՝ անցած տարվա օգոստոսին Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից «Մար-ա-Լագոյի» խուզարկության ժամանակ հայտնաբերած ավելի քան 100 փաստաթղթերի մեջ էին:

Մեղադրական եզրակացության մեջ ասված է, որ փաստաթղթերը տեղեկություններ են պարունակում ԱՄՆ միջուկային ծրագրերի, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ուղղությամբ հնարավոր հարձակումների և պատասխանի ծրագրերի մասին: Մեղադրանքի համաձայն, նման տեղեկատվության բացահայտումը կարող է վտանգել ԱՄՆ ազգային անվտանգությունը:

Թրամփի դեմ առաջադրված մյուս վեց մեղադրանքները վերաբերում են արդարադատությանը խոչընդոտելուն, արդարադատությանը խոչընդոտելու համար դավադրություն կազմակերպելուն և կեղծ հայտարարություններ կատարելուն:

Թրամփը պնդում է, որ հրահանգել է գաղտնազերծել բոլոր փաստաթղթերը, որոնք նա իր հետ տարել է Սպիտակ տնից։

Սակայն մեղադրական եզրակացության մեջ ասված է, որ Թրամփը քաջատեղյակ է ազգային անվտանգության վերաբերող գաղտնի տեղեկատվության հետ վարվելու օրենքներից և դիտավորյալ անտեսել է դրանք:

Քրեական գործում ներկայացված դրվագներից մեկի համաձայն, 2021 թվականի հուլիսին Նյու Ջերսիի իր գոլֆի ակումբում Թրամփը, իբր, ցույց է տվել «հարձակման ծրագրի» մասին փաստաթուղթը չարտոնված չորս մարդկանց՝ ասելով, որ դրանք չափազանց գաղտնի են և որ նա այլևս չի կարող գաղտնազերծել դրանք։

Մեկ այլ դրվագ՝ 2021 թվականի սեպտեմբերին Թրամփը գաղտնի քարտեզ է ցույց տվել իր քաղաքական հանձնաժողովի ներկայացուցչին՝ ասելով, որ «այն չպետք է ցույց տա [նրան] և որ [նա] չպետք է շատ մոտ գա»։

Մեղադրանքը ներկայացնելուց հետո Թրամփն ազատ կարձակվի։ Թե երբ կսկսվի դատավարությունը, անորոշ է։ Որոշ փորձագետներ ենթադրում են, որ մինչ դատաքննության փուլը, կարող են ամիսներ անցնել, և նույնիսկ այն կարող է մեկնարկել 2024 թվականի ընտրություններից հետո:

Չնայած ավելացող իրավական խնդիրներին, Թրամփն, այնուամենայնիվ, կարող է պայքարել նախագահական աթոռի համար։ Նա խոստացել է շարունակել քարոզարշավը, նույնիսկ եթե իրեն մեղավոր ճանաչեն:

«Ես երբեք չեմ հեռանա»,- ասել է Թրամփը շաբաթ օրը «Politico»-ին տված հարցազրույցում։

Ըստ լուրերի, նախկին նախագահը պատրաստվում է մեկնել Նյու Ջերսի՝ դատական նիստից հետո, ուր՝ իր գոլֆի ակումբում պատրաստվում է հյուրընկալել իր քարոզարշավի համար նախատեսված առաջին դրամահավաքի մասնակիցներին:

XS
SM
MD
LG