Մատչելի հղումներ

ԱՄՆ իրավապահները գաղտնազերծել են Թրամփի քրեական գործին առնչվող որոշ փաստաթղթեր


Չորեքշաբթի Արդարադատության նախարարությունը հրապարակել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի` Ֆլորիդայում գտնվող գույքը խուզարկելու թույլտվության հայտի որոշ հատվածներ, որոնք նախկինում գաղտնի էին: Ինչպես հայտնի է, խուզարկության նպատակը գաղտնի փաստաթղթերն էին, որոնք Թրամփը վերցրել էր իր հետ` պաշտոնավարումից հետո։

Փաստաթղթի առանցքային հատվածներն արդեն հրապարակվել էին, սակայն լրատվամիջոցները, այդ թվում՝ «Associated Press»-ը, ճնշում էին գործադրում, որպեսզի հրապարակվեն նոր նյութեր` հաշվի առնելով, որ անցած ամիս Դոնալդ Թրամփին և նրա օգնական Ուոլթ Նաուտային 38 կետերով մեղադրանք ներկայացվեց` Մարալագոյում գաղտնի փաստաթղթեր թաքցնելու համար։

Դատավոր Բրյուս Ռեյնհարթը, հրաժարվեց կարգադրել Արդարադատության նախարարությանը ամբողջությամբ հրապարակել փաստաթուղթը, սակայն դատախազներից պահանջեց հրապարակավ ներկայացնել սակավ խմբագրված տարբերակը։

Նոր լույս տեսած հատվածները պարունակում են մինչ խուզարկությունը դատախազների ժողոված կարևոր ապացույցներ այն մասին, թե Թրամփի օգնականն ինչպես է տասնյակ արկղեր տեղափոխում` Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) և Արդարադատության նախարարության ներկայացուցիչների խուզարկությունից օրեր առաջ։

2022 թվականի հունիսի 3-ին` իրավապահների այցի ընթացքում նրանց տրվեց 38 գաղտնի փաստաթղթերից բաղկացած ծրար և ասվեց, որ ծանուցագրի միջոցով փնտրվող բոլոր նյութերը փոխանցվում են։ Բայց քննիչները հիմքեր ունեին ենթադրելու, որ ասվածը ճիշտ չէ, քանզի տեսանյութում երևում է արկղերի տեղափոխումը:

Թե ինչպես է Նաուտան տեղափոխում արկղերը, մանրամասն նկարագրված էր անցած ամսվա մեղադրական եզրակացության մեջ։ Սակայն այդ հատվածի ներառումը խուզարկությունը թույլատրելու որոշման մեջ` օգնում է հասկանալ, թե ինչու էր Արդարադատության նախարարությունը համոզված, որ 2022 թվականի օգոստոսի 8-ին Թրամփի տունը խուզարկելու պատճառներ կան, և ինչու էին քննիչները մտահոգ։

Գործողությունների ժամկետները, ինչպես նաև ՀԴԲ-ի հարցաքննությունը, «որի ընթացքում կարևոր էին արկղերի գտնվելու վայրի մասին հարցերը», համահունչ են մեղադրական եզրակացության մեջ առկա տվյալներին:

Նաուտան հինգշաբթի կկանգնի Մայամիի դաշնային դատարանի առջև: Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել ավելի քան երեք տասնյակ հանցագործությունների առնչությամբ, որոնցից շատերը վերաբերում են երկրի պաշտպանության մասին տեղեկատվության անօրինական պահպանմանը:

XS
SM
MD
LG