Մատչելի հղումներ

ԱՄՆ նախկին նախագահ Թրամփին կրկին մեղադրանք է առաջադրվել 


ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դաշնային խորհուրդը մեղադրանք է առաջադրել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին՝ Սպիտակ տնից հեռանալուց հետո պետական գաղտնի փաստաթղթեր պահելու համար:

Արդարադատության նախարարությունը ծանուցել է Թրամփի փաստաբաններին մեղադրանքքի մասին․ նախկին նախագահն այդ մասին տեսաուղերձ է հրապարակել սոցցանցերում։

«Շատ ցավալի է։ Նրանք գնում են ժողովրդական նախագահի հետևից։ Նախագահ, ով ավելի շատ ձայներ է հավաքել, քան կենդանի որևէ նախագահ։ Սա շարունակվում է յոթ տարի։ Նրանք չեն կարող կանգ առնել: Ես անմեղ եմ»,-հայտարարել է Թրամփը։

Թրամփի փաստաբան Ջեյմս Թրասթին «CNN»-ին փոխանցել է, որ մեղադրանքները վերաբերում են երկրի պաշտպանությանն առնչվող գաղտնի տեղեկատվության կանխամտածված պահպանմանը, կեղծ հայտարարություններին և դավադրությանը:

Սպասվում է, որ նախկին նախագահը կներկայանա Մայամիի դաշնային դատարան: Ըստ «AP» գործակալության, Թրամփի դեմ մեղադրանքը ներառում է յոթ կետ:

Այսպիսով, Թրամփն ԱՄՆ առաջին նախկին նախագահն է, ում մեղադրանք է առաջադրվել դաշնային դատարանում։

Անցած տարվա օգոստոսին տեղի ունեցած խուզարկության արդյունքում նրա մոտ հայտնաբերվեց ավելի քան հարյուր գաղտնի փաստաթուղթ: Թրամփի պնդմամբ, փաստաթղթերի հետ կապված որևէ խախտում թույլ չի տրվել:

Յոթ կետից բաղկացած մեղադրական եզրակացությունը, որը չի հրապարակվել, Թրամփին մեղադրում է նաև դաշնային օրենքները խախտելու մեջ, որոնք արգելում են «ազգային պաշտպանության տեղեկատվության» չարտոնված պահպանումը, ինչը ենթադրում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Մեղադրական եզրակացությունը, թեև լուրջ հարված է Թրամփին, սակայն չի արգելում նրան երկրորդ անգամ ընտրվել։

Նախկին դաշնային դատախազ Ջոն Մալքոլմըի ներկայացմամբ, չկան օրենքներ, որոնք կխանգարեն Դոնալդ Թրամփին առաջադրվել, անգամ եթե նա դատապարտվի։

«Եղել են մարդիկ, ովքեր իրենց թեկնածությունն են առաջադրել բանտախցերից»,- ասում է Մալքոլմը։

Ներկայացուցիչների տան նախկին անդամ Ջիմ Թրաֆիկանտը, ով դատապարտվել էր կոռուպցիոն մեղադրանքներով և ազատազրկման մեջ էր, 2002 թվականին առաջադրվեց Կոնգրեսում աթոռ զբաղեցնելու համար:

Արդարադատության նախարարությունը հետաքննում էր Թրամփին անցած տարվա սկզբից, երբ Ազգային արխիվը ծանուցել էր իրավապահներին, որ նախկին նախագահը Ֆլորիդայի իր ամառանոցում թաքցրել է հարյուրների հասնող պետական կարևոր փաստաթղթեր և խոչընդոտել է դրանք վերադարձնելու կառավարության ջանքերը:

Ավելի ուշ Թրամփը վերադարձրեց մի քանի տասնյակ փաստաթղթեր, սակայն կասկածում էին, որ ավելին ունի։

Ընդհանուր առմամբ, դատախազները Թրամփից առգրավել են ավելի քան 300 գաղտնի պետական փաստաթղթեր:

Կառավարությունը գաղտնի է պահել փաստաթղթերի բովանդակությունը, սակայն դատական փաստաթղթերում դատախազները գրել են, որ դրանց ոչ պատշաճ կիրառումը կարող է վտանգել ԱՄՆ ազգային անվտանգությունը:

Արդարադատության նախարարության նախկին պաշտոնյա, «Kroll» խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Ջորդան Շտրաուսը Թրամփի մեղադրանքն անվանել է «պատմության մեջ ուշագրավ պահ և ամենակարևոր գործը, որը դատարանը երբևէ հարուցել է»:

Նախկին փոխնախագահ Մայք Փենսը նույնպես քննության տակ էր՝ գաղտնի փաստաթղթերի պահպանման գործով, սակայն Արդարադատության նախարարությունն անցած շաբաթ նրան տեղեկացրել է, որ փակել է գործը, և մեղադրանք չի առաջադրվի:

XS
SM
MD
LG